«Թուքիայի նշանակումն ու մեր նշանակումը՝ սարեր-ձորերի տարբերություն է». թուրքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը

– Պարո՛ն Իսպիրյան, հայտնի են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործով երկու երկրների հատուկ բանագնացների անունները։ Թուրքիայի կողմից հատուկ բանագնաց է նշանակվել ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Հայաստանի կողմից՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Ինչպե՞ս եք գնահատում այս նշանակումները։

– Պարզ էր, որ այս գործընթացը պետք է շարունակվեր, ու այն, ինչ տեղի է ունենում, բնական գործընթաց է։ Բայց Թուրքիայի պարագայում գործընթացի առաջ գնալը հարաբերական է, քանի որ Թուրքիան ամեն րոպե կարող է հետ կանգնել։

Թուրքիայի հատուկ բանագնացի ընտրությունը շատ հետաքրքիր է․ Թուրքիայի այս ընտրությունը պետք է ազդակ լիներ Հայաստանի իշխանությանը, թե ինչ ուղեգիծ է ընտրել Թուրքիան Հայաստանի հետ շփումներում։ Թուրքիան բանագնաց է նշանակել առնվազն 30 տարվա դիվանագիտական փորձ ունեցող, Թուրքիայի համար առանցքային երկրներում դեսպան աշխատած, բավականին փորձառու, Թուրքիայի ազգային շահը բավականին լավ գիտակցող անձնավորության ու, ամենակարևորը՝ վերջին 7 տարում նա եղել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը։ Իսկ Թուրքիան ԱՄՆ-ում այդ ժամանակ դեսպան նշանակել էր հատուկ Սերդար Քըլըչին, որպեսզի վերջինս այնտեղ կանխի Թուրքիայի դեմ ինչ-ինչ բանաձևեր ու նաև Հայոց ցեղասպանությանը ուղղված նախագահների հնարավոր հայտարարությունները, ու նրան ինչ-որ չափով երկար ժամանակ դա հաջողվեց։

Ավելին՝ այդ անձը Հայոց ցեղասպանության պրոֆեսիոնալ հերքող է, մասնագիտացված է այդ հարցում, ԱՄՆ-ում կազմակերպել է հակահայկական ցույցեր։ Մեկին, որը պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, որը հակահայկական միջոցառումներ է կազմակերպել, ֆինանսավորել ու կազմակերպել է թուրքամետ լոբբիստների աշխատանքն ընդդեմ հայերի ու տարբեր ձևերով համակարգել է հակահայկական նախաձեռնություններ, հիմա դառնում է հայկական կողմի հետ բանակցող, իսկ մենք դրան ի պատասխան բանագնաց ենք նշանակում ՔՊ-ի կարկառուն ներկայացուցչին, սակայն իր դիվանագիտական փորձով աչքի չընկնող Ռուբեն Ռուբինյանին։ Ավելին չեմ կարող ասել․ Թուքիայի նշանակումն ու մեր նշանակումը՝ սարեր-ձորերի տարբերություն է։

– Մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ ֆանտաստիկ եք համարում, թե Թուրքիան Հայաստանի հետ կբանակցի առանց նախապայմանների, բայց իշխանական պատգամավորներն ասում են, թե այս գործընթացի հիմքում չկան նախապայմաններ։ Թուրքական կողմում և՞ս նշվում է, որ հարաբերությունների կարգավորումը մեկնարկում է առանց նախապայմանների։

– Հայաստանի նախկին իշխանությունները զիջումների հարցում մի քիչ կոշտ էին, զիջումների չէին գնում, այս իշխանությունները, կարծես, ավելի ճկուն են, ինչ-որ բաներ են փորձում անել, ավելի լավատես են, վարդագույն ակնոցով են նայում շփումներին, ինչը մի քիչ տարօրինակ է։

Թուրքիայում չկա նման խոսակցություն, ավելին՝ Թուրքիայի արտգործնախարարը «հետաքրքիր» հայտարարություն է արել այսօր, որ իրենց նպատակն է կյանքի կոչել Զանգեզուրի նախագիծը։

– Շարունակո՞ւմ եք պնդել, որ Թուրքիան առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման չի գնա, պարո՛ն Իսպիրյան։

– Թուրքիան չի անի որևէ քայլ՝ առանց ինչ-որ բան ստանալու։ Միայն այն, որ շարունակաբար պնդում են, որ այս գործընթացն իրենք անում են Ադրբեջանի հետ համատեղ, արդեն նախապայման է։

– Իսկ թուրքական այդ նախաձեռնությունը, որ Ադրբեջանը ևս մասնակից է լինելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպե՞ս եք գնահատում։

– Բացասական, բնականաբար, դա վատ է ու այն փաստացի նախապայման է Հայաստանի հետ հարաբերություններում։

– Պարո՛ն Իսպիրյան, ի՞նչ օրակարգի շուրջ են քննարկումներ իրականացնելու երկրների հատուկ բանագնացները՝ ձեր կարծիքով։

– Չեմ կարող պատասխանել, քանի որ որևէ բան մենք չգիտենք, ամեն բան արվում է հանրությունից գաղտնի։ Օրակարգի մասին լավագույնս կարող է խոսել իշխանությունը։ Բայց, կարծում եմ, որ քննարկման առարկան լինելու է այսպես կոչված միջանցքը։

– Թուրքիայի կողմից այդքան շահարկվող Զանգեզուրի միջա՞նցքը։

– Այո՛, կարող է այդ անվանումը չլինել, լինել, ասենք՝ տրանսպորտային հանգույցների ապաշրջափակում։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի դիմագրավել դրան։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am