ԱՄՆ-ը հանձնառու է շարունակել երկկողմ գործընկերությունը. Պոմպեոն շնորհավորել է ՀՀ անկախության տոնը

Հեղինակ MediaLab

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պոմպեոյի շնորհավորական ուղերձում ասված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին` անկախության օրվա առթիվ` ի հիշատակ Խորհրդային Միությունից անկախության հռչակման: Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել կառուցել մեր երկկողմ գործընկերությունը, քանի որ մենք ամրապնդում ենք մեր ժողովուրդների կապերը ` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և խաղաղության, բարգավաճման վրա»:

Պոմպեոն շեշտել է՝ Միացյալ Նահանգները ողջունում է օրենքի գերակայության ամրապնդման, անկախ դատական համակարգի ստեղծման և տնտեսական, ներդրումային հնարավորությունների մեծացման հարցում Հայաստանի շարունակական հանձնառությունը: ԱՄՆ-ն ողջունում է նաև կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի շարունակական ջանքերը՝ թափանցիկության, պատշաճ ընթացակարգերի և քաղաքացիների առջև պատասխանատվության բարձրացման միջոցով, և կշարունակի աջակցել Հայաստանին այս ջանքերում:

«Մենք նաև հավատարիմ ենք մնում  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն օգնելու հարցում և կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Չնայած COVID-19- ը այս տարի եզակի մարտահրավերներ է բերել աշխարհին, մենք հպարտ ենք, որ համավարակի  դեմ պայքարում մեր սերտ համագործակցությունը էլ ավելի է ամրապնդել մեր ժողովուրդների համագործակցությունը»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարն ու հավելել՝ հայ ժողովրդին մաղթում է խաղաղության, ազատության և բարեկեցության տարի: