Հակառակորդի կորուստները շատ ավելի շատ են. ՀՀ վարչապետ

Բոլոր անհրաժեշտ հրամաններն ու հրահանգները տրված են: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ մի բան հստակ լինի: Բոլոր անհրաժեշտ հրամաններն ու հրահանգները տրված են: Խնդրում եմ սրանում որևէ վայրկյան չկասկածեք: Մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ խորը նախապատրաստված հարձակման հետ: Դա մի գործողությամբ հարձակում չէ, դրա հակազդումը ևս մեկ գործողությամբ կոմբինացիա չէ: Մենք ունենք զոհեր, հակառակորդն ունի ավելի շատ զոհեր, մենք ունենք տեխնիկայի կորուստներ, հակառակորդն ունի շատ ավելի շատ: Սա զարգացող իրավիճակ է, մենք պետք է պինդ կանգնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ վախենալու իրավունք չունենք:

ՀՀ վարչապետը կարևորեց, որ այս ընթացքի մեջ Հայաստանի խորհրդարանը միակամ է: Նա ողջունում է արտախորհրդարանական քաղաքական ուժերի արտահայտած կամքը ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Հայոց բանակի: Նա ողջունում է Սփյուռքի բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր մեզ հետ հավասար նույն ինտենսիվությամբ աշխատում են այս խնդրի լուծման վրա:

«Մեզ հաղթել հնարավոր չէ: Կեցցե հաղթանակը, որ մենք միմյանց հետ, ուս ուսի, խելք խելքի կերտելու ենք»,-հավելեց ՀՀ վարչապետ: