Տարեդարձի «կենացները» քաղցրանում են. «Թյուրիմացությունը» բացահայտեց հովանավորներին

Տարեդարձի «կենացները» քաղցրանում են. «Թյուրիմացությունը» բացահայտեց հովանավորներին
Տարեդարձի «կենացները» քաղցրանում են. «Թյուրիմացությունը» բացահայտեց հովանավորներին

Ի պատասխան քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի պարզաբանումների, ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը կրկին հաղորդագրություն է տարածել: 

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել էր Տարոն Մարգարյանին` բացատրություն պահանջելով, թե արդյոք հունվարի 29-ին ինչ «բարոյական ու մարդկային արժեքներից ելնելով» է քաղաքապետը տարեդարձի շնորհավորական ուղերձ հղել պետական միջոցները խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող թ.27 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանին, ում մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել հունվարի 26-ին:

«Դուք անգնահատելի եք համարել նրա աշխատանքն ու ներդրումը պետականության կայացման ու պահպանման կարևորագույն գործում այն դեպքում, երբ այդ տնօրենը դատապարտվել է պետական միջոցները խոշոր չափերով յուրացնելու հոդվածով,-նամակում նշել էր Անահիտ Բախշյանը,- Ձեր շնորհավորանքով ակնհայտ եք դարձնում հովանավորչության աստիճանը, որը շարունակում է վայելել դատապարտյալ նախկին տնօրենը, և սրանով Դուք այսուհետ Ձեզ զրկում եք ի պաշտոնե պետականության ամրապնդման և նրա շահերի մասին խոսելու իրավունքից»:

Ի պատասխան Բախշյանի նամակի, Արթուր Գևորգյանը «Մեդիալաբին» տված պարզաբանումներում, նշել էր, որ տեղի ունեցածը զուտ «անփութության հետեւանք» է եղել:

«Սա ընդամենն անփութության հետեւանք է. անձնակազմի կառավարման բաժինը, որը ներկայացնում է քաղաքապետին, թե ում ծննդյան օրն է և ստորագրման է ներկայացվում, որ տվյալ աշխատակցին շնորհավորենք, ներկայացրել է հին տվյալներ՝ դպրոցների տնօրենների հին կազմը,  նաև այդ անունը, որը և ստոարգրվել է, ինչպես մնացած բոլորը,-«Մեդիալաբին» ասում է Գեւորգյանը,- աշխատակազմի քարտուղարի կողից անձնակազմի կառավարման բաժնի տվյալ աշխատակիցը խիստ զգուշացում է ստացել,   որպեսզի նման դեպքերը բացառվեն»,-նշել էր նա:

«Բարեւ Երեւանի» այսօրվա հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի 

կանոնադրության 10-րդ կետում գրված է. «Բաժնի ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է բաժնի պետը և դրա համար կրում է պատասխանատվություն»:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն  իր տարածած հաղորդագրության մեջ   «տվյալ բաժնի աշխատակցի անփութության պատճառով է  տեղ գտել այս թյուրիմացությունը»     արտահայտությունը գրելիս ո՞ւմ է նկատի ունեցել, եթե ոչ՝ հենց Լուսինե Սարգսյանին, ում պատասխանատվության ենթարկելու փոխարեն բավարարվել են խիստ զգուշացմա՞մբ,  ով չէր կարող չիմանալ, որ իր քրոջ լիազորությունները նրա դեմ հարուցված քրեական  գործի պատճառով ժամանակավորապես դադարեցված են 2013 թվականի օգոստոսի 29-ից , իսկ սույն թվականի հունվարի 26-ից նրան դատապարտող դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, սակայն մինչ օրս դեռևս չկա Սուսաննա Սարգսյանին պաշտոնից  ազատելու մասին Երևանի քաղաքապետի հրամանը, որը  նույնպես Լուսինե Սարգսյանի «շնորհքն» է:

Այսինքն՝ տնօրենների ցուցակում դեռևս նրա անունն է այն դեպքում, երբ 5 ամիս   է, որ դպրոցն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատա՞ր:  Չմոռանամ նաև գրել,   որ քաղաքապետը ծաղկեփունջ  է ուղարկել նախկին դատապարտված  տնօրենին, ինչպես ինքն է հայտարարել դպրոցում, որպեսզի ընդգծի՝ քաղաքապետն իր հովանավորն է:

Հիշեցնեմ թե՛ քաղաքապետին, թե՛ աշխատակազմի ղեկավարին, որ ընդամենը երկու ամիս առաջ 2011 թվականից մինչ օրս դպրոցների ազատված տնօրենների վերաբերյալ  այդ նույն պետի տրամադրած տեղեկատվությունն ինչպիսի  անհեթեթ  փաստաթուղթ էր, որի բովանդակության մասին հրապարակեցի հոդված: Հիմա էլ՝  ցանկացած քաղաքապետի  վարկաբեկող  «թյուրիմացություն» որակված այս պատմությունը:

Այս տգեղ պատմության մեջ ամենամեծ մեղավորը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն է, ում վստահում է քաղաքապետը և ով պարտավոր է քաղաքապետի ստորագրությանը ներկայացնել հավաստի փաստաթղթեր, այնինչ,   համագործակցելով  վերոնշյալ բաժնի պետի հետ,  ստորագրման է ներկայացրել   կեղծ  փաստաթուղթն ու  ոչ մի նկատողությո՞ւն: Հովանավորչությունն էլ ինչպե՞ս  է լինում, եթե նույնիսկ քաղաքապետարանի գործունեության հետ կապված անձանց ծննդյան օրը  շնորհավորելու ողջունելի ավանդույթն   օգտագործվում է  անձնական շահադիտական նպատակով: Երևանի քաղաքապետարանի  նման գործելաոճը   պարզապես  անթույլատրելի է:

Այս  «թյուրիմացություն» որակված պատմության մեջ  անձամբ ինձ  շատ ավելի է մտահոգում է այն  կասկածը, որ     քաղաքապետի   կողմից  օրական տասնյակներով ստորագրված  փաստաթղթերի  մեջ  չկա՞ն արդյոք էլի  այնպիսիք,  որոնք  չէր կարելի ստորագրել:

Հետևությունս մեկն  է՝  այդ փաստաթղթերը  քաղաքապետին ներկայացնողները  վստահելի չեն ոչ միայն քաղաքացիներիս, այլև հենց քաղաքապետի  համար: Տեսնենք  ի՞նչ քայլեր է ձեռնարկելու պարոն Մարգարյանը նման անվստահելի  անձանցից ազատվելու համար»:

© Medialab.am