«Իմ քայլը» պատրաստ է աջակցել՝ ստեղծելու պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի  Արցախի պատերազմին առնչվող հանգամանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, սակայն, որ «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած՝ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծելու հնարավորություն չեն տալիս Սահմանադրության գործող կարգավորումները:

ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի մինչպատերազմյան իրավիճակն ու պատերազմի ընթացքը, արդյունքը: «Իմ քայլը» ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկել է այլ տարբերակ՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի տարբերակը, նաև առաջարկել է պետաիրավական հանձնաժողովի կազմով հանդիպում ունենալ, քննարկել, թե արդյոք կարող են լրացուցիչ կարգավորումներով ուժեղացնել քննիչ հանձնաժողովի մանդատը:

«Մենք Էդմոն Մարուքյանի հետ քննարկել ենք այդ հարցը, քաղաքական մեծամասնությունն իր պատրաստակամությունը հայտնել է, մենք ասել ենք, որ ողջունում ենք քննիչ հանձնաժողով ստեղծելը, ուսումնասիրություններ կատարելը՝ակներև դարձնելն այն ամենը, ինչը հարցեր է հարուցում»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ հետ են կանգնել արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից՝ նշելով, որ հանրային պահանջ չկա՝ խմբակցության ղեկավարն ասաց. «Մենք չենք նշել, որ ինչ-որ բանից հետ ենք կանգնում՝ առավել ևս այն պատճառով, որ չկա հանրային պահանջ: Մենք նշել ենք, որ մենք արձագանքում ենք ընդդիմության՝ իշխանափոխության առաջարկին, որը մենք տեսնում ենք բացառապես ընտրությունների միջոցով: Եվ ասում ենք, որ եթե ընդդիմությունը գտնում է, որ նման անհրաժեշտություն կա, մենք առարկություն չունենք: Ընդդիմությունը մեր այդ ձեռքմեկնմանը դրական չի արձագանքել: Մենք նաև նշել ենք, որ ճանապարհային քարտեզի ամփոփման համատեքստում լրացուցիչ կանդրադառնանք այդ հարցին»:

Արձագանքելով հնչող տեսակետին, թե պատերազմից հետո իշխանության ներկայացուցիչներն Արցախ այց չեն կատարում՝ Մակունցը հավաստիացրեց, որ այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում: Նա վստահեցրեց, որ «Իմ քայլը»-ի պատգամավորներն այցելում են Արցախ: Նազելի Բաղդասարյանն էլ ակտիվորեն զբաղվում է ռազմագերիներին առնչվող խնդիրներով:

Մանրամասները՝ այստեղ