Հայաստանն արդեն պաշտոնապես հրաժարվել է արցախահայության ինքնորոշման իրավունքից. Արմեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, ինչո՞ւ է Ադրբեջանը վաշինգտոնյան բանակցություններին զուգահեռ խախտում հրադադարն Արցախում, ո՞րն է այս գործողության մեսիջը Հայաստանին ու միջնորդ երկրներին։

– Գլխավոր մեսիջն այն է, որ Ադրբեջանը պաշտոնական Երևանի հետ կարող է բանակցել միայն Հայաստանի հետ կապված հարցերով, իսկ ավելի ճշգրիտ՝ 2020 թվականի պարտության հետևանքների չափաբաժնի մասին կարող է խոսել, այսինքն՝ ի՛նչ է տալիս Հայաստանն Ադրբեջանին դրա հետևանքով, ի՛նչ զիջումների է գնում։

Ադրբեջանն Արցախի հարցը համարում է լուծված ու հրաժարվում որևէ կողմի հետ որևէ միջնորդությամբ այն քննարկելուց։ Վաշինգտոն մեկնելուց մի քանի օր առաջ Բայրամովի խոսքը հստակ ձևակերպված էր ու հնչում էր հենց այսպես։ Սա նշան է, որ նույնիսկ Վաշինգտոն գնալով՝ Ադրբեջանն Արցախի հետ կապված որևէ պարտավորություն չի ստանձնում, այդ հարցը չի քննարկում, քննարկելու են այն, ինչ զիջելու է Հայաստանը, ոչ թե փոխզիջումային ինչ-որ տարբերակ։ 

Սա է Ադրբեջանի դիրքորոշումը ու ամենևին չի նշանակում, որ բանակցություններ չպետք է լինեն, վաշինգտոնյան ձևաչափը սխալ է կամ վատն է: Կան խաղացողներ, որոնցից մեկի դիրքորոշումն այդպիսին է, ինչը ինքը բացահայտ կերպով արտահայտում է իր բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների միջոցով, իրենք ասում են դա ու նաև իրենց խոսքն արտահայտում են գործով՝ մարդ սպանելով, որովհետև դա իրենց քաղաքականության ու դիվանագիտության կարևոր մասն է։

– Իսկ խաղացող մյուս կողմերի դիրքորոշումն Արցախի հարցում ո՞րն է, ու ի՞նչ են անում, որ Ադրբեջանի այդ դիրքորոշումը չեղարկվի։

– Իրենց դիրքորոշումը չի կանխորոշում, թե ի՛նչ է լինելու Ղարաբաղի հետ, մեծ հաշվով, չնայած միտումները մեզ համար լավը չեն, օբյեկտիվորեն ասենք՝ այդ թվում Հայաստանի կառավարության դիրքորոշման պատճառով, բայց խնդիրն այն է, որ արցախյան խնդիրը գոյություն ունի ու պետք է ռուսական տնօրինությունից դուրս գա, անցնի միջազգային ինչ-որ ձևաչափերի կարգավորման, դա Մինսկի խումբը չէ, բայց դրան համարժեք, նկատի ունեմ՝ միջազգայնորեն ճանաչված տեսանկյունից համարժեք լուծում, ձևաչափ է։ 

Հարցը սա է, իսկ ինչո՛ւ է այդպես, որովհետև ԵԱՀԿ-ի կողմից Հայաստանի ու Ադրբեջանի անկախության ճանաչումը և նրա ընդունելը պայմանավորված չէր այդ հարցի միջազգայնացմամբ, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին ստեղծել Մինսկի խումբ՝ բոլոր հետևանքներով, ԵԱՀԿ-ին հանձնեցին կարգավորման ղեկավարությունը ու ճանաչվեցին: Այսօր Ադրբեջանը չի կարող միակողմանի հրաժարվել այդ հանգամանքից, նույնիսկ որպես պետություն դրանից հրաժարվելու պոտենցիալ չունի, ու հիմա Ադրբեջանի խնդիրը սա հաղթահարելն է։ 

Ադրբեջանի ողջ դիվանագիտության խնդիրը հիմա ոչ թե Հայաստանի հարցը լուծելն է, ինչն իրենք տեխնիկապես լուծված են համարում բոլոր առումներով, այդ թվում՝ 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, նրանց նպատակն է տարբեր միջոցներով Արևմուտքին ապացուցել, որ այդ հարցն այլևս միջազգայնացված չէ ու լուծված է տնական կարգով՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։ Սա է դիվանագիտական ողջ անցուդարձի իմաստը։

– Հաշվի առնելով այսօրվա իրադարձությունը՝ հայկական կողմը Վաշինգտոնում ի՞նչ պետք է անի, պարո՛ն Հովհաննիսյան։

– Չգիտեմ՝ իրենք ի՛նչ պետք է անեն, այսինքն՝ գիտեմ՝ ի՛նչ պետք է անեն, բայց ավելի ռեալ է խոսել, թե ինչ են անում։ Իրենք փաստորեն պաշտոնապես արդեն հրաժարվել են արցախահայության ինքնորոշման իրավունքից ու այդ առումով որևէ գործողություն չեն ձեռնարկում, հրաժարվել են արցախահայության անվտանգության երաշխավորը լինելուց, սակայն որպես շահագրգիռ կողմ՝ պահանջում են այդ հարցը պահել միջազգային մոնիթորինգի ներքո, այս կետը դեռ չեն զիջել։ 

Վաշինգտոնում Հայաստանյան պատվիրակությանը ավելի շատ հետաքրքրում են, թե ինչպե՛ս են անցնելու սահմանազատումը, ճանապարհների բացումը և այլն, իսկ Արցախի հարցով իրենք մնում են նույն դիրքորոշմանը, որ չլինելով ո՛չ երաշխավորը, ո՛չ էլ ինքնորոշման իրավունքի ճանաչումն առաջ մղողը՝ ճանաչում են իրենց ֆունդամենտալ իրավունքները ու պահանջում են միջազգային միջամտություն՝ դրանք պաշտպանելու համար, միջամտությունն էլ կարող է լինել ամենաչափավորից մինչև խաղաղապահ ուժեր։

– Ստացվում է, որ Արցախի հարցով հույսը միջնորդ երկրնե՞րն են մնում։

– Այդպես է ստացվում, որովհետև հայկական կողմն արդեն անձնատուր է եղել, Ադրբեջանը հաղթելով՝ Ռուսաստանի ու Թուրքիայի հետ միասին ստիպել է Հայաստանին հրաժարվել այդ հարցից: Թե հիմա ուրախությա՞մբ է դա արել կառավարությունը, թե՞ ստիպված՝ հետո կպարզեն հոգեբանները կամ պատմաբանները, Հայաստանը, աշխարհի աչքի առաջ պարտվելով պատերազմում, համաձայնել է։ 

Հիմա Ռուսաստանը միայն համաձայն չէ վերջին կետին, որովհետև եթե Արցախն ամբողջությամբ հայաթափվի, ապա իրենք այնտեղից անմիջապես պետք է դուրս գան, մնացած բոլոր դեպքերում ադրբեջանական տեսակետը կիսում են։ 

Մնում է Արևմուտքը, որը թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի դեպքում մնում է այն դիրքորոշմանը, որը ներկայացրի: Այդ հարցը չի կարող միակողմանի ապամիջազգայնացվել ու լուծված համարվել, քանի դեռ չկա լուծում։ 

– Իսկ Հայաստանի մասով հայկական կողմն անհրաժեշտ քայլերը գործադրո՞ւմ է բանակցությունների ժամանակ։

– Չեմ կարող ասել, այնտեղ ներկա չեմ, ընդհանուր առմամբ հոռետեսորեն եմ տրամադրված, բայց հիմա որևէ փաստ չեմ կարող բերել, որովհետև փակ բանակցություններ են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am