Ինձ համար ավելի էական է արդարադատության համակարգի առողջացումը, քան Ռոբերտ Քոչարյանի բանտում հայտնվելը. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՖԲ-յան պատս լի ա իրավիճակի վերաբերյալ իռացիոնալ գնահատականներով։ Դիցուք, ընտրարշավին ընդառաջ ՍԴ-ն իր որոշմամբ ի չիք ա դարձնում «Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը։

Ինձ համար սա իրավական երկարատև վեճի մի հանգրվան ա։ Որպես ՀՀ քաղաքացի, ինձ համար ավելի էական ա արդարադատության համակարգի առողջացումը, քան Ռոբերտ Քոչարյանի բանտում հայտնվելը։

Նույնքան վատ ա, թե՛ երբ նա բանտում հայտնվի ձեռնածու դատարանի վճռով, թե՛ եթե քրեական գործը դադարեցվի նույնպիսի դատարանի առկայության բերումով։ Միայն էս մի դեպքն էլ եթե վերցնենք, ակնհայտ ա, որ մեր արդարադատական համակարգը արդար բառի հետ ոչ մի առընչություն չունի։ Ստացվում ա՝ կա՛մ մի ամբողջ շարք դատավորներ մարդուն հակասահմանադրական օրենքը վկայաբերելով ամիսներով բանտ են նստեցրել ու մտքներով էլ չի անցել օրենքի հակասահմանադրական բնույթը, կա՛մ նրանք ճիշտ են եղել ու այլ ատյանի դատավորներ ծանրագույն հանցագործության մեջ մեղադրվող հանցագործին քաղաքական դրդապատճառներով թողել են ազատության մեջ։

Սա համընդհանուր քննարկման, բանավեճի, եզրակացություններ անելու, իրավական համակարգը, պետությունն ավելի լավը դարձնելու առիթ ա։ Փոխարենը կա հիասթափություն Փաշինյանից, որ «հրեշին» ազատության մեջ թողեց և իռացիոնալ վախ նույն «հրեշից»։ Ընդ որում, էդ իռացիոնալ գնահատականները ընտրական վարք են կանխորոշելու։

Մի դեպքում էս փաստը մեծացնելու ա Փաշինյանի էլեկտորատը միայն էն մտայնությամբ, որ «նախկինին վերադարձ չլինի» (ինչն անհնար ա ի սկզբանե), իսկ մյուս դեպքում մեծացնելու ա Քոչարյանի էլեկտորատը, քանի որ նրան կողմ քվեարկողները փաստացի քվեարկելու են «անմեղ», համակարգի դեմ անհավասար մարտում հաղթած մարդու համար։

Հաշվի առնենք, որ քննարկման էս շրջանակում մեծ հաշվով արատավոր իրավապահ համակարգի և արդարադատության օրակարգը դուրս ա մնում։

Դե արի դու քեզ կեսից ճղի, որ անձերից վերանանք, մերժենք թե՛ պետության մասին պատկերացում չունեցող կառավարչին, թե՛ անարդար նստեցնողին, թե՛ քաղաքական իրավիճակը խաղարկելով պատժից խուսափողին, թե՛ իրավական համակարգը որպես քաղաքական հաշվեհարդար գործածողին»: