Հանձնարարվել է առավել պատասխանատվությամբ մոտենալ զբոսաշրջային հոսքերի կառավարմանը

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերում և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։

Նախարարի պաշտոնակատարը շրջայցը մեկնարկել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) մեր գործընկերների հետ «Խոր Վիրապ» արգելավայր այցով։ Տեղում ծանոթացել են միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության ռեժիմի առանձնահատկություններին։ Վստահ կարող ենք ասել, որ հրաշալի պայմաններ են ստեղծված թռչունների բնականոն զարգացման և վերարտադրության համար։ Քանի որ արգելավայրը գտնվում է Արաքս գետի ձախակողմյան մասի Խոր Վիրապ եկեղեցական համալիրի և Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի աջակողմյան հատվածում, այն նաև էկոտուրիզմի զարգացման համար ունի բարենպաստ պայմաններ։ Նախարարի պաշտոնակատարը գործընկերների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել մշակել և այդ տարածքում ներդնել էկոզբոսաշրջային ծրագիր՝ պահպանելով բնական միջավայրի անխաթարությունը։

Նախարարի պաշտոնակատարն այցելել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր։ Արգելավայրն անոթավոր բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների թվաքանակով Հայաստանում գտնվում է առաջին տեղում։

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում նախարարի պաշտոնակատարը խորհրդակցություն է անցկացրել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։Քննարկել են նոր մշակված էկոզբոսաշրջային երթուղիների գործարկման ընթացքը։ Հանձնարարվել է առավել պատասխանատվությամբ մոտենալ զբոսաշրջային հոսքերի կառավարմանը․առաջնային տեղում բնական էկոհամակարգերի վրա մարդկային գործոնի ազդեցության նվազեցումն է։ Անդրադարձ է կատարվել արգելոցի ենթակայության տակ գտնվող տարածքների կադաստրային շտկումների խնդրին: Քննարկել են հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության հետ կապված հարցեր:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալագրեր է հանձնել ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, ովքեր ակտիվորեն մասնակցել են շաբաթներ առաջ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին:

Այցի վերջին կանգառը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոնն էր։ Այստեղ ևս հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության որևէ խնդիր չունենք։Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գործընկերներին ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ պետք է լիարժեք իրացնել ոլորտի կառավարման վստահված մանդատը և առաջ տանել այն բոլոր ծրագրերը, որոնք նախանշվել են դեռ պատերազմից առաջ։ Մեր երկրի համար բարեփոխումների այս կարևոր փուլում պարտավոր ենք ամեն օր կոնկրետ ու շոշափելի արդյունքներ գրանցել։