Օղակաձև այգում շինաշխատանքները շարունակվում են

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Օղակաձև այգու 6-րդ հատվածում շինաշխատանքները շարունակվում են։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից շարունակվում է նաև ոռոգման համակարգի ներդրումը։ Հուլիսի 29-ից իրականացվում են ինտենսիվ սանիտարական էտումներ, սքեյթ-պարկի շինարարությանը զուգահեռ այգու 6-րդ հատվածում անցկացվում է ոռոգման ցանցը։

Նախատեսվող մոտ 4 կմ-ից գրեթե 1,80 կմ պոլիէթիլենային խողովակներն արդեն անցկացվել են, ցայտիչները տեղադրվել են, հատվածաբար փորձարկվում է ավտոմատացված ցնցուղային համակարգը։ Ջրագիծ կլինի նաև սքեյթ-պարկի տարածքում։

Այգու 6-րդ հատվածից արդեն իսկ դուրս է բերվել 14 բեռնատար մեքենա չորուկ, հիմնվել է 1300 քմ սիզամարգ, կհիմնվի ևս 6000 քմ, կճմապատվի 800 քմ տարածք։

Քաղաքապետի հանձնարարությամբ այգու 3 գոտիները՝ կանաչ տարածքները, սքեյթ-պարկը և շների զբոսանքի համար առանձնացված հատվածը, պետք է միաժամանակ պատրաստ լինեն։Շատ շուտով Օղակաձևի այս հատվածը լիարժեք վայելքի ու ժամանցի համար պատրաստ կլինի։