Արմեն Գևորգյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի հայց է ներկայացրել դատարան

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցի պատճառը Խաչատուր Սուքիասյանի՝ օգոստոսի 25-ին խորհրդարանում արած այն հայտարարությունն է, թե ինչպես է ստացվել, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, 100 մլն դոլար կարողություն ունի:

«Պարոն Գևորգյա՛ն, Դուք կյանքում բիզնես արե՞լ եք։ Բիզնես չի արել, մի քանի հարյուր միլիոն դոլարի տեր է։ Մեկդ չի հարցնում՝ որտեղի՞ց իրեն դա։ Միայն Կենտրոնում 57 հատ սեփականության իրավունք ունի։ Չորս եղբայրներով, իմ ծնողի հետ, տասնյակ տարիներ չենք քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել։ Ինձանից խելացի՞ մարդ է, ուժե՞ղ տղա է»,- իր ելույթում ասել էր Սուքիասյանը։

Գևորգյանը պատգամավորի այս արտահայտությունները որակեց սուտ և զրտարտիչ, հայտարարելով, որ դրանք իրավական գնահատական են ստանալու։ Այսօր գործն արդեն դատարանում է․ Գևորգյանը պահանջում է հերքել տեղեկությունները, որոնք, ըստ հայցվորի, արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը: Այս պահին դեռևս անհայտ է, թե որ դատավորը կքննի հայցը։ Հիշեցնենք՝ Արմեն Գևորգյանն այս պահին մեղադրվում է գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու, նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու համար: