Բանավոր խոսքի ընթացքում եղավ նման վրիպակ, որն այլևս չի կրկնվի. Հայկ Կոնջորյան

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր ելույթում հնչեցրած «ավտորիտար բնույթի Իրան» ձևակերպմանը: Նա ասաց, որ բանավոր խոսքում վրիպել է, իր սխալներից դասեր կքաղի: Այս մասին տեղեկացնում է «Լրագիրը»։

«Նախ ուզում եմ միանգամից ասել, որ իմ բառերն արտահայտում են իմ կարծիքը, դա իմ մասնավոր ձևակերպումն  է, բացարձակապես խմբակցության կարծիքը չէր, որի մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իմ ելույթից հետո անմիջապես նշեց: Ես նշել եմ՝ ոչ թե ավտորիտար Իրան, այլ ավտորիտար բնույթի՝ որոշակիորեն հավանաբար նկատի ունենալով այն հանգամանքը, որ Իրանի քաղաքական համակարգը մի փոքր յուրահատուկ է:

Սակայն հաշվի առնելով նաև հանրության արձագանքը՝ ես միանաշանակ ընդունում եմ, որ գուցե պետք էր այլ կերպ ձևակերպում տալ, գուցե մի փոքր ես վրիպեցի, ինչպես ցանկացած քաղաքական գործիչ կարող է երբեմն բանավոր խոսքի ժամանակ ունենալ նման ձևակերպումներ: Ես ցանկանում եմ ասել, որ ամենևին չեմ նսեմացնում բարեկամ Իրանի ժողովրդի և պետության՝ Հայաստանի հետ ունեցած բարիդրացիական ու ջերմ հարաբերությունները: Գուցե բանավոր խոսքի ընթացքում եղավ նման վրիպակ, որն այլևս չի կրկնվի»,- ըստ աղբյուրի, ասել է Կոնջորյանը: