Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Թե որքան է մեզ անհրաժեշտ ռազմավարական խորք…
1991թ. անկախացումից ի վեր Հայաստանը, ելնելով անվտանգության նկատառումներից,
- անդամակցեց ՀԱՊԿ-ին,
- անդամակցեց ԵԱՏՄ-ին։
Այս ամենը պատճառաբանվում էր անվտանգության գործոնով։
Տարածաշրջանի մյուս պետություններըՎրաստանը և Ադրբեջանը, չեն անդամակցում ո՛չ առաջինին, ո՛չ էլ երկրորդին։ Արդյո՞ք ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անվտանգության նկատառումներից բխող Հայաստանի անդամակցությունն արդարացրեց մեր ակնկալիքները։ Իհարկե
ոչ։ - Անվտանգության փոխարեն մենք ստացանք սողացող պատերազմ, որը մինչ օրս շարունակվում է։
- Պատերազմից բացի այդ կառույցներում մենք ստանձնեցինք բազմաթիվ պարտավորություններ, որոնք այսօր էլ սահմանափակում են մեր անկաշկանդ գործելու և այլ սուբյեկտների հետ փոխշահավետ համագործակցելու հնարավորությունները։
Արդյո՞ք այդ կառույցներին մեր ինտեգրումը քաղաքակրթական էր։
Իհարկե` ոչ։ - Սա է նաև պատճառներից մեկը, որ մեր անվտանգության խնդիրներն այդպես էլ մնացին չլուծված, քանի որ այդ կառույցներում ներառված պետությունների քաղաքակրթական արեալը չի համապատասխանում մերին։ Ապացույցն այդ պետությունների սերտ ու բազմաշերտ համագործակցությունն է Ադրբեջանի հետ։
- Ուշագրավ է, որ Ադրբեջանը, դե յուրե չանդամակցելով ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ ԵԱՏՄ-ին, դե ֆակտո նրանցից ստանում է իրեն շահավետ օրակարգեր և ազդակներ` միևնույն ժամանակ իրեն չպարուրելով համապատասխան պարտավորությունների շղթայով, ինչը անում ենք մենք։
Ադրբեջանն ավելի ազատ է գործում և ստանում է համագործակցության ավելի գործնական առաջարկեր, որոնք կյանքի է կոչում։ - Համագործակցային ազատությամբ Ադրբեջանը լուծում է իր անվտանգության խնդիրը, ինչը մեզ չի հաջողվում անել` այդ կառույցներում պարտավորություններով սահմանափակված լինելու պատճառով։
- ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ Ադրբեջանն ունի լավագույն տնտեսական և ռազմական համագործակցություն։ Նույնիսկ նրանցից ստանում է շնորհավորանքներ պատերազմում հաղթելու առթիվ, իսկ մեզ օգնելու փոխարեն, լավագույն դեպքում ցավակցում են։
- Ըստ էության, հարաբերական չեզոքությունը Ադրբեջանին և Վրաստանին տվեցին ավելի շատ անվտանգություն, քան Հայաստանին իր դե ֆակտո միավեկտոր քաղաքականությունը։
…
Վաղը պետք է տեղի ունենա 3+3 ձևաչափի առաջին հանդիպումը, որին, ըստ տեղեկությունների, մասնակցելու է Հայաստանը, բայց որից արդեն հրաժարվել է Վրաստանը։
Մենք այս անգամ էլ հավանաբար այդ ձևաչափին մասնակցելու հարցը կպատճառաբանենք անվտանգության արդի մարտահրավերներից ելնելով։ Բայց փորձը ցույց է տվել, որ մենք նախորդիվ միայն ստացել ենք նոր մարտահրավերներ և ոչ թե դրանց համար գտել ենք լուծումներ։
3+3 ձևաչափը մեզ ոչինչ չի տալու, և դա կապացուցի ժամանակը,մանավանդ, որ այդտեղ մենք չենք կարողանալու օրակարգ ձևավորել, ինչպես դա չենք կարողացել անել ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում
առավել ևս, որ 3+3 ձևաչափում կան Թուրքիա և Ադրբեջան` որպես քաղաքակրթական ընդհանրական ինքնություն։
Եվ որքան է մեզ անհրաժեշտ ռազմավարական խորք…»։