Չավուշօղլու. «Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում»

2021 թվականի Թուրքիայի արտաքին քաղաքականության գնահատման ամփոփիչ ելույթում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման թեմային՝ շեշտելով, որ շուտով կսկսվեն Ստամբուլ-Երևան չարթերային թռիչքները, գրում է Ermenihaber.am-ը։ 

Ըստ Չավուօղլուի՝ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում ու այդ գործընթացում կարևոր է Ադրբեջանի հետ խորհրդակցությունը։

«Երկու կողմն էլ նշանակել է իր հատուկ ներկայացուցիչներին։ Այսուհետ անհրաժեշտ է, որ երկու ներկայացուցիչները հեռախոսազրույց ունենան և պայմանավորվեն դեմ առ դեմ հանդիպման ժամկետների ու վայրի շուրջ: Մեր տպավորությամբ կողմերի առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Բայց մենք ցանկանում ենք, որ նախքան առաջին հանդիպումը  լինեն ուղիղ շփումներ։ Թե չէ ինչո՞ւ երկու հատուկ ներկայացուցիչ նշանակվեց, որ ուղիղ կապ լինի»,- ասել է Չավուշօղլուն։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ նա նաև անդրադարձել է ցյուրիխյան արձանագրությունները մեջլիսի կողմից վավերացնելու հնարավորությանը։ Չավուշօղլուն նշել է, որ այդ արձանագրություններին վերադառնալու իմաստ այլևս չկա, քանի որ դրանց ամենակարևոր մասերը չեղարկվել են ՀՀ Սահմանադրական դաատարանի կողմից:

«Հետևաբար, դրանք արդեն անցյալում են մնացել, ցավոք հաջողություն չունեցան այն ժամանակվա պայմաններում,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով,- Հիմա նոր գործընթաց է սկսվել, որի շրջանակներում անհրաժեշտ է նոր քայլեր անել: Հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասի խաղաղության և բարօրության համար կարևոր է լինելու: Այս պատճառով էլ, հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը մտքերի փոխանակում են անելու ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Կարծում եմ, որ դրանից հետո օգտակար կլինի, որ կանոնավոր կերպով հանդիպեն և հառախոսազրույց ունենան»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ հայկական կողմից կբանակցի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։