2021-ին ապօրինի ծառահատման հատկանիշներով Լոռու մարզում հարուցվել է 130 քրեական գործ

Ապօրինի ծառահատումների դեմ Լոռու մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների կողմից տարվող հետևողական պայքարը 2021թ.-ին ապահովել է դրական արդյունքներ։

Մասնավորապես, հիշյալ ժամանակահատվածում ապօրինի ծառահատման հատկանիշներով մարզում իրավասու մարմինների կողմից հարուցվել է 130 քրեական գործ, իսկ 29 քրեական գործ՝ 31 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչը մոտ 10 %-ով ավելի է 2020թ. համեմատ:  

Դատարան ուղարկված գործերով 14 անձ դատապարտվել է ազատազրկման, որոնցից 10-ի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ նշանակվելով փորձաշրջան, 16-ը ենթարկվել է տուգանքի, իսկ 1 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու՝ ոչ արդարացնող հիմքով: 

Իրականացվող կանխարգելիչ, հսկողական գործողությունների, ինչպես նաև դատախազության կողմից վարվող խիստ պատժողական քաղաքականության արդյունքում անհամեմատ նվազել է ապօրինի հատված ծառերի քանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասները: Մասնավորապես՝ եթե 2020թ. արձանագրվել է ապօրինի հատված 3939 ծառ, ապա 2021թ.՝ 2187 ծառ, կամ 44%-ով պակաս։  Եթե ապօրինի ծառահատմամբ պետությանը պատճառված վնասը 2020թ. կազմել է ընդհանուր 457.085.634 ՀՀ դրամ գումար, որից հաջողվել էր վերականգնել 1.949.670 ՀՀ դրամը կամ 0.4%-ը, ապա 2021թ. պատճառված վնասը կազմել է 193.074.160 ՀՀ դրամ (2020թ. համեմատ շուրջ 2.4 անգամ պակաս), որից վերականգնվել է 29.745.000 ՀՀ դրամը կամ 15.4%-ը։ Պատճառված վնասները վերականգնելու համար Լոռու մարզի դատախազությունը բոլոր դեպքերում, բավարար հիմքերի առկայությամբ, ձեռնարկում է մեղադրյալներից բռնագանձման պատշաճ իրավական գործընթաց։ 

Հետևողական աշխատանք է իրականացվել նաև անտառհատման յուրաքանչյուր դեպքում պաշտոնեական հանցագործության առկայությունն ստուգելու, անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործողություններին համարժեք քրեաիրավական կամ կարգապահական գնահատական տալու առումով։ Մասնավորապես, 2021թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) տարբեր մասերով հարուցվել է 54 քրեական գործ: 22 քրեական գործ՝ 34 պաշտոնատար անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված պաշտոնատար անձանց պատկանող գույքերի վրա դրվել են կալանքներ։ Համեմատության համար նշենք, որ, 2020թ. նշված հանցակազմով հարուցվել է 7 քրեական գործ, դատարան է ուղարկվել 1 քրեական գործ 1 անձի վերաբերյալ: 

Բացի այդ, 2021թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին, ՊՈԱԿ տարբեր մասնաճյուղերի տնօրեններին մարզի դատախազությունից հասցեագրվել է 50 միջնորդագիր՝ պատասխանատու աշխատակիցների աշխատանքում տեղ գտած թերությունների, դրանց պատճառների վերցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։ 

Առանձին միջնորդագրերի քննարկման արդյունքում աշխատանքից ազատվել են անտառտնտեսության մասնաճյուղի պահպանության գծով փոխտնօրեն, տարբեր մասնաճյուղերի անտառպետությունների 4 անտառապետ, տարբեր պահաբաժինների 7 անտառապահ: Տարբեր կարգապահական տույժերի են ենթարկվել 20 անտառապահ և 9 անտառապետ: Բազմաթիվ  միջնորդագրեր դեռևս քննարկման փուլում են։

2021թ. արդյունքներից ելնելով՝ Լոռու մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալին: Դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները և առաջնորդվելով դրանք զարգացնելու հրամայականով՝ մարզի դատախազը մտահոգություն է արտահայտվել շարունակվող ապօրինի անտառահատումների կապակցությամբ: Ուշադրություն է դարձվել հատկապես այն հանգամանքի վրա, որ միայն վարույթը կասեցված՝ չբացահայտված քրեական գործերով արձանագրվել է 1263 ապօրինի ծառահատման դեպք, որոնցով պատճառված վնասը կազմել է 92.5մլն ՀՀ դրամ: 

Առաջարկվել է ամենօրյա հսկողություն սահմանել մարզի անտառամերձ հատվածներին հարակից ճանապարհներին, անտառամերձ բնակավայրերում բնակվող այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն ամենագնաց, բենզասղոցներ, ինչպես նաև՝ պարբերաբար ստուգել նշված բնակավայրերում և հարակից տարածքներում գործող փայտամշակման արտադրամասերը, փայտագործությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերի արհեստանոցները: Խնդիր է դրվել նաև ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասեցված վարույթներով չբացահայտված ապօրինի ծառահատումները կատարողներին, դրա հետ կապված պաշտոնատար անձանց ներգրավմամբ հնարավոր կոռուպցիոն գործարքները բացահայտելու ուղղությամբ։ 

Այդ մասին հայտնում են Դատախազությունից։