«Իրազեկ քաղաքացիների միավորման» փաստերի ստուգման հարթակը հետաքննում է հայտնի քաղաքական ուժերից մեկի ներգրավվածությունը այսօրվա հավաքին: Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող։ Վերջինիս գրառումը ներկայացնում ենք ստորեւ։
«Ազատության հրապարակի հավաքի վայրում աշխատած «Իրազեկ քաղաքացիների միավորման» թիմը հայտնում է, որ թեև հավաքի մասնակիցների մեծ մասը դրսևորել է խաղաղ և օրինապահ պահվածք, սակայն դրա որոշ առանձին մասնակիցներ գործադրել են բռնություն և հրապարակայնորեն հայհոյել են:
Խոսել եմ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և հայտնել մտահոգությունս խուլիգանության բաղադրիչներ պարունակող արարքների մասով: Համարում եմ, որ անհրաժեշտ է ստուգել բռնության դիմած և հրապարակոյներեն հայհոյող անձանց արարքներում հանցակազմի առկայությունը՝ ՔՕ 258 (խուլիգանության) հոդվածի հատկանիշներով:
Խոսել եմ նաև խաղաղություն հաստատելու ապարդյուն փորձի ժամանակ տուժած ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ, ում հայտնել եմ զորակցությունս և մաղթել առողջություն:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» փաստերի ստուգման հարթակը հետաքննում է հայտնի քաղաքական ուժերից մեկի ներգրավվածությունը այսօրվա հավաքին: Արդյունքները, հավանաբար, կհրապարակվեն վաղը:
Հավաքի մասնակիցների թիվը այնքան քիչ էր, որ որոշվեց այս անգամ քանակ չհաշվել: Առավելևս, որ դժվար էր տարանջատել ցուցարարներին թամաշա անողներից:
Եվ նորից. մենք պատրաստ ենք պաշտպանել խաղաղ ցուցարարների իրավունքները, ինչպես արել ենք նախկինում՝ անկախ ցուցարարների պահանջների նկատմամբ մեր վերաբերմունքից: Բայց ցուցարարները պետք է լինեն բացառապես խաղաղ»: