Ալեն Սիմոնյանն ու Տալանտ Մամիտովն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգության հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի (խորհրդարանի) նախագահ Տալանտ Մամիտովին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները՝ արձանագրելով խորհրդարանական դիվանագիտության եւ բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների պատվիրակությունների կառուցողական համագործակցությունն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում եւ այլ խորհրդարանական հարթակներում:

Ղրղզ գործընկերը հիշեցրել է 1994թ. Բիշքեկում ստորագրված Լեռնային Ղարաբաղի հրադադարի վերաբերյալ արձանագրությունը՝ փաստելով, որ վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության հաստատման հարցերին՝ երկուստեք կարեւորվել է խաղաղության օրակարգի սատարումը:

Ի թիվս քննարկումների լայն շրջանակի՝ մտքեր են փոխանակվել նաեւ ապակենտրոնացված համագործակցության շուրջ: Այս համատեքստում առանձնացվել են երկրորդ քաղաքներ Գյումրիի եւ Օշի, ինչպես նաեւ՝ Շիրակի եւ Օշի համապատասխան համալսարանների միջեւ փոխանակման առաջիկա ծրագրերը: