«Մայրերը Աստծո սիրո ու խնամքի պատգամախոսներն են մեր ընտանիքներում». Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը

Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր անձի. Գարեգին Բ-ի ուղերձը

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի և մայրության ու գեղեցկության օրվա առիթով, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Ավետման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հարապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում բոլոր կանանց` մեր մայրերին ու քույրերին և հավատավոր համայն մեր ժողովրդին:

Սուրբ Աստվածածինը Աստուծո Որդու մայրը լինելու իր ողջ փառքի ու մեծության մեջ ամենապատվավոր իր տիտղոսը համարեց «Տիրոջ աղախին» լինելը՝ արձագանքելով հրեշակապետի ավետիսին. «Ահաւասիկ կամ աղախին Տեառն»:

Աստվածամոր սիրո ու հնազանդության ոգին է ներշնչել ու ներշնչում մեր մայրերին՝ զավակների ու ընտանիքի նկատմամբ իրենց բերած նվիրումի ու հավատարմության մեջ:

Արդարև, մայրերը Աստծո սիրո ու խնամքի պատգամախոսներն են մեր ընտանիքներում: Սիրելի մայրեր ու քույրեր, 2019 թվականը, որ հռչակված է Ընտանիքի տարի, ևս մեկ առիթ է վերարժևորելու ու վերագնահատելու այն պատասխանատու, բայց նաև անչափ քաղցր առաքելությունը, որ դուք ունեք ընտանիքի ամրության, սերունդների կրթության ու դաստիարակության, որով և՝ մեր ժողովրդի ապագայի կերտման գործում:

Հայցում ենք Աստվածամոր բարեխոսությունը և աղոթում Աստծուն, որ իր անսպառ շնորհներով շարունակի բարեզարդել ձեր հոգիները, պարգևի ձեզ անսպառ մխիթարություններ ձեր զավակների կերտած հաջողություններով:

Թող Երկնավոր Տերը առողջ ու կենսախինդ պահի ու պահպանի բոլոր կանանց՝ մեր մայրերին ու քույրերին և քրիստոնեական առաքինությունների մեջ՝ ամուր ու անսահսան հայ ընտանիքները»։