Մեկ տարում՝ 4 ընկերության տնօրեն․ Նիկոլ Փաշինյանի եղբոր կարիերայի ուշագրավ աճը. Fip.am

Fip.am-ը գրում է.

Վերջին 1 տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել։ 

Արմեն Փաշինյանը Հայաստան է տեղափոխվել 2018 թ. հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում։ 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա ապրիլի 9-ին Արմեն Փաշինյանը դարձել է միանգամից երկու՝ «Գոու թրեյդ» և «Մինա-Մայա» ընկերությունների տնօրենը։

«Գոու թրեյդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2018 թվականի հեղափոխությունից շաբաթներ անց՝ հունիսի 14-ին։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների վարձույթով և լիզինգով։

Այս ընկերության վերաբերյալ գրեթե ոչինչ հնարավոր չեղավ գտնել բաց աղբյուրներից, սակայն ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը 2019 թվականին աշխատել է վնասով։ Ընկերության հիմնադիրը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է, տնօրենը՝ Ազգային ժողովում վերջինիս օգնական Հռիփսիմե Բոչոլյանն էր, որը 2017-ին նաև նույն կուսակցության ցուցակով մասնակցում էր ԱԺ ընտրություններին։

Հաջորդ տարի՝ 2019-ին, Խաչատուր Քոքոբելյանի փոխարեն ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել վերջինիս եղբոր կինը՝ Մերի Հակոբյանը։ Իսկ տնօրենի պաշտոնում նշանակվել է Տիգրան Գևորգյանը։

2021 թ․ ապրիլի 9-ին ընկերության տնօրեն է նշանակվում Արմեն Փաշինյանը։

Ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարած պարտադիր վճարումների՝ ընկերությունը 2018-2020 թթ․ ունեցել է 1-2 աշխատող, իսկ արդեն 2021-ից սկսած՝ 6-7 աշխատող։ Այս տարվա սկզբից փոխվել է հիմնադրամին կատարվելիք վճարումների չափը, իսկ ընկերությունը առաջին երկու ամիսներին վճարել է, համապատասխանաբար, 6000 և 8500 դրամ, ինչը նշանակում է, որ ընկերությունն ունի առավելագույնը 4 գրանցված աշխատակից։

Ա․ Փաշինյանի ղեկավարած մյուս՝ «Մինա-Մայա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Ընկերությունը շահագործում է Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» և «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ները։ 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց մեկ ամիս անց, ընկերության բաժնետերերը փոխվում են, և 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դառնում Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Մյուս 50 տոկոսի բաժնետերը Գրիգոր Առաքելյանն է։

Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019-ին, ընկերության 100 տոկոս բաժնեմասերը ձեռք է բերում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի եղբայր, 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Մենք» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Վաչիկ Քոքոբելյանը։ Ընկերության տնօրեն է նշանակվում նույն Տիգրան Գևորգյանը, որը զբաղեցնում էր նաև «Գոու թրեյդ» ընկերության տնօրենի պաշտոնը։

Ինչպես «Գոու թրեյդի», այնպես էլ «Մինա-Մայայի» դեպքում նախորդ տարվա ապրիլի 9-ին Տիգրան Գևորգյանի փոխարեն տնօրենի պաշտոնը ստանձնում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։

Օրեր անց՝ ապրիլի 27-ին, Արմեն Փաշինյանը դառնում է նաև Քոքոբելյաններին պատկանող մեկ այլ՝ «Արգիշտի-2» ՍՊԸ-ի տնօրենը։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականի փետրվարին։ Հիմնադիրներն են Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը։ Ինչպես «Մինա-Մայան», այնպես էլ «Արգիշտի-2»-ը զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, շահագործում է «Մարցիգետ ՓՀԷԿ-2»-ը։ Անցյալ տարվա ապրիլի 27-ին ընկերությունը ձեռք է բերում Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդին՝ 20-ամյա Յուրի Քոքոբելյանը, և նույն օրը Արմեն Փաշինյանին նշանակում ընկերության տնօրեն։

Հաջորդ ամսից ի վեր, մինչ այդ արտադրանք չթողարկած հիդրոէլեկտրակայանը սկսում է հոսանք արտադրել։

Ինչպես նշեցինք, այս ընկերությունը, մինչ Քոքոբելյանների կողմից ձեռք բերվելը, պատկանում էր Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին և իր եղբորը՝ յուրաքանչյուրին 50 տոկոս բաժնեմասով։ 

Հայտնի է, որ Սամվել Դարբինյանի դեմ քրեական գործ է հարուցվել դեռևս 2019 թվականի օգոստոսին՝ իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման մի քանի դրվագներով։

Հետաքրքիր զուգադիպությամբ, Արմեն Փաշինյանի՝ ընկերության տնօրեն դառնալուց ամիսներ անց հարուցված քրեական գործի նախաքննությունը վերջապես ավարտվեց (քրեական գործի հարուցումից ավելի քան 2 տարի անց) և հոկտեմբերին ուղարկվեց դատարան, որտեղ էլ միանգամից կարճվեց, իսկ Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

Սակայն Քոքոբելյան-Փաշինյան համագործակցությունն այսքանով չի ավարտվում։ Նախորդ տարվա հոկտեմբերին Քոքոբելյանի եղբորորդու՝ Յուրի Քոքոբելյանի անվամբ ստեղծվում է «Միթ ագրո» ՍՊԸ-ն, որը, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է մսի առևտրով։ Ընկերության տնօրենը, ինչպես Քոքոբելյանների նախորդ ընկերությունների դեպքում, կրկին Տիգրան Գևորգյանն էր։

Սակայն այս տարվա փետրվարի 19-ին «Միթ ագրո» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում Տիգրան Գևորգյանի փոխարեն կրկին նշանակվում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում