Խայտառակություն է, որ ազգականները հրաժարվեն թաղումից, սա նշանակում է հետ ընկել ինկվիզիցիայի կողմից վերահսկվող միջնադար. Հրանուշ Խառատյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը

– Տիկի՛ն Խառատյան, վերջերս Գյումրիում 43-ամյա կնոջ դաժան սպանությունը բուռն հանրային արձագանքի արժանացավ, հատկապես այն, որ գտնվեցին մարդիկ, որոնք սկսեցին մեղադրել սպանված կնոջը, այդ թվում նաև՝ ԱԺ պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ։ Ինչպե՞ս եք բացատրում դա, արդյոք մենք այստեղ մշակութային, կրթական խնդիրներ ունենք։

– Իրականության մեջ ցավում եմ, բայց այս ամբողջ խոսակցությունները այս պահին ավելի շատ քաղաքական երկու բևեռի բաժանվածության արտահայտություն են, քան իրական կարծիքի։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք խիստ կոնսերվատիվ դիրքերից խոսում են հայ ավանդական ընտանիքից, տուն-տեղից, որ այդ տղային տարել է, մարմնավաճառ է և այլն, ակնհայտորեն այն թևն են, որոնք ներկայիս իշխանությունների մեջ առկա հարաբերական ազատամտությանը, որը փորձում է մեր հասարակության ավանդական մշակույթից դուրս բերել մի քիչ ավելի ազատ տարածք, դրա հակառակորդն է։ 

Ուրիշ իրավիճակում նրանք, կարծում եմ, չէին էլ համարձակվի հանրային տիրույթում բարձրաձայն խոսել։ Ուղղակի ամոթ է դրա մասին խոսելը։ Բայց քանի որ ամոթ հասկացողությունը ներկա պահին, ըստ էության, հանրային երկխոսության տիրույթում համարյա գոյություն չունի, ես կարդում եմ բաներ ու ապշում, որ մարդը հրապարակային տարածքում կարող է իրեն թույլ տալ նման բաներ գրել։ 

Այդ գրողների մեծ մասի համար ես ուղղակի այդ ամբողջ գրածն իրեն եմ վերագրում։ Այն բոլորը, որոնք մարդուն բնութագրում են երեքտառանի բառերով, իրենք հենց այդ մարդու կյանքին, աշխարհայացքին, մտածողությանը, նրանց են բնորոշ։ 

Դե հիմա, կարող է մարմնավաճառ էր, կարող է ուղղակի կապված էր ինչ-որ տղամարդու հետ, և մեր կյանքում այդպիսի բազմաթիվ մարդիկ կան, միշտ եղել են և միշտ էլ լինելու են։ 

Բայց այն, որ մարդուն այդպիսի կեղտոտ ձևով անվանարկում են, դա նույնիսկ այդ մարդուն չի հասցեագրված, ում ուղղված է, դա հասցեագրված է այդ ազատությանը դուռը բացող մարդկանց և այդ մտածողությանը։ 

Դա ուղղված է ընդհանրապես փակ հասարակություն պահելուն՝ սերունդների միջև պատնեշած, կոմպլեքսների մեջ խեղճացած ու կուչ եկած, ուղղված է նրան, որ մարդիկ հենց այդպիսին մնան, լինեն զոռբաների ենթակա, զոռբաների ազդեցության տակ։ Գիտակցված թե չգիտակցված այդ կողմը, այդ արտահայտությունները թույլ տվողները, որոնք նույնիսկ իրենց նեղություն չեն տալիս ուղղակի որևէ կերպ մեկնաբանել իրենց տեսակետը, ուղղակի հայհոյում են։ 

Դա հենց իրենց ճակատի վրա են դնում այդ ամբողջ պիտակները, որ կոնկրետ այդ կնոջ նկատմամբ է օգտագործվում։ Կարդացեք Լալայան, «Ազգագրական հանդես», 19-րդ դարի վերջ, գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, այսինքն՝ մեր հասարակության մեջ կան այդ բոլոր երևույթները, ինչպես ուզեք դրանք անվանեք՝ արատավոր թե ոչ, ժամանակի հետ փոփոխվող, ինչպես բոլոր հասարակություններում։ Բայց խայտառակություն է, որ նույնիսկ ազգականները ամաչեն, հրաժարվեն թաղումից։ Եթե սա տեղի է ունենում մեր կյանքում, սա նշանակում է, որ մեր հասարակությունը ուղղակի ոտքի մի հարվածով հետ գցել խոր, կոնսերվատիվ և ինկվիզիցիայի կողմից վերահսկվող միջնադար։ 

– Ոմանք շատ են սիրում ասել՝ այս կամ այն երևույթը մեր ազգային, ավանդական արժեքներին դեմ է։ 

– Այդ ասողների մեծ մասը, այն ձևով, ինչ ձևով խոսում է, մեր ազգային, ավանդական արժեքների հետ եզր անգամ չունի։

Կանգնեք հարցրեք այդ մարդկանց, թե որն է մեր ազգային, ավանդական արժեքը։ Լավագույն դեպքում պետք է ասեն՝ կինն իրավունք չունի, պետք է համեստ լինի, հեզ ու ենթարկվող լինի։ Սա է մեր ազգային, ավանդական արժեքը այդ մտածողության տեսանկյունից։

Տղամարդը այդ տեսանկյունից ամեն ինչի իրավունք ունի, իրավունք ունի զոռբայության, հրամայելու, բռնություն գործադրելու։

Այդ մասին նրանք կարող է բարձրաձայն չասեն, բայց մի չափալաղ տալու իրավունքը կասեն։ Այսինքն՝ սկզբունքորեն սա մեր ազգային, ավանդական արժեքը չի, եթե մենք սկզբունքորեն նայենք մեր կյանքի նկարագիրը։

Մեր կյանքում երկրագործ, անասնապահ, առևտրական և այլ մասնագիտության տեր մարդիկ, որոնք աշխատում էին, կենցաղ էին կարգավորում, տուն էին պահում, սրանք չէին կարող ընտանիք բերել, ընտանիքի գլխավորը թույլ չէր տա այդ կարգի հարաբերություններ ընտանիքում լինեին, դա երբեք ընտանիք չէր դառնա, միշտ կլիներ կռվի բուն։

Հիմա, երբ մեր ընտանիքի զարգացումը մարդկանց պատկերացմամբ պետք է գնա միայն կոնֆլիկտի ճանապարհով, որ մեր ընտանիք կոչվածը պետք է հավերժական կամ բռնություն լինի, կամ կոնֆլիկտ լինի, ես էլ ասում եմ, որ մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում շատ են այն տղամարդիկ, որոնք ուղղակի ապրում են կանանց աշխատանքով, կնոջ աշխատավարձն են կոպեկ-կոպեկ հաշվում, ինչքանը տուն բերեց, ինչքանը հացի ծախսեց։

Եղբայրն է հետևում, հայրն է հետևում, ամուսինն է հետևում, որդին է հետևում։ Ահա այն չորս տղամարդկանց շրջանակը, որ կարող են հետևել կնոջը։ Ես բազմաթիվ այդպիսի ընտանիքներ գիտեմ, բայց սա հո մոդե՞լը չէ, սա հո մեր ազգային, մշակութային ընտանիքի մոդե՞լը չէ։ 

– Ի վերջո, ինչպե՞ս պետք է պայքարել այդ արատավոր երևույթների դեմ, վերափոխել հասարակությանը։

– Բոլոր միջոցներով պետք է պայքարել՝ դատապարտումներով, ամոթով, բարոյականությամբ, այո՛, նաև օրենքով և որքան շատ՝ այնքան լավ։ Անհնար է այսպես շարունակել։ Կինը ծեծված գնում է ոստիկանություն, ոստիկանն ասում է՝ բա ամո՞թ չի, եկել մարդուցդ բողոքում ես։ Սա շատ տարածված երևույթ է։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am