Աղբը ջրանցքը թափելու համար սահմանվել է տուգանք՝ 20 հազար դրամ

Երևանի թաղամասերից մեկում կնոջ կողմից աղբը ջրանցքը թափելու դեպքի առնչությամբ կազմվել է արձանագրություն, սահմանվել է տուգանք՝ 20 հազար դրամ: Այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության հետ կապերի վարչության պետ Լևոն Սարդարյանը:

«Համացանցում լայն տարածում ստացած տեսանյութի կապակցությամբ (երբ աղբը թափվում է ջրանցքի մեջ) հայտնում եմ, որ հասցեն հայտնաբերվել է և կազմվել է արձանագրություն՝ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43-րդ հոդվածի պրիմ 1 կետով: Սահմանվել է 20.000 դրամ տուգանք:

Նաև հիշեցնեմ, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կտասնապատկվեն», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Սարդարյանը: