Երբ «հասցնում են այդ քայլին». Ինչու են շատերը ամեն գնով փորձում արդարացնել բռնարար մարդասպանին

Երբ «հասցնում են այդ քայլին». Ինչու են շատերը ամեն գնով փորձում արդարացնել բռնարար մարդասպանին
Երբ «հասցնում են այդ քայլին». Ինչու են շատերը ամեն գնով փորձում արդարացնել բռնարար մարդասպանին

Վլադիկ Մարտիրոսյանի կողմից նախկին զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին կացնահարելով սպանելու, նախկին կնոջն ու աներոջը ծանր վնասվածքներ հասցնելու լուրերին համընթաց, երբ հանցագործության վայրում դեռեւս թարմ էին արյունոտ բռնության հետքերը, միանգամից սկսեցին բռնարարին արդարացնող բազում խոսակցությունները:

Ընդ որում, նրա արարքն արդարացնում են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք: Facebook սոցիալական ցանցում այս թեմայով հոդվածները մեկնաբանողներից գերակշիռ մեծամասնությունը մեղադրում էին կացնի հարվածներից դաժանորեն սպանված զոքանչին, իսկ ոճրագործի արարքն արդարացնում, թե իբր նրան «հասցրել են այդ քայլին»:

Սպանվածի հարևաններից շատերը եւս զոհի կարգավիճակում են ներկայացրել սպանությունը կատարած տղամարդուն:

«Հայաստանում մի միտում է այսօր նկատվում, երբ բռնարար վարքն ամբողջովին արդարացվում է հայ հասարակության կողմից»,- «Մեդիալաբին» ասում է հրապարակախոս, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ ցավալի է, բայց այս դեպքի դրդապատճառներից էր նաև լրատվամիջոցների տրամադրվածությունը:

«Դեպքից ընդամենը մի քանի ամիս առաջ նույն այդ տղամարդը «Կիսաբաց լուսամուտներում» ելույթ ունեցավ, և այնտեղ ներկա գրեթե բոլորը, այդ թվում՝ հոգեբանն ու այլ մասնագետները, միաբերան գովերգում էին այդ տղամարդուն՝  մյուս կողմին անգամ չլսելով: Նրան արդարացնում էին և մոտվացնում, որպեսզի նա գնա ու ավելի վատ բռնարարանքերի դիմի»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Հուլիսի 19-ին, ժամը՝ 13:00-ին, «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության դիմաց /հասցեն՝ Երևան, Եղվարդի խճուղի, 1/, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» կազմակերպում է բողոքի ակցիա:

http://www.youtube.com/watch?v=na-oVtjAm7M 

Հովհաննիսյանը նշում է, որ իրավապահ համակարգի անգործությունն էլ է այս հարցում դեր խաղացել: Մինչ այդ քրեական դատավարություն է տեղի եղել, այդ տղամարդու մեղքն ապացուցված է եղել, որ կինն ամիսներ շարունակ խոշտանգումների է ենթարկվել, բայց ընդհանրապես կյանքի չի կոչվել այդ վճիռը:

«Միաժամանակ այս դեպքով վերջին 10 օրվա ընթացում ոստիկանությունում ահազանգեր են եղել, որ տղամարդը սպառնում ու անհանգստացնում է նրանց, բայց ընտանիքի անվտանգությունը չի պահպանվել»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ ամեն անգամ Հայաստանում տեսնելով տարբեր ազգամիջյան բախումներ, բռնարարաքներ, չենք տեսնում բռնության դատապարտում ու բռնությունը կասեցնող որևէ կոչ: Դա այն բանի հետևանք է, որ հասարակությունը բռնության մշակույթի կրող է:

Հայաստանում այս տարի ընտանեկան բռնության դեպքերի աճ է արձանագրվել:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի տեղեկացմամբ՝ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 373 ընտանեկան բռնության դեպք, նախորդ տարվա 342-ի դիմաց: Այդ թվում՝ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 244 դեպք է գրանցվել: Այս տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով արդեն սպանվել է 4 կին:

«Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք պատրիարխալիզմի հստակ դրսևորում: Ընտանեկան երկարատև բռնության հետևանքով, երբ ինքնապաշտպանության ժամանակ կնոջ կողմից սպանություն է լինում, երբևէ չի արձանագրվում հասարակական լայն արձագանք, որ կինը ինքնապաշտպանվել է: Եվ այդ կանայք հիմա բանտում են՝ որպես մարդասպան: Որևէ մեկն այդ սպանությունների մոտիվացիան չի նայել, որ դա ինքնապաշտպանություն է, որևէ մեկը չի դիտարկել, որ դա երկար տարիների խոշտանգումների հետևանք է: Բայց երբ որ դա կատարում է տղամարդը, միշտ գտնվում է արդարացում»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ սա փաստում է, որ հայ հասարակության մեջ տղամարդու պաշտանմունքի դրսևորում կա: Միաժամանակ, իրավապահները լուրջ չեն ընդունում կանանց ահազանգերն այն մասին, որ իրենք տղամարդու կողմից ընտանեկան բռնության են ենթարկվում: Ըստ նրա՝  շատ դեպքեր կան, երբ քննիչները կանանց հորդորում են հաշտվել իրենց ամուսինների հետ այն դեպքում, երբ կյանքին սպառնացող ակնհայտ վտանգ կա:

Այն, որ իրավապահներն ընթացք չեն տալիս ընտանեկան բռնության ենթարկված կանանց ահազանգերը, փաստում է նաև Մարդու իրավունքների պաշտպանը:

Օմբուդսմենի վերջին զեկույցի համաձայն՝ ոստիկանությունը՝ որպես մարդու անվտանգությունը, հանցագործությունների կանխումն ապահովող իրավասու մարմին, չի կանխել ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքեր և պատշաճ չի արձագանքել դրանց:

2015 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված ահազանգերով և դիմում-բողոքներով վերհանվել են ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքեր: Մի շարք ահազանգների արդյունքում պարզվել է, որ նման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ քաղաքացիները ոստիկանության գործողությունները գնահատել են ոչ բավարար: Եղել է դեպք, երբ ոստիկանությունը ամուսնու կողմից բռնության ենթարկված կնոջ դիմումը չի ընդունել որպես հաղորդում և դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով չի կայացրել համապատասխան որոշում, այլ ուղղակի հաշտեցման կոչեր է արել:

Միաժամանակ խայտառակ դատավճիռներ կան, երբ տղամարդու կողմից կատարված սպանությունը որակում են որպես խանդի հողի վրա կատարված և աֆեկտ:

«Կան դեպքեր, երբ արդեն իսկ մահացված զոհին, ով չի կարող պատասխանել իր հասցեին հնչող մեղադրանքներին, վերագրում են անձնական կյանքին վերաբերող տարբեր արարքներ: Միաժամանակ շատ կարծրատիպային արտահայտություններ ունենք հասարակության կողմից այն մասին, որ՝ տղամարդուն հասցնում են այդ վիճակին: Ամենասարսափելին այն է, որ արդարացնում են հենց սպանությունը»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Ըստ ոլորտի աշխատողների, հենց դա է պատճառը, որ անցյալ տարիներին տեղի ունեցած աղմկահարույց կնասպանությունները՝ ամուսինների, նախկին ամուսինների, զուգընկերների կողմից այդպես էլ հասարակության կողմից պարսավանքի չեն արժանանում:

«Կանանց ռեսուրս կենտրոնի» համակարգող Լարա Ահարոնյանն ասում է, որ այս պատրիարխալ հասարակության մեջ մենք միշտ սովոր ենք պաշտպանել տղամարդուն, հորը, որ ինքն է առաջինը, դոմինանտն ու ղեկավարը:

«Իսկ կինը երկրորդ կարգի անձ է, տղամարդը չի կարող կնոջ առաջ սխալ լինել, և եթե սխալ բան արեց, ուրեմն կինը դրդել ու դրան է հասցրել»,- «Մեդիալաբին» ասում է Լարա Ահարոնյանը:

Նրա խոսքով՝ տղամարդկային արտոնությունների դեմ պայքարը վախեցնում է պատրիարխալ արժեքների վրա հիմնված հասարակությանը, որտեղ արժեքն ու կարևորը տղամարդն է, իսկ կինը երկրորդական է:

«Այն մտածելակերպն է, որ տղամարդը կնոջ առաջ չի կարող սխալ լինել, դրա համար էլ պաշտպանում են ու փորձում առանձնացնել իր անձը»,- ասում է Ահարոնյանը:
«2010-2015 թթ.-ին առնվազն 30 կին է սպանվել զուգընկերոջ կամ ընտանիքի անդամների կողմից» ,-նշված է  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից հրապարակված վերջին՝ «Կնասպանությունը Հայաստանում. լուռ համաճարակ» զեկույցում՝ նշելով, որ «ներկայացված տվյալներն ընտանեկան բռնությունների հետևանքով սպանությունների իրական թվի թերի հաշվառմամբ ու ոչ լիարժեք ներկայացումն է, քանի որ զեկույցում չեն ներառվել որպես ինքնասպանություն ու դժբախտ պատահար սխալ որակում ստացած կամ կարճված գործերը»:

Զեկույցում նշվում է, որ  2010 թ.-ից ի վեր կնասպանության մեջ մեղադրվողների ճնշող մեծամասնությունը դեռևս չեն դատապարտվել կամ ազատազրկվել՝ ներկայացնելով ողբերգական պայմաններում սպանված կանանց պատմությունները:

Չնայած Թագուհի Մանսուրյանի հակադարձումներին նախկին ամուսնու հայտարարություններին, թե չի խոչընդոտել երեխայի եւ հորը տեսակցությանը,  այնուամենայնիվ, հասարակության մեծ մասը մեղադրում է հենց բազմիցս բռնության ենթարկված կնոջը:

Հուլիսի 8-ի դեպքով սոցիալական ցանցերում մեկնաբանություններ գրողները մեծամասամբ պաշտպանում էին հանցագործ տղամարդուն՝ սպանված զոքանչին ներկայացնելով որպես նրա երեխայի տեսակցությունը խոչընդոտող:

Ընդ որում, նման կարծիքի են մեծամասամբ կանայք:

«Եթե եկել է իր երեխու ծնունդին ու զոքանչ կոչվածն էլ խանգարել է, ուրեմն շատ լավ է արել»,- Facebook-ում գրել է մի օգտատեր: Մեկ այլ կին էլ՝ հետևյալ գրառումն է արել. «Եթե նույն իրավիճակում ես էլ լինեի, Աստված չանի, ես էլ հաստատ կանեի նույնը: Կսպանեի էն մարդուն, ով չէր թողնի իմ երեխու հետ շփվել»:

«Մեր հանրությունը հիվանդ է, դա ծանր հոգեկան հիվանդություն է»,- «Մեդիալաբին» ասում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նրա խոսքով՝ այն, որ կանայք այդ մեկնաբանություններում պաշտպանում են հանցագործ տղամարդուն, դա հոգեկան հիվանդություն է մեր ազգում: Եվ այն կանայք, որոնք դժբախտ են, չեն ստացել սեր, տղամարդու պաշտպանություն, նրանք վրեժ են լուծում մյուս կանանցից և ուրախանում, որ ուրիշները դժբախտ են:

«Հայաստանում ողբերգական ու օրհասական մի երևույթ կա, այն  է, որ սկեսուրների, չեմ ասում բոլորի, բայց նրանց մի մասի մեջ մնում է ատելություն հարսների նկատմամբ, և իրենք փորձում են իրենց չստացված կյանքի, իրենց կորցրած երջանկության համար վրեժ լուծել՝ փչացնելով երիտասարդ կնոջ երջանկությունը: Եվ իրենք են իրենց տղաներին դաստիարակում հենց դահիճի կերպարներով: Տղամարդկային այդ կեղծ գերակայությունը, բացի ֆիզիկական առավելությունից, ուրիշ որևէ բանի վրա հիմնված չէ»,-  նկատում է Խզմալյանը: 

Նա ասում է, որ եկել է հետևյալ  եզրակացության՝ բռնապետությունն սկսվում է ընտանեկան բռնությունից:

«Այն, որ հայ հասարակության մի մասը կլանել է ասիական վայրենի բարքերն ու արժեհամակարգը, դա մեր մեծագույն ցավն է»,-ասում է Խզմալյանը:

«Կանանց ռեսուրս կենտրոնի» սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի սոցիալական ծառայության մասնագետ Աննա Հովհաննիսյանն ասում է, որ կոնկրետ այս դեպքով հասարակության մեկնաբանությունները փաստում են, որ սա «վլադիկասեր հասարակություն է»:

«Ապշած ենք հասարակության այս վերաբերմունքից, 80 մեկնաբանությունից 78-ի հեղինակները մարդասպանին են պաշտպանում»,- «Մեդիալաբին» ասում է Աննա Հովաննիսյանը:

Նրա խոսքով՝ պատրիարխալ հասարակության ամենակարևոր առանձնահատկություններից մեկը հենց այն է, որ մշտապես տղամարդուն, այս դեպքում՝ բռնարարին հերոսացնելու միտում կա:

«Դա իրականում պատրիարխալ հասարակության հետևանքներից մեկն է՝ զոհին էլ ավելի քարկոծել, էլ ավելի նվաստացնել: Այդ մեկանաբանություններում մենք կարդացինք՝ խոհեմ կինը չէր հրահրի դա, զոքանչին պետք էր հարյուր կտոր անել և այլն: Ուղղակի տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարելի է նման դիրքորոշում ունենալ»,- հավելում է մասնագետը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակի շտկման համար կարևոր է ԶԼՄ-ների աշխատանքը, քանի որ պատրիարխալ հասարակության գործիքներից մեկը հենց լրատվամիջոցներն են:

«Շատ կարևոր է, որ դեպքերը բազմակողմանիորեն լուսաբանվեն, չլինի միայն մեկ կողմի կարծիքը, այն էլ՝ բռնարարի: Մյուս կողմից շատ կարևոր է կրթությունը: Մեր դպրոցներում ուսուցանվում է, որ ուժն ավելի կարևոր է, որ միշտ ուժեղը պետք է հաղթի, կնոջ միակ նպատակն էլ այն է, որ երեխա ունենա և բռնության մեջ շարունակի ապրել՝ ընտանիքը չքանդելու համար: Այսինքն՝ շատ անելիքներ կան»,- ասում է Աննա Հովհաննիսյանը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am