«Բանակում զոհվում են միայն շարքայինները. մեղադրվում են միայն շարքայինները. հրամանատարական կազմն անձեռնմխելի է». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

-Տիկին Ալեքսանյան, Սյունիքում, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի: Ինչպե՞ս եք գնահատում, երբ այս պայմաններում իրար միջև բախումների հետևանքով զոհեր ենք ունենում: Արդյոք ՊՆ-ում իրականացվող փոփոխությունները հո՞ւյս են տալիս, որ, օրինակ՝ այս անգամ կլինի ամբողջական բացահայտում:

– Նման դեպքերը կրկնվում են, և սա ակնհայտ անպատժելիության մթնոլորտի պահպանում է հայկական զինված ուժերում: Դուք գիտեք, որ անցյալ տարի 100 մահվան դեպք է գրանցվել խաղաղ պայմաններում, պատերազմի զոհերին չհաշված: Դրանց շարքում կար 18 ինքնասպանություն, ինչը շատ կասկածելի թիվ է: Այս տարվա դեպքերից մի քանիսը ևս արդեն ներկայացվել են որպես ինքնասպանություն:

Ընդհանրապես, այս տարիների ընթացքում մեր աշխատանքային փորձը ցույց է տվել, որ դրանք սպանության դեպքեր են, այլ ոչ ինքնասպանության: Ողբերգությունն այն է, որ չկա այն վճռականությունը, կամքը՝ վերացնելու քրեական մթնոլորտը բանակում:

Դա է հիմնական պատճառը, որ այդպիսի դեպքերը կրկնվում ու շարունակվում են: Ի դեպ, ասեմ, որ Քննչական կոմիտեի նորանշանակ ղեկավարից էլ չի զգացվում, որ նա փոխելու է ինչ-որ բան, կամ վճռական է իրավիճակը փոխելու հարցում:

– Պաշտպանության նորանշանակ նախարարն իր անցած ուղիով, կենսագրությամբ կարո՞ղ է հուշել, որ լուրջ փոփոխություններ կարող են լինել այս ոլորտում, թե՞ քանի որ նույն համակարգի մարդ է եղել, հազիվ թե որակական փոփոխությունների ականատես լինենք:

– Փոփոխությունները պետք է համակարգային լինեն: Նոր նախարարի մասին ոչինչ չեմ կարող ասել, նրա գործունեությանն ընդհանրապես ծանոթ չեմ: Մինչ այս պահը նրա ելույթները, հայտարարությունները ավելի շատ քաղաքական են, քան ուղղված են պաշտպանական գերատեսչության ոլորտի խնդիրների լուծմանը: Երբ դեպքերը տեղի են ունենում, ՊՆ-ի տվյալ զորամասը և Քննչական կոմիտեն իրար հետ լեզու են գտնում և ոչ թե ձգտում են բացահայտել իրական պատկերը, այլ, փաստորեն, մտածում են, թե ինչպես կոծկեն գործը: Սա չի վերացել ՊՆ-ում:

Առայժմ նոր նախարարը բանակի այդ խնդիրների մասին չի խոսել: Հայտարարությունները, որ բարեփոխելու են բանակը՝ ռուսական բանակի օգնությամբ ու աջակցությամբ, ապա թող Ռուսաստանն իր բանակը փոխի, որտեղ նույն մթնոլորտն է, ինչ Հայաստանի բանակում: Նրանց ավանդույթների վրա է կառուցված մեր բանակը: Գուցե դեռ պատերազմական իրավիճակը թույլ չի տալիս, որ նախարարը խոսի այդ խնդիրներից, բայց նա ունի տեղակալներ: Մարդկային կյանքերի կորուստը բանակի ներսում եղած խնդիրների, ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով՝ դրանք իրենց համար երկրորդական խնդիրներ են:

Ես ասել եմ ու էլի եմ ասում, որ երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվեց, նա առաջին հերթին պետք է բանակումկյանքի իրավունքի հարցով զբաղվեր: Այդ հարցը պետք է շատ խիստ ու հետևողական դրվեր, որ նվազեցնեին մահվան դեպքերը բանակում, էլ չեմ ասում, որ իսպառ վերացվեին: Հիմա մենք տեսնում ենք, որ նույն վիճակն է, մենք պետք է շարունակենք այդ ոչ կանոնադրային հարաբերությունների, անպատժելիության մթնոլորտի պատճառով զոհե՞ր ունենալ բանակում:

Ընդ որում, այնպես չէ, որ միշտ զինվորներն են իրար սպանում: Մենք շատ հաճախ չենք տեսնում իրական կատարողին դատարաններում ամբաստանյալի աթոռին: Ինքնասպանությունները հենց դրա համար էլ որակվում են: Բանակի խնդիրները շարունակում են մնալ խնդրահարույց:

– Այսինքն՝ գողական բարքերը բանակում չե՞ն վերացել: Որքան էլ սննդի հարցը լուծեցին, որոշ ծառայություններ զինվորների վրայից հանվեցին, սակայն ոչ կանոնադրային հարաբերությունները չփոխվեցի՞ն:

– Ինչպես տեսնում եք՝ զոհերը միշտ շարքային զինծառայողներ են, մեղադրվողները ևս շարքայիններ են: Այսինքն՝ զոհվում են միայն շարքայինները: Ընդհանրապես, բանակում շարքային զինծառայողն այն մարդն է, որի հետ ոնց ուզեն՝ կարող են վարվել: Մենք դատարաններում պատասխան տվողների մեջ չենք տեսնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների:

Հրամանատարական կազմն անձեռնմխելի է և որևէ պատասխանատվություն չի կրում նրա համար, որ տվյալ զորամասում նման դեպքեր են տեղի ունենում: Կան զորամասեր, որտեղ այդ դեպքերը կրկնվում են: Չկա պատասխանատվության կանչելու մոտեցումը, բայց չէ՞ որ պետությունն ուղիղ պատասխանատուն է այդ փակ համակարգի:

Այն էլ մեր բանակը, որ այդքան տուժել է, ժողովուրդն այդքան կորուստներ է կրել, զոհեր ու գերիներ ունենք: Այս խնդիրները լուծելու համար պետք է նստեն, մշակեն հատուկ մեխանիզմներ, այդ կամքը պետք է ունենան: Նույնիսկ պարտությունից հետո, այս հետպատերազմյան իրավիճակներից հետո չի առաջանում իրավիճակը փոխելու պահանջը: Պետք է արժանապատիվ զինվոր ունենալ, բայց զինվորին նսեմացնում են բանակում:

– Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ բանակում այդ սպանություններն ու ինքնասպանությունները մնում են չբացահայտված:

– Այո՛: Մենք, օրինակ՝ հիմա 4 գործ ենք քննում ինքնասպանություն որակմամբ: 4 գործերով էլ անհերքելի ապացույցներ կան, որ դրանք սպանություններ են, և բոլոր միջնորդությունները, բողոքները արդյունք չեն տալիս: Օրինակ՝ ունենք Գյումրիի բնակիչ Գևորգ Հարոյանի դեպքը, երբ ԴՆԹ անալիզով պարզվել է, որ նրա մատնահետքերը չկան զենքի վրա, բայց, միևնույն է՝ ինքնասպանություն է որակված, ու դա չեն փոխում:

Այսինքն՝ ՔԿ նորանշանակ նախագահը պետք է արմատական փոփոխություններ կատարի թեկուզ քննության առումով, բայց ոչինչ չի փոխվել: Ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարելի է այդպես շարունակել, ինչպե՞ս կարելի է պատերազմից հետո, այդքան զոհերից հետո այդպես շարունակել պաշտոնավարել, և այդպիսի երկրորդական, երրորդական մոտեցում ունենալ բանակում մահերին:

Վերջին դեպքը, երբ Սարգիս Գրիգորյանի մահը ինքնասպանություն էին որակել, մենք բավականին անդրադարձանք այդ թեմային, նրան զինվորական կարգով չէին թաղել, բայց նա 44-օրյա պատերազմի միջով էր անցել: Նրա հայրն ասում էր, որ նա նահանջող չէր, մինչև վերջ կանգնել, կռվել է: Եվ հետո՝ ինչո՞ւ պետք է ինքնասպան լիներ: Լավ, եթե անգամ ինքնասպան է եղել, դա ի՞նչ վերաբերմունք էր: Միայն այդ վերաբերմունքն արդեն ցույց է տալիս, թե ինչ է կատարվում բանակում, ինչպես են վերաբերվում զինվորին:

Հիմա եթե դատական համակարգը փոխվի, գուցե ինչ-որ դրական փոփոխություն լինի, բա դատախազական ու քննչական մարմիններին ո՞վ պետք է վեթինգի ենթարկի: Ուզում եմ ասել՝ բանակը պետք է մի ընտանիքի նման լինի, պետք է սիրեն զինվորին, գնահատեն: Հենց այդ սերն ու լավ վերաբերմունքն են բացակայում մեր բանակում: Շատ են պատմել, որ այդ սերն ու վերաբերմունքը հենց կռվի դաշտում է, ամենաթեժ պահերին, բայց էստեղ դա չկա:

Միշտ էլ բարձր են գնահատվել հայ զինվորի հայրենասիրական պոտենցիալը, ներքին մղումը, կյանքը հայրենիքի համար զոհելու պատրաստակամությունը, ու դրան զուգահեռ չկա արժանի գնահատական զինվորի նկատմամբ: Եթե լիներ այդպիսի գնահատական, մենք չէինք տեսնի այս վերաբերմունքը: Ես չգիտեմ՝ ի՛նչը կփոխի հայաստանյան իրավական համակարգը:

Մանե Հարությունյան

MediaLab.am