«Հատիսի ամբողջ լանջը ճեղքել ու ճանապարհ են անցկացրել՝ խաթարելով մշակութային բազմաթիվ շերտեր, իսկ լեռան գագաթի ամրոցի մի զգալի հատվածը ավերվել է». Համլետ Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Monument watch ակադեմիական հարթակի ծրագրի գիտական ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը

Պարո՛ն Պետրոսյան, շաբաթ օրը Հատիս լեռան գագաթին տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի կառուցման հիմնարկեքի արարողությունը, ինչը հարուցեց մասնագիտական հանրության ու ոչ միայն դժգոհությունը: Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Թե՛ արձանի կանգնեցմանը, թե՛ դրա կանգնեցման համար ընտրված վայրին դեմ եմ, խիստ բացասական եմ վերաբերվում: Հայկական մշակութային լանդշաֆտը չի ենթադրում նման արձանների կառուցում, ընդհանրապես, մեր մշակույթը դարերով ստեղծվել է՝ որպես նշանային, այլ ոչ թե պատկերային մշակույթ: Մեր եկեղեցիների, վանքերի տարածքներում դրան փոխարինել է խաչքարը: Ինձ համար շատ զարմանալի է, երբ այս խաչքարակերտման գործընթացը, որը նույնպես կարգավորման կարիք ունի, կարելի է դիտել որպես ավելի երկրորդական, իսկ արձանի գաղափարը համարել դրական:

Երկրորդ կարևորագույն կետն այն է, որ մեր Սահմանադրության մեջ ամրագրված է Հայ Առաքելական Եկեղեցու առանձնահատուկ դերակատարումը, ինչը նշանակում է, որ ցանկացած վարչապետ, վարչարար որոշում կայացնելիս, պետք է նկատի ունենա, որ Եկեղեցին այնպիսի բան չէ, որին կարելի է արհամարհել, այլ պետք է նկատի ունենաս նրա կարծիքը ևս:

Մարդիկ, իհարկե, կարող են Քրիստոսի արձանն իրենց տանը, բակում, ամառանոցում դնել, բայց ոչ հրապարակային տեղերում՝ աղավաղելով դասական հայկական լանդշաֆտը: Բացի այս, հենց Հատիսի գագաթին գտնվում է Հայաստանի ամենաբարձր բրոնզի-երկաթիդարյան հզոր ամրոցը, մենք ուրիշ նմանօրինակ ամրոց չունենք, բայց եթե նույնիսկ Հատիսի գագաթին լիներ մի փոքրիկ դամբարան, հայաստանյան օրենսդրությունն ու կարգավորումները պահանջում են անպայման ստանալ համապատասխան գերատեսչությունների համաձայնությունը, ինչը ևս չի արվել, այսինքն՝ մարդիկ գնացել ինքնագլուխ արել են ինչ ուզել են ու կանգնեցրել են այսպիսի ծանր փաստի առաջ:

Այսօր, երբ մենք ադրբեջանական բռնայուրացման դեմ այսպիսի պայքար ենք մղում, սա մեծ հարված է թիկունքից, որը ցույց է տալիս, որ հայերն իրենք իրենց ժառանգությունը իրենց երկրի կենտրոնում այսպես ավերում են, էլ ի՞նչ եք ուզում օկուպանտ ադրբեջանցիներից՝ ինչ են արել, ինչ չեն արել Արցախում:

– «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հատիս լեռան տարածքում «իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի
աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն»:

– Բա այդ նկարներն ինչի՞ մասին են, դրանք արհեստակա՞ն են: Հատիս լեռան ամբողջ լանջը ճեղքել ու ճանապարհ են անցկացրել՝ խաթարելով մշակութային բազմաթիվ շերտեր, իսկ Հատիսի գագաթի ամրոցի մի զգալի հատվածը ավերվել է: Նախարարության դրած այդ նկարները նայեք, դրանք հանցագործության վկայություններ են, ո՞նց թե չեն արել:

Այդ հայտարարությունն էլ արվեց, երբ մենք այդքան աղմուկ բարձրացրինք, չէ՞:

Եթե այս աղմուկը չլիներ՝ բացատրական նման հայտարարություններ չէի՞ն լինի:

– Իհարկե, միանշանակ, ում համար պարզ չէ: Թող ժամանակին այդ ընթացակարգին հետևեին:

Պարո՛ն Պետրոսյան, իսկ պատկան մարմիններն ի՞նչ եզրակացություն կտան՝ ըստ ձեզ:

– Եթե հարցնում եք որպես հետազոտողի, ապա այնտեղ ոչինչ չպետք է կառուցվի: Հատիսի վրա հաստատ չպետք է կանգնեցվի: Հատիսի այդ տարածքում շինարարական որևէ աշխատանք անթույլատրելի է, նույնիսկ՝ պեղումների պարագայում, որոնք բացելու են հիանալի մի ամրոցի ներքին ամբողջ կառուցվածքը, այդ դեպքում այնտեղ մազ անգամ չպետք է շարժվի: Մասնագիտական իմ համոզմունքն է, որ ոչ մի բարձունքի վրա չպետք է կանգնեցնել այդ արձանը:

Ձեր խոսքում ասացիք, որ մինչ այս արված աշխատանքներն անթույլատրելի են օրենքով, ըստ էության հանցագործություն են: Որևէ մեկը դրա համար պատասխանատվության կենթարկվի՞, ինչ եք կարծում:

– Իհարկե հանցագործություն է: Ես գրառում արել եմ այդ մասով, չկրկնեմ, թե որքան օրենք են խախտել, բայց հարցն այն է, թե ներկայիս վարչակազմն այդ ամենը կանի՞, թե՞ չէ, երբ ինքն է առաջինը խախտել ամեն ինչ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am