Նոյեմբերի 11-ին Հանրային hեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այդ երկրի ԱԳՆ-ն վերջին հայտարարությունում չի հիշատակել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը՝ ենթադրելով, որ այդ հայտարարությունը «արտաքին լսարանի» համար էր, մինչդեռ Ալիևը ներքին լսարանի համար է խոսում։ Ընդ որում, Փաշինյանը դա ներկայացնում է որպես իր վերջին ելույթի հետևանք:
«…կարծում եմ, երեկվա ելույթը ծառայել է իր նպատակին, այն առումով, որ այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, և այդ հայտարարության մեջ ինչում են մեզ մեղադրում: Մեղադրում են, որ մենք Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք: Սա ինչով է կարևոր, որ տեսեք, որ չնայած նրան, որ Ադրբեջանի նախագահը իր խոսույթում զարգացնում է, անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, արտաքին գործերի նախարարությունը արդեն «միջանցք» բառը չի օգտագործում…»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքը վերաբերում էր իր՝ նոյեմբերի 9-ի կառավարության նիստի ընթացքում արած հայտարարություններին ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը։
Սակայն Փաշինյանի պնդումը, թե Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ չի ներառել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, սխալ է։
Հայտարարության թե՛ ադրբեջաներեն և թե՛ անգլերեն տեքստերում «Զանգեզուրի միջանցքը» հիշատակված է։
«Եռակողմ հայտարարության հայտնի դրույթի և Զանգեզուրի միջանցքիվերաբերյալ ՀՀ վարչապետի անհիմն պնդումների բոլորովին կեղծ մեկնաբանության առնչությամբ նշում ենք, որ Զանգեզուրի միջանցքը վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պատմական կապի վերականգնմանը, իսկ դա ենթադրում է նշված միջանցքի օգտագործումը խաղաղ և մարդասիրական նպատակներով»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Փաշինյանի մեջբերած հատվածը՝ Հայաստանի կողմից կոմունիկացիաների բացման գործը «վիժեցնելու մասին», գրված է «Զանգեզուրի միջանցքի» մասին տեքստից ընդամենը երկու պարբերություն առաջ։
Ամփոփելով նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը օգտագործել է նախկին մի շարք հայտարարություններում ևս։
Անի Ավետիսյան