Կրեմլն արձագանքեց Հայաստանի վարչապետի քննադատությանը ռուս խաղաղապահների հասցեին. «Ազատություն»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ ռուսական խաղաղապահ զորախումբը չի կատարում պարտավորությունները, որոնցից մեկը Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելն է:

«Ռուսաստանցի խաղաղապահներն ամեն ինչ անում են՝ իրենց հսկողության տակ գտնվող տարածքում կարգուկանոն և անդորր հաստատելու համար և գործում են բացառապես երկրների միջև ստորագրված փաստաթղթերի ոգուն ու տառին համապատասխան»,- ասել է Պեսկովը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Նրա փոխանցմամբ, Մոսկվան շարունակում է հիմնախնդիրը քննարկել հայ դաշնակիցների հետ:

Այսօր կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը նախ հիշեցրեց՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, ապա շեշտեց՝ դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, այն է վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։

«Իհարկե նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա, և, մասնավորապես, վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը», – ասաց գործադիրի ղեկավարը։

Էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ 11 օր շարունակ արգելափակում են Հայաստանը և Արցախը կապող միակ ճանապարհը:

Միջազգային հանրությունը, մեծ թվով պետությունների արտաքին գերատեսչություններ և իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես վերացնել արգելափակումը, որը մարդասիրական ծանր ճգնաժամ է առաջացնում Լեռնային Ղարաբաղում: