Հրազդանից կենդանաբանական այգի տեղափոխված գորշ արջը վարքագծային շեղումներ ունի։ Այդ մասին տեղեկացնում է ԵԿԱ հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։
«Սույն թվականի հունիսի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ Հրազդանից ԵԿԱ է տեղափոխվել գորշ արջ: Կենդանին արու է, 6 ամսական, քաշը՝ 8 կիլոգրամ: Մասնագետի խոսքով՝ քաշը տվյալ հասակի քոթոթի համար բավականին քիչ է, ինչը խոսում է կենդանու ոչ լիարժեք խնամքի մասին:
Կենդանու ծագման վերաբերյալ ստույգ տվյալներ չկան: Դատելով կենդանու վարքագծից՝ արջը երկար ժամանակ խնամվել է մարդու կողմից. չի վախենում մարդկանցից և կեր է պահանջում: Գորշ արջը տվյալ տեսակին ոչ բնորոշ վարքագիծ է դրսևորում՝ ծծում է թաթը, նյարդային շարժումներ անում: Վարքագծային շեղումների առաջացման պատճառը մարդկանց կողմից ոչ գրագետ խնամքն ու կերակրումն է:
Ներկայումս կենդանին գտնվում է կարանտինային բաժանմունքում, կատարվում են ամենօրյա հետազոտումներ, նախատեսվում են նաև լաբորատոր հետազոտություններ: Արջի առողջական վիճակի մասին լիարժեք ինֆորմացիա կարող ենք տրամադրել 1 ամսից՝ կարանտինային ժամանակահատվածի ավարտից հետո»: