Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի պայմաններում Լյուքսեմբուրգը կանգնած է հայ ժողովրդի կողքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Twitter-ում նման գրառում է կատարել Լյուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով երեկ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի միջև կայացած հանդիպմանը:

«Այս համատեքստում Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը», – նշում է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն:

Գերատեսչությունն անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը:  

«Մենք ողջունում ենք ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը, որին Լյուքսեմբուրգը կնպաստի, և որը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը ԵՄ հանձնառության շոշափելի ապացույց է», – գրված է հայտարարությունում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Կողմերը կարևորել են միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական քայլերը:

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: