Հայաստանում ինչ-որ մեկը 300.000 դոլար գումար է վճարել, որպեսզի իդեալական, ասել է թե՝ միայն զրո թիվ պարունակող պետհամարանիշի տերը դառնա: Չնայած նրան, որ այս լուրերը շտապեցին հերքել, այդուհանդերձ, մինչ այդ 98 անձ հերթագրվել էր ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի համար, որի մեկնարկային գինը 20 միլիոն դրամ էր (50 հազար դոլար): Փաստացի մոտ 100 մարդ ի սկզբանե պատրաստ էր 50.000 դոլար գումար վճարել պետհամարանիշի համար:
Այս լուրը, բնականաբար, ալեկոծեց սոցիալական ցանցերը: Մի մասը պնդում էր, որ դա հանրության գործը չէ՝ նստել ու մտածել, առավել ևս՝ թելադրել, թե ով ինչի վրա կծախսի իր վաստակած գումարը: Մի մասն էլ բողոքում էր, որ չտեսությունն ու ճոխության ցավը արդեն իսկ կարելի է մեր հասարակության քրոնիկ ախտորոշումներից համարել:
Մեծ մասը, իհարկե, խոսք չուներ, քանի որ միջին վիճակագրական քաղաքացու համար այն, ինչ կատարվում է, հատկապես երբ այն դիտարկենք տեղի ունեցող սոցիալ-քաղաքական կոնտեքստում, պարզապես աբսուրդի ժանրից է: Դժվար է դրա համար համապատասխան էմոցիա գտնել:
Մանրամասնեմ միտքս. մեր երկրի վարչապետը հաճախ է կրկնում, որ իր քաղաքական թիմը գործում է իզմ-երից դուրս: Հավանաբար կարծելով, որ մարդիկ բացասական են վերաբերվում տարատեսակ՝ ռասիզմ, սեքսիզմ, սոցիալիզմ և կապիտալիզմներին…
Բայց խնդիրն այն է, որ հենց իզմ-երն են ձևավորում խաղի կանոնները: Ցույց են տալիս քաղաքական ուժի դիրքը, գաղափարական հիմքը, արժեքները, ձգտումները և, փաստացի, դրա հետ առնչվելու խաղի կանոնները:
Եթե դու քեզ ներկայացնում ես որպես լիբերալ կապիտալիզմի գաղափարի կրող, հավանաբար քեզնից չարժի ավելի շատ սոցիալական ապահովության մասին խոսել, բայց, օրինակ՝ հարկային քաղաքականության մասին պատրաստ ես և ուզում ես երկար քննարկումների մեջ մտնել: Ասելով «մենք իզմ-երից դուրս ենք»՝ փաստացի ասում ես, որ մենք չունենք գաղափարական, արժեքային հենք, չկան կոնկրետ նպատակներ, չկան խաղի կանոններ:
Նախկին իշխանությունները նույնպես մեծ հաշվով իզմ-եր չունեին: Բացի մեկից՝ էլիտարիզմից: Սա նշանակում էր, մենք՝ քաղաքական էլիտան, լավ լինենք, իսկ ժեխը թող յոլա գնա: Իհարկե սրա մասին չէր խոսվում, հակառակը՝ միշտ շեշտվում էր, որ «ժողովրդի հետ և ժողովրդի համար», բայց մեծ հաշվով բոլորը գիտեին ընթացիկ խաղի կանոնները: Դատարանի վերաբերմունքը էլիտայի ներկայացուցչին ու այդ խմբից դուրս գտնվող մարդուն լինելու է տարբեր: Մուտքը դեպի շուկա էլիտայի ներկայացուցչի համար գործում էր լիովին այլ, իսկ հասարակ քաղաքացու համար՝ այլ կանոններով: Նույնը վերաբերում էր մեքենա վարելու, ոստիկանին կոպտելու, բժշկական օգնություն ստանալու բոլոր կանոններին:
Բոլորը հավասար չէին ոչ քրեական, ոչ վարչական, ոչ էլ բարոյական օրենքի առաջ:
Ու բոլորը սա գիտեին:
Ապրում էին ըստ այս խաղի կանոնների: Այն աշխատում էր, քանի դեռ էլիտան ցույց էր տալիս, որ իր հիմնական գործունեությունը լավ է կատարում: Այն է՝ պաշտպանում է ժողովրդին դրսից եկած վտանգից: 2016 թվականին այս բալանսը խախտվեց: Ժողովուրդը մեծ հաշվով այդ օրերից սկսեց ընդվզել:
Այս իրավիճակում բնական էր, որ իշխանության եկավ մարդ և թիմ, որը խոստանում էր արդարություն և անկեղծություն: Ինչ էր սա փաստացի նշանակում: Անկեղծությունը նշանակում էր, որ ժողովրդի հետ խոսելիս չես փորձի նրան հիմարի տեղ դնել, անտեսել, իսկ արդարությունը փաստացի նշանակում էր աճող սոցիալական անհավասարության հարթեցում: Ահա թե ինչու այսքան ազդեցիկ դարձան թալանչիներին և գողերին ասֆալտներին փռելու տարատեսակ խոստումները:
Ի՞նչ եղավ արդյունքում: Մեծ հաշվով՝ ոչինչ: Երբ տարբեր մարդիկ խոսում են, որ իշխող քաղաքական թիմը տապալել է հեղափոխության իդեալները, հավանաբար ի նկատի ունեն, որ այդպես էլ տեղի չունեցավ ռեսուրսների մեծ վերաբաշխում կամ արժեքների փոփոխություն, ինչին հավանաբար նրանք թյուրիմացաբար սպասում էին: Ես կարծում եմ, որ այն չէր էլ կարող տեղի ունենալ, քանի որ իշխանության եկած թիմը, բացի նախկիններին իրենց պաշտոններից հանելուց ու փողոց նետելուց, ոչինչ չէր խոստացել: Իսկ իր խոստացածն արեց: Հեղափոխությունն ուներ կարգախոսներ և զրո գաղափար ու գաղափարահենք ծրագիր:
Ի հետևանք տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Մարդիկ եկան և սկսեցին փորձել տեղավորվել նախկին էլիտարիստական համակարգի մեջ: Բայց այդ համակարգը միայն սեփական անձը սիրելով չէ, որ ձևավորվում է:
Այն ենթադրում էր սոցիալական որոշակի տիպի հարաբերություններ, որոշակի արժեհամակարգ, որոշակի ճաշակ, անգամ որոշակի քայլվածքի ձև, որը համակարգի անդամները ձեռք էին բերում ժամանակի ընթացքում իրար հետ նույն կաթսայի մեջ եփվելով, իրարից ընդօրինակելով:
Հեղափոխության հետ եկած նոր էլիտան չուներ այս բոլոր հմտությունները: Նրանք տարբեր կենսագրությամբ, իսկ հաճախ նաև՝ շատ տարբեր արժեքներով մարդիկ էին: Եվ դա է պատճառը, որ այսօր, փորձելով տեղավորվել նախկին էլիտարիստական համակարգի մեջ, հաճախ տձև, մի տեսակ ծուռմռտիկ պատկեր են ձևավորում:
Ասես նախկինի ծաղրանկարը լինեն: Երբ բարձր պաշտոնյան չի դիմանում և թքում կամ վիրավորում է դիմացինին, հետո ասում է, որ զղջում է, իսկ հետո այլ պաշտոնյա մեկ այլ բան է ասում, հետո պարզվում է, որ հուզված էր… և այլն, և այլն…
Այս ամենը հստակ վկայում է միայն մեկ բանի մասին: Եկած քաղաքական վերնախավը փորձում է հագնել նախկինի էլիտարիստական կոստյումը, քանի որ սեփական հագուստը չունի: Բայց այս վերնախավը չգիտի, թե կոստյումի մեջ ինչպես պետք է քայլի, որտեղ են վարքագծի սահմանները, և ինչպես են դրանք արտահայտվում:
Ինչու այսքան երկար սրա մասին խոսեցի:
Մարդու ուղեղի համար ամենատհաճ վիճակը իրերի անկանխատեսելի, անտրամաբանական ընթացքն է: Գիտական փորձեր են արվել հատուկ վիրտուալ ակնոցով, երբ, օրինակ՝ գնդակը նետում ես ներքև, իսկ այն թռչում է օդ, դու կրկին նետում ես, այն թռչում է կողք, և այս ամենի մեջ չկա ոչ մի տրամաբանական կապ կամ օրինաչափություն: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդը այդ պահերին ուժգին տագնապ և դիսկոմֆորտ է զգում, հրաժարվում է այլևս այս ամենին մասնակցելուց:
Հիմա մենք տեսնում ենք, որ մի կողմից ՏՏ ոլորտում ՄԻՋԻՆ աշխատավարձը 1,1 միլիոն դրամ է: Իսկ երբ ես որպես կլինիկական հոգեբան աշխատում էի դեմենցիայով տառապող տարեցների հետ, պետությունը նման ծառայության համար վճարում էր 80.000 դրամ:
Իսկ հետո հեռուստացույցով երկրի վարչապետը կարող էր ասել. «Եթե մարդը ամսական աշխատում ա 75.000 դրամով, դա նշանակում ա, որ մարդը նորմալ կրթութուն չի ստացել»:
Բայց անմիջապես հետո կարող էինք լսել այն մասին, որ, օրինակ՝ ուսուցիչը պետք է ստանա 800 հազար աշխատավարձ, իսկ հետո լսում էինք այն մասին, որ արտոնությունները տրվում էին ՏՏ ոլորտին, բայց զրո խոսակցություն, ասենք, պարենային անվտանգությունն անմիջապես ապահովող ոլորտների մասին:
Խոսվում էր ցուցամոլության դեմ պայքարից, բայց 50 հազար դոլարով համարանիշ է վաճառվում, խոսվում է մեզ թալանածներից, բայց հետո պարզվում է, որ սեփական անկրթությունն է մեղավոր, որ մենք քիչ ենք վաստակում…
Քանի որ մեր քաղաքական տիեզերքում չկան խաղի կանոններ, մեր գցած գնդակը թռչում է ամենաանհավանական ուղղություններով: Հասարակ քաղաքացու համար երկրում սոցիալական և տնտեսական անհավասարությունը միայն խորանում է:
Մարդկանց տարբեր խմբերի միջև սոցիալ-տնտեսական անդունդ է գոյանում, ինչը նշանակում է, որ տարբեր խմբեր զրկվում կամ արտոնություններ են ստանում բժշկական, կրթական, մշակութային ծառայություններից օգտվելու հարցում: Եվ այս ամենը համեմված է խաղի կանոնների, տեսլականի բացակայությամբ և մեդիայից լսվող իրարամերժ հայտարարություններով: Հասարակական միտքը այս ամենից ընկճվում է, այլևս չի ուզում մասնակցել և հաճախ ընտրում է պարզապես հեռուստացույցն անջատելը:
Եվ թերևս շատ խորհրդանշական է, որ մի երկրում, որտեղ տասնյակ հազարավոր փախստականներ կոպեկներ են հաշվում, ընտանիքներով կուչ գալիս իրենց համար ծայրահեղ բարձր գնով վարձակալած բնակարաններում, ինչ-որ մարդիկ պատրաստ են շատերի համար անհավանական գումար տալ ԶՐՈՆԵՐԻ համար: Շատ թանկ դատարկություն: Տեսք՝ առանց բովանդակության: Կարծում եմ՝ սա մեր երկրի ու ժամանակի ամենադիպուկ խորհրդանշանն է:
Լիանա Խաչատրյան
MediaLab.am