Մինչ բոլորս տեղեկացանք այն մասին, որ քաղաքապետը բիզնես դասի տոմսով է գործուղման մեկնել, իսկ իր հետ գնացած ութ աշխատակիցներին տարել էկոնոմ դասով, պարզվեց, որ քաղաքում տրանսպորտային կոլապս է։ Վարորդները գործադուլ են արել։
Առավոտյան մարդիկ արթնացան ու սկսեցին սառչել կանգառներում։ Տաքսիստները, բնականաբար, իրավիճակին արձագանքեցին արագ թանկացմամբ։ Թե ինչպես սա ազդեց աշխատաշուկայի և հանրության առանց այդ էլ լարված նյարդերի վրա, կարելի է միայն գուշակել։ Այդուհանդերձ, չնայած ամբողջ օրը Երևանը տրանսպորտի տեսակետից գրեթե դատարկ էր, վարորդների բողոքը ավելի շատ դժգոհություն և հարցեր առաջացրեց, քան սատարող արձագանք։ Ինչո՞ւ։
Կարծում եմ՝ թիվ մեկ խնդիրն այստեղ երկրում և առհասարակ հանրության մեջ համերաշխության բացակայությունն է։ Դեռևս անկախության առաջին տարիներից, երբ թղթի վրա պայմանավորվեցինք, որ ստեղծելու ենք սոցիալական պետություն, գետնի վրա փաստացի անցանք վայրի կապիտալիզմի։ Առանց օրենքի և խաղի կանոնների, ջունգլիների կանոնի համաձայն՝ յուրաքանչյուրը նայում է իր շահին։ Կորչի ամեն տեսակ համերաշխությունը, թող տարրալուծվեն և վերանան արհմիությունները, իրավագիտության մակարդակը թող ձգտի զրոյի։ Աճեց այսպես կոչված «շեֆ ջան»-երի մշակույթը։ Խումբը հավաքվում է փողատիրոջ կամ գործատուի կողքին՝ ելնելով բացառապես սեփական շահից, ու վերջ։ Մնացած ամեն ինչը դառնում է երկրորդական։
Թե ինչո՛ւ այսպես եղավ, հատորներով վերլուծություն է պահանջում, բայց փաստը մնում է փաստ, որ այսօր ունենք հանրություն, որում գրեթե չկան իրապես միմյանց, խաղի կանոնների և օրինականության մասին մտածող կառույցներ։ Յուրաքանչյուր մարդ և խումբ նայում են նախ և միայն սեփական շահին։ Արդյունքում՝ դրանից շահում են միայն բյուջեի հաշվին բիզնես դասով ճանապարհորդող փոքրաթիվ մարդիկ, իսկ մնացած բոլորը տուժում են։
Վարորդները երկար-բարակ փորձում էին բացատրել, թե ինչու են բողոքում։ Հստակ ասվեց թերևս իրենց վրա վաճառված համազգեստի և զուգարանների բացակայության մասին։ Մնացած բողոքը լղոզված էր, ինչը տարակուսանք առաջացրեց հանրության մոտ։ Հիմնական հետևությունը թերևս այն եղավ, որ վարորդները չեն ուզում անցնել մաքուր աշխատավարձի, քանի որ ստվերայինը նույնպես շատ եկամուտ էր բերում, իսկ հիմա դրա հնարավորությունը կորչում է։
Սոցիալական ցանցերում հնչեցին նաև բողոքներ, որ քանի ամիս է՝ խոսվում է տրանսպորտի գների բարձրացման մասին, և վարորդները մի օր գործադուլ չարեցին՝ պահանջելով խնայել առանց այդ էլ աղքատ հանրությանը։ Բայց հիմա նեղվում են այն հանգամանքից, որ իրենց ստիպում են ուղևորից տոմս պահանջել։ Ստացվում է, որ քանի դեռ դա անմիջապես իրենց չէր վերաբերում, ամեն ինչ նորմալ էր։
Բայց մի կողմ թողնենք հարցի հուզական կողմը։ Ընդունենք, որ վարորդների պահանջներն իրոք արդար են։ Ի վերջո քաղաքային տրանսպորտ վարելը բարձր սթրեսով ծանր աշխատանք է, տարրական հիգիենայի համար պայմաններ ապահովելն էլ պարտադիր է յուրաքանչյուր գործատուի համար։
Այդ դեպքում ինչո՞ւ կրկին կարծես ոչինչ չի ստացվում։ Կարծում եմ՝ խնդիրը նախնական համերաշխության, կազմակերպվածության բացակայության մեջ է։ Եթե վարորդներն ունենային արհմիություն, որը նախապես կտեղեկացներ սպասվող գործադուլի մասին, ըստ ՀՀ օրենքի, ոչ ոք չէր կարող նրանց գործից ազատել։
Բայց նայեք ձեր շուրջը, քանի՞ գործող արհմիություն եք տեսնում։ Քանի՞ աշխատակից գիտեք, որ պատրաստ է հետևողական պաշտպանել ոչ միայն իր, այլ նաև գործընկերների իրավունքները։ Աշխատավայրերում հաճախ գործում է «իրար տակ փորոցի»-ն, որը ձեռնտու է միայն վատ ղեկավարներին և առհասարակ վատ կառավարիչներին։
Մենք հռչակել ենք Հայաստանը ժողովրդավարական երկիր։ Սպասում ենք, որ պետությունը պետք է ապահովի անձի իրավունքները։ Ու հաճախ այսպես էլ նստած, նեղացած սպասում ենք։ Մենք մոռացել ենք, սակայն, որ մարդու և աշխատավորների իրավունքները վաստակել և պարտադրել են արյունահեղությամբ թե՛ Արևմուտքում, թե՛ աշխարհի մեր կողմերում։
Այսօր ունենք մի երկիր, որտեղ թղթի վրա բավականին լավ օրենքներ ունենք, առնվազն Աշխատանքային օրենսգիրքը շատ փափուկ վերաբերմունք ունի աշխատողի նկատմամբ։ Բայց արի ու տես, որ գետնի վրա մենք չենք կարողանում օգտվել այս իրավունքներից, քանի որ մեզ չի հետաքրքրում մեր գործընկերների վիճակը։
Մեզ հետաքրքրում է միայն մեր խնդիրը։ Կառույցներ, արհմիություններ հիմնելը մենք համարում ենք պարապների զբաղմունք, հին մարդկանց բորբոսնած մտածելակերպ։ Հետո զարմանում ենք, թե ինչո՛ւ են մեր արդար բողոքը համարում օրենքի խախտում։
Ոչ մի պետություն, ոչ մի իշխանություն երբեք չեն գալու և ի սրտե չեն պաշտպանելու հանրության իրավունքները, եթե հանրությունն ինքը դա չի պահանջում։ Մեկ մարդու հանելով և այլ, թեկուզ ավելի բարի մարդու դնելով սրան նույնպես չես հասնի։ Վարորդից մինչև ուսանող, գործատուից մինչև քաղաքական գործիչ՝ բոլորն իրենց իրավունքների համար պետք է պայքարեն։
Դրա թերևս ամենաարդյունավետ միջոցը միասին, հետևողական պայքարն է։ Տարբեր կազմակերպված խմբերով, քայլ առ քայլ, մշակույթ փոխելով, պահանջներ դնելով։ Պետությունը միշտ վերևից «սեղմելու» է, հասարակական կառույցների նպատակն էլ ներքևից վերև «սեղմելն» է։ Ոչ թե դրամաշնորհների արժանանալը, ոչ թե գեղեցիկ միջոցառումներ անցկացնելը (այս ամենը նույնպես կարող է լինել, բայց բացարձակապես երկրորդական է), այլ ներքևից վերև ճնշում գործադրելը, ստիպելը, որ քեզ լսեն։
Առանձնացած, ծվեն-ծվեն եղած, մասնատված, իրար ատող ու «տերը թաղող» հասարակությունն ի վիճակի չէ նման ճնշում գործադրել։ Հետևաբար՝ դատապարտված է միշտ մնալ ճնշման ներքո ու օտար երկրների դեսպանությունների առջև վիզա ու քաղաքացիություն մուրալ, քանի որ տեղում չի կարողացել լեզու գտնել յուրայինների հետ և ինքնակազմակերպվել։
Լիանա Խաչատրյան
MediaLab.am