Վճռական վանկարկումներ, պայքար ու ցավ. հասարակական ցասում ու մոմավառություն՝ «Հանցաքարում» (Տեսանյութ)

Վճռական վանկարկումներ, պայքար ու ցավ. հասարակական ցասում ու մոմավառություն՝ «Հանցաքարում» (Տեսանյութ)
Վճռական վանկարկումներ, պայքար ու ցավ. հասարակական ցասում ու մոմավառություն՝ «Հանցաքարում» (Տեսանյութ)

«Ամո՛թ», «Արդարություն», «Նեմեց մարդասպան» վանկարկելով այսօր բազմաթիվ քաղաքացիները նախատեսվածի համաձայն հավաքվեցին «Հարսնաքար» ռեստորանի մոտ՝ երեկ հոսպիտալում դաժան ծեծից մահացած Վահե Ավետյանի հիշակին կազմակերպված մոմավառություն բողոքի ակցիային մասնակցելու:
Հասարակական ցասումն առաջացավ այն բանից հետո, երբ հունիսի 17-ին Վահե Ավետյանն իր ընկերների հետ դաժան ծեծի ենթարկվեց «Հարսնաքարի» ավտոկայանատեղիում:
Չնայած անձրեւին, բազաթիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցողներ իրենց բողոքն արտահայտեցին, պատերի երկայնքով մոմավառություն կազմակերպելով, իսկ պատերին «Հանցաքար», «Սպանդանոց» եւ նմանատիպ գրություններ թողնելով:

Չնայած բողոքի ալիքին եւ ոստիկանների դիմադրությանը, վանկարկումներին եւ աղմուկին, «Հարսնաքարում» մարդիկ կային, որոնք նույնիսկ նման իրավիճակում շարունակում էին խնջույք անել, իսկ ավելի ուշ հաղորդվում էր նաեւ հրավառության մասին:

Հիշեցնենք, որ 33-ամյա երկու անչափահաս երեխայի հայր Վահե Ավետյանը մահացել է երեկ՝ 12 օր կոմայի մեջ գտնվելուց հետո: Դաժան ծեծի հետեւանքով ծայրահեղ վնասվել էր Վահե Ավետյանի գլուխը՝ ուղեղում առաջացել էր հեմատոմա, որի հետեւանքով գլխուղեղի մի կիսագունդը որոշ չափով տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ:

Հունիսի 17-ին՝ ծեծից հետո, գիշերը 03:00-ին նա հոսպիտալ էր տեղափոխվել եւ ենթարկվել գանգուղեղի վիրահատության: Սակայն, աղոտ հույսերն այն մասին, որ նա կփրկվի չէին արդարացել նույնիսկ երկրորդ վիրահատությունից հետո:

ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանը մահացել էր հունիսի 29-ի՝ երեկոյան:

Գործի կապակցությամբ ձերբակալվել էին 7 հոգի՝ ռեստորանային համալիրի 5 անվտանգության ծառայող, 1 մենեջեր եւ 1 մատուցող:

«Դուք չեք կարող պատկերացնել իմ ապրումները»,-ի պատասխան tert.am-ի հարցման պատասխանել էր «Հարսնաքարի» սեփականատեր իշխանական ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը,որի խոսքերին շատերը խիստ վերապահումով են մոտենում-Ուզում եք ասեմ, որ բոլոր մեղավորները կպատժվե՞ն. իհարկե կպատժվեն, օրենքի ողջ խստությամբ կպատժվեն: Բայց ի՞նչ դրանից, կվերադարձնե՞նք Վահեին, իհարկե չենք կարող: Ի՞նչ պիտի ասեմ նրա ընտանիքին»:

«Հարսնաքարի» մոտ տեղի ունեցած մոմավառությունից հետո, վաղը՝ ժամը 13:00-ին նախատեղվում է բողոքի ակցիա անցկացնել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց:

© Medialab.am

Տեսանյութը՝ «Մեդիալաբի»