«Երբ մենք իսկական անկախություն ստացանք, արգելված էր այդ այլանդակությունը». Նիկոլայ Ծատուրյան

«Երբ մենք իսկական անկախություն ստացանք, արգելված էր այդ այլանդակությունը». Նիկոլայ Ծատուրյան
«Երբ մենք իսկական անկախություն ստացանք, արգելված էր այդ այլանդակությունը». Նիկոլայ Ծատուրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

-Պարոն Ծատուրյան, վերջին օրերին դարձյալ սրվել է ռաբիս երաժշտության թեման, կրքերը թեժացել են Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող հայտնի հաղորդաշարի շուրջ, որում ռաբիսը որպես մշակութային ճյուղ է ներկայացվում: Ինչո՞ւ են նման հաղորդումները հեռարձակվում, այդ պահանջարկը կա՞:

-Երբ մենք իսկական անկախություն ստացանք այն տարիներին, Հենրիկ Հովհաննիսյանն էր այնտեղ ղեկավար, և նա արգելեց: Արգելված էր այդ այլանդակությունը: Հիմա վերածնվում է: Եվ  ի ամոթ մեր ժողովրդի, ժողովուրդը շատ հավանում ու սիրում է դա: Անվերջ կարելի է մարդկանց ճաշակը փչացնել, հետո նրանք նորից կբարձրանան ծառի վրա և կսկսեն նորից բանան ուտել:

-Այսինքն՝ հանրության մոտ ռաբիսի պահանջարկը կա՞:

-Ես չգիտեմ այդ փոխհարաբերությունները, բայց էն օրը մի քիչ լսեցի էդ երգերը… Յախք-յախք:

-Հաճախ պատճառաբանություն ենք լսում, որ հասարակության պահանջն է դա:

-Երբ որ հասարակությանը չես տալիս բարձր արվեստ, նա սովորում է այդ այլանդակությանը և սկսում է արդեն վարժվել դրան: Երբ երեխան ծնվում է մի տանը, որտեղ ամեն ինչ թափթված է, նրա  աչքին սովորական է դա դառնում: Այ դա է այսօր մեզ մոտ:

-Որտեղի՞ց է գալիս այդ թափթփվածությունը, գուցե «վերևների՞ց» է թելադրվում այդ ճաշակը:

-Որովհետև Կոմիտաս չեն լսում, ես ինչ գիտեմ ինչ են լսում: Որովհետև Արամ Խաչատրյան չեն լսում, էդ են լսում, Առնո Բաբաջանյան չեն լսում, էդ զահրումարն են լսում, Տիգրան Մանսուրյան չեն լսում: Փոփ արվեստն էլ գոյություն ունի, բայց թող գոնե ջազ լսեն, այ մարդ, ոնց որ Գյումրիում են ջազ փառատոն անում: Հետո հերիք է ինչքան մենք ընկանք ասիական քարոզչության մեջ, առանց այդ էլ մեր ժողովրդի կեսը եվրոպացի է, մյուս կեսը՝ ասիացի: Դառանք եվրոպացի, հերիք է էլի: Մանավանդ որ Ասիայից բան չունենք սովորելու, բացի գլուխները կտրելուց, ես ինչ գիտեմ ինչ այլանդակություններից:

-Մենք ականատես եղանք, որ մեր իշխանությունները պարգևատրում են ռաբիս երգչին, այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ ամենաբարձր ատյաններից է թելադրվում այդ ճաշակը:

-Շատ ներողություն, իսկ իշխանության մեջ ովքե՞ր են: Էլի գեղացի անճաշկներ են, էլի: Գեղից դուրս եկած են, որոնք իրենց ճաշակը թելադրում են ամեն տեղ: Բացառություններ, իհարկե, կան իշխանության մեջ, բայց քանի որ նրանք փոքրամասնություն են, իրենց ճաշակը չեն կարողանում թելադրել:

-Այս վիճակը շտկելու համար ի՞նչ պետք է արվի:

-Դպրոցներում պետք է անպայման անցկացնել մշակութային դասեր, պետք է դնել գեղեցիկ երաժշտություն, երեխաներին անպայման տանել թատրոն, որտեղ լավ ներակայացումներ կան: Պետք է դպրոց բերեն ու ֆիլներ ցույց տան երեխաներին, բայց էն ֆիլմերը, որոնք իրենցից արժեք են ներկայացնում: Այ եթե փոքր ժամանակվանից երեխաներին էդ ճաշակը ներարկեն, վաղվա սերունդն էլ չի ուզենա ռաբիս լսել:

Էմմա Մանուկյան

MediaLab.am