«Նման զարգացումները խորացնում են անվստահությունը»․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը՝ Գանձասարի շուրջ զարգացումների մասին

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամները հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Գանձասար վանական համալիր և դրան կից թանգարան դիվանագետների այցի ընթացքում հայկական մշակութային ժառանգության ներկայացման հետ կապված զարգացումների վերաբերյալ։ Նրանք զգուշացնում են, որ նման քայլերը կարող են խորացնել անվստահությունն ու վնասել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հայտարարություն

Խաղաղության կամուրջ նախաձեռնություն, Հայաստան

Խաղաղության կամուրջ նախաձեռնության հայաստանյան անդամները մտահոգություն են հայտնում Գանձասար միջնադարյան վանական համալիր և դրան կից թանգարան դիվանագետների այցի ընթացքում հայկական մշակութային ժառանգության ներկայացման հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ։

Այն պահին, երբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արդեն իսկ արձանագրվել է նշանակալի առաջընթաց, և երկու հասարակություններից ակնկալվում է տասնամյակների հակամարտությունից հետո շարունակել անցումը հարաբերությունների նոր մշակույթի, հանրային խոսքն ու գործողությունները կարևոր նշանակություն ունեն։

Վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը և լրացուցիչ տարածք են ստեղծում նրանց համար, ովքեր պնդում են, թե երկխոսությունն անիմաստ է, իսկ խաղաղության հասնելու փորձերն՝ ապարդյուն։ Խաղաղության կառուցումը պահանջում է բարդ և անկեղծ խոսակցություն, միմյանց մտահոգությունների նկատմամբ ուշադրություն և գիտակցված ջանք՝ խուսափելու այնպիսի գործողություններից, որոնք կարող են վերաբացել վերքերը կամ ուժեղացնել թշնամական վերաբերմունքը։

Ուստի կոչ ենք անում խաղաղության գործընթացում ներգրավված բոլոր դերակատարներին գործել այս պահի պատասխանատվությանը համապատասխան և զերծ մնալ այնպիսի խոսքից ու գործողություններից, որոնք կարող են ապակառուցողական ընկալվել։

Արեգ Քոչինյան

Նաիրա Սուլթանյան

Բորիս Նավասարդյան

Նարեկ Մինասյան

Սամվել Մելիքսեթյան»: