ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների հարցը չի սահմանափակվում միայն Ջերմուկով և 2020 թվականից հետո տեղի ունեցած իրադարձություններով։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա հիշեցրել է, որ Տավուշի մարզում ևս կան տարածքներ, որոնք շուրջ 30 տարի գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմաններ կարող է առաջադրել՝ պահանջելով գերիների վերադարձն ու ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքներից, Ալեքսանյանը նշել է, որ նման նախապայմաններ կարելի է առաջ քաշել։
Գերիների վերադարձի հարցի վերաբերյալ նա ասել է, որ այն մշտապես բարձրացվում է բոլոր հնարավոր ձևաչափերով՝ նպատակ ունենալով հնարավորինս շուտ լուծել խնդիրը։
Ալեքսանյանը նաև ընդգծել է, որ իր համար Բաքվում պահվող բոլոր հայերը հավասար են՝ անկախ նախկինում զբաղեցրած պաշտոնից կամ ունեցվածքից, և անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ նրանց վերադարձն ապահովելու համար։



















