Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել. Factor.am

Քրեական հետապնդման մեկնարկից շուրջ 7,5 տարի անց Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց։ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վարույթ չընդունել Գլխավոր դատախազության՝ Սանասարյանի արդարացման դատավճռի դեմ բերված բողոքը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Դավիթ Սանասարյանը 2025 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանի կողմից արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Դատախազությունը բողոք ներկայացրեց դատավճռի դեմ, սակայն 2026 թվականի հուլիսին Սանասարյանը կրկին արդարացվեց, Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցը դիմեց Վճռաբեկ դատարան, որն էլ բողոքը վարույթ չընդունելով՝ հռչակեց Սանասարյանի անմեղությունը։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում չարաշահել է լիազորությունները։

«Մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Սամվել Ադյանի հետ և նախապես տեղյակ լինելով, որ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցում է տարբեր գնման ընթացակարգերի և ստանում շահույթ, Սանասարյանն անտեսել է օրենքով սահմանված արգելքը, Ադյանին աշխատանքի է ընդունել ու նշանակել ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ապա Ադյանի միջնորդությամբ նույն վարչությունում որպես գլխավոր մասնագետ աշխատանքի է ընդունել Գևորգ Խաչատրյանին»,- նշվում է մեղադրանքում։