«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը
– Պարո՛ն Հարությունյան, Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 3-ին նախատեսում է աշխատանքային այցով մեկնել Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բացի այս այցից՝ խոսվում է նաև լրացուցիչ երկու այցի մասին Ռուսաստան: Ի՞նչ կարելի է ակնկալել այս այցերից, Ռուսաստանին ուղղված Հայաստանի իշխանության քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում:
– Ինչ-որ արտասովոր բան չեմ տեսնում, այն իրարանցումը, որն այսօր կա քաղաքական դաշտում այդ հարցի վերաբերյալ, ինձ համար անհասկանալի է: Ես ինչ-որ զարմանալի բան չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսի 8-ից իշխանության է, արդեն ութ տարին լրանում է, ու ոչ մի անգամ հանդիպումների ժամանակացույցի ու Փաշինյան-Պուտին հարաբերությունների հետ կապված մենք որևէ խնդրահարույց դեպք չենք տեսել:
Այն, ինչ հանրային կերպով ներկայացնում են, այդ թվում՝ այն բանավեճը, որ այս տարվա ապրիլի 1-ին եղավ, իբրև իրար հետ բանավիճում են, մեծ հաշվով հատուկ խայծեր են հասարակությունների համար, հատկապես, հայ հասարակության, որպեսզի դա դառնա քննարկման թեմա: Եթե իրենք չեն ուզում, որ խնդրահարույց էջերը հրապարակվեն, դրանք չեն հրապարակվում, իսկ եթե հրապարակվում են, ուրեմն նպատակն այլ է:
Եթե այս թատրոնը մի կողմ ենք թողնում, ապա տեսնում ենք, որ այդ երկուսի հարաբերություններում ոչ մի բան չկա, որն անհանգստության տեղիք տա, նրանք իրենց միջև եղած հարցերը շատ նորմալ կարգավորում են: Ի վերջո, պետք է հիշենք 2020-ին՝ պատերազմից հետո, երբ հայ ժողովրդի զգալի հատվածը Նիկոլ Փաշինյանին համարեց դավաճան, տասնյակ հազարավոր մարդիկ փողոցում ցույցեր էին իրականացնում, և հենց այդ ծանր ժամանակահատվածում էր, երբ արդեն թվում էր, թե Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ չի կարող երկար կառավարել, պետք է հրաժարական տա, Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանին դավաճան չի համարում:
Սա ամբողջովին ցույց է տալիս, որ Վլադիմիր Պուտինը միշտ էլ սատարել ու սատարում է Նիկոլ Փաշինյանին՝ որպես Հայաստանի վարչապետ: Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը հիմա անում է բաներ, որ չէր արել պատերազմից առաջ, հետևաբար, եթե Պուտինը դժգոհ էր Նիկոլ Փաշինյանից՝ որպես գործընկեր, որպես Հայաստանի վարչապետ, հաստատ ամենածանր պահին նման սատարող խոսք չէր ասի:
Ինչո՞ւ այսքան երկար ասացի, որպեսզի տեսնեք, որ ամենակարևոր ժամանակահատվածում անգամ Պուտինը պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին: Հետևաբար, մանր-մունր որևէ հարց չի կարող ազդել այս երկուսի հարաբերությունների վրա, ինչը կարող ենք պրոյեկտել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա: Հայաստանը ո՛չ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, ո՛չ ԵԱՏՄ-ից: Այս հանդիպումից որևէ նոր կամ արտառոց բան չեմ սպասում, բայց եթե լինի, այդ ժամանակ նոր կանդրադառնանք դրան:
– Ինչո՞ւ են ձեր ասած խայծը մատուցում հայ հանրությանը:
– Խնդիր ունեն Նիկոլ Փաշինյանին ներկայացնել հակառուսական ղեկավար, որովհետև այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հարցում, հետագայում նաև Հայաստանի սահմանների հետ կապված, Հայաստանում ժողովրդի ծանրակշիռ հատվածը այդ ամենում մեղադրեց նաև Ռուսաստանին՝ որպես դաշնակցի, իսկ ռուսներն իրենց դեմքը փրկելու համար պարզամիտ քայլի գնացին: Փորձում են մոլորեցնել, իբր թե Փաշինյանը հակառուսական գործունեություն ծավալեց, դրա համար այսպես եղավ, բա որ Փաշինյանը հակառուս է, ինչո՞ւ եք մինչև հիմա այդքան աջակցում:
Ռուսամետ ուժերն էլ նույն բանն են անում, որպեսզի կարողանան խոսելու բան ունենալ, իհարկե այս մարդկանց մեծ մասն անազնիվ է ու իրենց նյութական շահն է հետապնդում, դրա համար էլ ամեն կողմից հայ ժողովրդին մոլորեցնում են: Սա Ռուսաստանի կողմից պրիմիտիվ կոմբինացիա է, որը գուցե այսօրվա, երեկվա կամ վաղվա դրությամբ աշխատի, բայց այն երկար չի տևելու, որովհետև ի վերջո իշխանության են գալու մարդիկ, որ բացահայտելու են ամբողջ ճշմարտությունը: Ամեն բան արխիվավորված է, ու այնպես չէ, որ ամեն բան մնալու է օդում:
– Պարո՛ն Հարությունյան, ձեր խոսքից ստացվում է այնպես, որ Ռուսաստանի կազմակերպած այդ խաղը խաղում են Հայաստանի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, այո՞:
– Մեծ հաշվով՝ այո՛, որովհետև նրանք նույն սպասարկելիության գոտիներն ունեն, ռուսական գոտու մեջ են, ուղղակի միմյանց գերազանցելու խնդիր կա: Նիկոլ Փաշինյանը հիմա թվացյալ ինչ-որ քայլեր է փորձում իրականացնել, ես չգիտեմ, թե որքանով է այդ ամենը ազնիվ կամ ճիշտ, բայց, համենայնդեպս, խորհրդարանական ընդդիմությունը բացահայտ պրոռուսական ուժեր են, իրենք այդ գծի մեջ են:
Էլի կարող ես պրոռուսական լինել, բայց գոնե ճշմարտությունը խոսես, բայց մենք այս 8 տարվա մեջ շատ զավեշտալի մտքերի ականատես եղանք. նախկին լուրջ պաշտոնյաներ վեր են կենում ու ասում՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը օդանավակայանում չդիմավորեց Վլադիմիր Պուտինին, դրա համար էլ Պուտինը չօգնեց Հայաստանին պատերազմի ժամանակ, սա խենթանոց է, հասկանո՞ւմ եք:
Պետություններն այս մասշտաբի ու մակարդակի չեն լինում, եթե մենք այդպես ենք ընկալում, դա չի նշանակում, որ Ռուսաստանն էլ է այդպես ընկալում: Ի վերջո, մենք այս աղետին հասանք ոչ այնքան այն պատճառով, որ պարտվեցինք պատերազմում, այլ նրա, թե ինչ արեցինք դրանից հետո: Դրանից հետո ՀԱԿ-ն ու պրոռուսական ուժերը նախ պետք է պահանջեին իշխանափոխություն ու հետո պետք է ռուսներից հաշիվ պահանջեին այդ ամենի համար: Երբ որ ազգային շահերի շուրջ կոնսենսուս լիներ, այլ ոչ թե՝ անձնական շահերի ու բարիքների, այդ ժամանակ այս պետությունն այս աղետալի վիճակը կհաղթահարեր, ես չեմ խոսում Ղարաբաղը մերը լինել-չլինելու մասին, ես խոսում եմ իրականության ու մեր քաղաքական դաշտի մասին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am



















