Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվել է այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը:
Միաժամանակ ընդգծվեցին վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը:
Անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԳ նախարարի հետ Երևանում ունեցած հանդիպմանը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծեց Արցախի իշխանությունների ուղիղ նեգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ: