Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տեղեկությունների համաձայն, հոկտեմբերի 17-ին, ժամը 19.00-ին Ռուբինյանց փողոցում գործող «Ոսկեհեր Անժելա» գեղեցկության սրահի մոտ 1972 թ. ծնված Ռոբերտ Ս.-ն, ոգելից խմիչք օգտագործած վիճակում դանակով ընկել է բնակիչների ետևից:
Հաղորդվում է, որ նա «վիճաբանության մեջ է մտել նույն շենքի բնակիչների և նշված գեղեցկության սրահի հաճախորդների հետ, ձեռքով դիտավորությամբ հարվածել և կոտրել է գեղեցկության սրահի և շենքի մուտքի դռների ու պատուհանների ապակիները, հայհոյանքներ է տվել և շուրջ մեկ ժամ խախտել հասարակական կարգն ու գեղեցկության սրահի աշխատանքները»:
«Ռոբերտ Ս.-ն վիճաբանության մեջ է մտել դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողների հետ, քաշքշել և սպառնացել է նրանց, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին և փորձել է փախուստի դիմել, սակայն բռնվել ու բերման է ենթարկվել բաժին»,-տեղեկացնում է ոստիկանության ամփոփագիրը:
Դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն:
© Medialab.am