«Այս պայթյունը միանշանակ պետական մարմինների փնթի գործունեության հետևանքն է, եթե մի քանի հոգու գլուխ չթռչի, ուրեմն երկրում անիշխանություն է». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

Պարո՛ն Նորիկյան, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառները պարզելու համար տարվող քննությունն ինչպե՞ս եք գնահատում: Գործադիրի ղեկավարի այսօր հնչեցրած մեկնաբանությունը, հայտարարությունն այդ առումով ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ծանոթ եմ Կառավարության նիստում այսօր ընթացած դիսկուրսին, միաժամանակ ասեմ, որ իմ տեղեկություններով՝ արդեն հարուցված է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 357-358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման ու պայթուցիկ նյութերի պահպանման պայմանների խախտման հատկանիշներով:

Այն, որ այս պահին ընթանում է նախաքննություն, և որևէ վարկած բացառել կամ հաստատել դեռևս վաղ է, փաստ է, բայց ես կարող եմ միանշանակ արձանագրել մեկ բան. Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ պետական ինստիտուտները կայացած չեն, իսկ տվյալ դեպքում՝ ամբողջովին ձախողվել են, որովհետև վարչապետն ինքն է ասում, որ 2020 թվականին՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգությունից հետո, ինքը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Հիմա, եթե դրանից հետո մեզ մոտ նման ողբերգություն է կատարվում, դա նշանակում է, որ այդ հանձնարարականները կա՛մ չեն կատարվել, կա՛մ թերի են կատարվել, որովհետև եթե դրանք կատարվեին, ու Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ցանկացած տնտեսվարող սուբյեկտի մոտ ապահովվեր անվտանգության կանոնների համակարգն ու կիրառվեր այն, կա՛մ այս ողբերգությունը տեղի չէր ունենա, կա՛մ ծավալներն առնվազն մի քանի անգամ նվազ կլինեին, հետևաբար կարելի է հանգել հետևության, որ Կառավարության մակարդակով տրված հանձնարարականները չեն կատարվում: Սա խոսում է պետական ինստիտուտների չկայացածության, մատների արանքով նայելու, ի միջի այլոց վերաբերվելու, թափթփվածության, պրոֆեսիոնալիզմի, սրտացավության բացակայության մասին:

Այդ հանձնարարությունների կատարմանն ո՞վ պետք է հետևեր:

– Պետական ինստիտուտների մասին է խոսքը. բոլորը, ով ուզում է լինեն, եթե պետական ինստիտուտները չեն աշխատում, ուղղահայաց կառավարման համակարգը չի աշխատում, ուրեմն այդ ինստիտուտը թերի է, ձախողված, պետությունը չի աշխատում: Ընդ որում՝ իրենք են խոստովանում. եթե կատարվել են այդ հանձնարարականները, հավելյալ ի՞նչ հանձնարարության մասին է խոսքը, որ ուսումնասիրեն, զեկուցեն:

Շատ խորքային խնդիր է սա, ու միայն այս ոլորտը չէ, նայեք ցանկացած ոլորտ, մենք պետական կառավարման համակարգային ճգնաժամի մեջ ենք, արդյունավետության ապահովման ճգնաժամի մեջ ենք, պետության ինստիտուտների բնականոն գործունեության ճգնաժամի մեջ ենք: Եթե վերից վար մեղավորները պատասխանատվության չենթարկվեն, ուղղակի քաղաքական պատասխանատվության խնդիր է առաջ գալու. ո՞վ պետք է պատասխան տա այսքան զոհերի համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները՝ ով ուզում է լինի:

Պարո՛ն Նորիկյան, հաշվի առնելով գործադիրի այսօրվա, ինչպես բնորոշում եք՝ խոստովանությունը, ձեր հնչեցրած գնահատականները, որ պետական ինստիտուտների բնականոն աշխատանքի ճգնաժամ ունենք երկրում, հույսեր ունե՞ք, որ այս պայթյունի հանգամանքները պարզող քննությունը անաչառ ու բազմակողմանի կկատարվի, ու իրական մեղավորները կպատժվեն:

– Ո՛չ, ճիշտ հակառակը: Ես հիմա խոր մտահոգություն ունեմ՝ կապված մեր իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի հետ, ու այդ մտահոգությունը պայմանավորված չէ միայն տվյալ գործով: Նախորդ տարիների փնթի, անարդյունավետ աշխատանքն ինձ բերել է այն հետևության, որ խիստ վերապահումով եմ մոտենում այս գործի դրական ելքով պայմանավորված արձանագրմանը:

Եթե Կառավարության նիստի մակարդակով հայտարարվում է, որ տեղի է ունեցել, ըստ էության, անզգույշ հանցագործություն, որտե՞ղ է երաշխիքը, որ անզգույշ հանցագործություն կատարած անձինք կենթարկվեն պատասխանատվության: Կներեք, ես այլևս չեմ կարող հավատալ, ուրիշ բան, որ նախորդ տարիների ընթացքում Հայաստանի բոլոր ժամանակների հանցագործների գոնե 1 տոկոսը պատասխան տված լիներ, կասեի, այո՛, այս դեպքում ևս պատասխան կտան, բայց հաշվի առնելով նախորդ տարիների տխուր վիճակագրությունը՝ չեմ կարող լավատեսություն ներշնչել մեր հանրությանը:

Քանի որ տարբեր վարկածներ շրջանառվեցին այս պայթյունի վերաբերյալ, հետահայացք ձգելով, ձեր դիտարկմամբ՝ ինչի՞ հետևանք էր դա:

– Որևէ վարկած չեմ ուզում բացառել, բայց առերևույթ այս ամենը փնթի վերաբերմունքի հետևանք է, մեր ժողովրդի հավաքական մտածողության նկարագիրն է, որովհետև մենք միշտ յոլա գնալու փիլիսոփայությամբ ենք ապրում, բայց այս դեպքում, միանշանակ, պատասխանատվությունը իրավասու պետական մարմիններինն է, իհարկե, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողները կարող են իրենց քմահաճույքով շարժվել, բա պետությունն ինչի՞ համար է:

Պետությունը նրա համար է, որ վարքագծի այնպիսի կանոններ մշակի ու գործի դնի, որ անվտանգության համակարգերը լիարժեք աշխատեն: Միանշանակ պետական մարմինների փնթի գործունեության հետևանքն է սա, ու եթե մի քանի հոգու գլուխ չթռչի, անկեղծ եմ ասում, եթե օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության չենթարկվեն, ուրիշ բան, քան արձանագրել, որ մեր երկրում անիշխանություն է, ինձ չի մնա անել: Քաղաքի կենտրոնում տեղի ունենա նախադեպը չունեցող պայթյուն, երկիրը մի քանի օր պարալիզացվի, զոհեր ունենանք, ու պատասխան չտա՞ն:

Պարո՛ն Նորիկյան, նորմա՞լ է, որ մինչև հիմա մեղադրյալ չկա այս գործի շրջանակներում:

– Դա նորմալ է, բայց ունի որոշակի տրամաբանական ու ողջամիտ ժամկետ: Եթե կապահովվի օբյեկտիվ քննություն, կհասկանանք, ես ավելի շատ կողմնակից եմ օբյեկտիվ, խորքային, բազմակողմանի քննության, որպեսզի ճշմարտությունը վեր հանվի:

Պետական համակարգի գործունեության ճգնաժամը, որի մասին ասացիք, արդյոք չի՞ խոսում գործադիրի ղեկավարի անհետևողականության, անուշադրության, գուցե նաև՝ թուլության մասին: Ինչի՞ հետևանք է դա:

– Ես չեմ կարող ասել, բայց դուք հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին կրկին Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ պետական ապարատը դիմադրում է հեղափոխությանը, ու ինքը կջարդի այդ դիմադրությունը:

Հիմա ես ձեր կայքի միջոցով այդ հռետորական հարցադրումն ուղղեմ Նիկոլ Փաշինյանին. վերջիվերջո, ջարդեցի՞ք այդ դիմադրությունը, թե՞ չէ, այդ պետական համակարգի դիմադրությունը իր պատկերացրած հեղափոխությանը, ի վերջո, ջարդվա՞ծ է, ինքն այսօր ի՞նչ պետական կառավարման համակարգի գլխին է կանգնած:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am