Հայաստան-Թուրքիա. «2-րդ ժեստը»

Հայաստան-Թուրքիա. «2-րդ ժեստը»
Հայաստան-Թուրքիա. «2-րդ ժեստը»

Թուրքիայի գործող վարչապետ, նախագահության թեկնածու եւ գեթ այժմյա տվյալներով  առաջիկա հավանական նախագահ Էրդողանին վերագրվող քարոզչական գործողությունները հայկական հարցերի նկատմամբ թվում է, որ աշխույժ ընթացքի մեջ են լինելու: Թեկուզ ապատեղեկատվության կարգով: Պարզ էր, որ «ցավակցական» գործողությանը պիտի հետեւեին այլ «ժեստեր»:

Ժեստային այս քաղաքականությունը կարող է տարբեր շարժառիթներ ունենալ: Իր այսօրվա կարգավիճակի նկատառումով Էրդողանը, բնականաբար շատ կարեւոր պիտի նկատի ներքին սպառման շուկան: Ամբոխային տրամադրությունների վրա ազդելու միջոցների լիարժեք օգտագործման դեպքերը պիտի շարունակեն հաջորդել միմյանց: Խնդիրը այս դեպքում սերտորեն փոխառնչված է:

Արտաքին քաղաքականության մեջ նոր հորիզոններ բացելու հնարավորություն ցույց տալը ներքին անդրադարձ կունենա, իհարկե նաեւ իր ազդեցությունն անպայման կթողի քվեահավաքի աշխատանքի վրա։

Նախ եւ առաջ քրդական հանգույցի լուծման համար առնված քայլերը ներթուրքական հասարակության վրա այս կամ այն ձեւով ազդեցիկ դեր կունենան: Չենք խոսում դեռեվս ուղղակի քուրդ ազգաբնակչության կատարելիք ընտրանքի, իր գերխնդրի լուծման ուղղությամբ առնվող քայլերին համապատասխան գնահատական տալու եւ այդ գնահատականի քվեական դրսեւորումը կատարելու մասին: Եւ բնական է, որ միանշանակ դրսեւորումներ չեն արձանագրվի այս դեպքում:

Արտաքին-ներքին շարժառիթներ ունեցող նման հարցերի շարքին կարող է դասվել նաեւ հայկականը: Արտաքին հարց լուծելու տպավորություն թողելով, ներհասարակական շրջանակների վրա որոշակի ազդեցություն բանեցնելու քաղաքականությունը գուցե: Այստեղ ոչ միայն դասական կամ թաքուն համայնքի մասին է խոսքը, այլ նաեւ այն շրջանակների, որոնք նման հարցերի հարթման համար այլընտրանքային մտածողությամբ են հանդես գալիս:

Կարող է ամբողջովին համոզիչ չթվալ այս տեսակետը: Հայերին ուղղված ցավակցությունը կամ սահման բացելու դեռեվս թեական խոստումը որքանո՞վ կարող է  բարձրացնել Էրդողանի արժեքը ներքին շուկայում:

Շարժառիթների փոխառնչության վարկածը այստեղ ինքն իրեն ավելի զգալի է դարձնում իբրեւ ներկայություն, եթե հիշենք ցավակցական նշանավոր ուղերձի միջազգային ընտանիքին ուղղված լինելը: Աշխարհաքաղաքական կենտրոնների պահանջ էր սահմանի բացումը: Նույն այդ կենտրոնները շատ անգամ հիշեցրեցին էրդողանական վարչակարգին, որ թելեր ունեն իրենց ձեռքին` շարժելու քաղաքացիական եւ հասարակական շարժումները Թուրքիայի տարածքում:

Չմոռանանք, որ ներհասարակական այդ շարժումները գաղափարական ուղղվածություններով, կենսոլորտի, բնապահպանության եւ քաղաքացիական տարբեր առաջադրանքներ արծարծելով, չհատեցին ազգային խնդիրների սահմանը:

Ինքնության հարցերի բարձրացումը արդեն նոր տարողություն կապահովեր շարժմանը: Այդ պահը չի հասել ըստ երեւույթին: Սահմանի բացման ուղղությամբ անպաշտոն տեղեկատվությունը կարող է հակավարկանշային մտադրություն ունեցած լինել` նկատի ունենալով նախագահական ընտրության մոտալուտ լինելը:

Հիմա ուշադիր կարդանք լրատվությունը: «Թուրքիայի կառավարությունը ծրագրում է բացել ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993-ին փակված եւ տարիներ շարունակ փակ մնացած Հայաստան-Թուրքիա սահմանը: Թուրքական լրատվամիջոցները, «Թարաֆ» պարբերականին հղում անելով, գրում են, որ դա պիտի լինի  նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրած Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2-րդ քայլը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Թարաֆը» ճանաչված է իբրեւ հակակառավարական դիրքորոշում ունեցող թերթ: Թուրքիայի արտգործնախարարության հերքումը (ըստ Ադրբեջանական լրատվության) նախ եւ առաջ մտածել է տալիս, որ «Թարաֆը» նման ապատեղեկատվություն կատարել է ընտրություններին Էրդողանի վարկանիշը նվազեցնելու համար:

Անկախ դրանից, որ սահմանի բացումը կկայանա, թե ոչ, այս «անպաշտոն» տեղեկատվությունը իբրեւ «ցավակցության» շարունակություն է ընկալվում: Ինչ էլ եղած լինեն շարժառիթները, սահմանի բացման հավանականությունը արդեն իբրեւ  լրատվություն թուրքական լրատվադաշտում աշխուժորեն շրջանառության մեջ է դրվել: Թուրքական կողմը առաջադրում է այն ընկալել  իբրեւ ժեստ հայկական կողմից աւելի, միջազգային ընտանիքից:

Փաստորեն, այդպես էլ բնութագրված է` 2-րդ ժեստ: Հայկական լրատվադաշտը, եթե այս հայտարարությունը ներկայացնի իբրեւ 2-րդ ժեստ, ոչ միայն պատճենահանած կլինի թուրքական տեղեկատվական մեքենայի արտադրությունը, այլ ավելի՛ն: Ընդունած կլինի ցավակցության առաջին ժեստ լինելը: Բաքուն անպայման կարձագանգի այս լրատվությանը:

Ամենայն հավանականությամբ թուրքական տարբերակով` «անպաշտոն» ձեւով: Դա արդեն արել է, հերքելով լուրը։ Մեր անմիջական խնդիրը այս տեղեկատվական գործողությունը իբրեւ ժեստ չընկալելն է.  աշխատելը, որ իբրեւ այդպիսին չընկալի նաեւ միջազգային կարծիքը:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

© Medialab.am