«Արցախում կայացած հանրահավաքը Ռուսաստանը կարող է օգտագործել որպես մահակ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի գլխին». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

 – Պարո՛ն Սուրենյանց, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Արցախում տեղի ունեցած հանրահավաքն ու խորհրդարանի տարածած հայտարարությունը։

– Մի կողմից ես, իհարկե, հասկանում եմ Արցախի մեր հայրենակիցների անհանգստությունները, մտահոգությունները, որովհետև իրենք իսկապես հայտնվել են շատ աննախանձ իրավիճակում։ Համոզված եմ, որ այդ տասնյակ հազարավոր մարդկանց ճնշող մեծամասնությանը հրապարակ էր բերել հենց այդ մտահոգությունը, ու այդ առումով, միանգամից ասեմ, խստիվ դատապարտում եմ Հայաստանի իշխանամերձ շրջանակների սկսած քարոզչական արշավը արցախցիների դեմ, որովհետև նրանք ոչ միայն քննադատում կամ անվանարկում են Արցախի իշխանությանը, այլև, ըստ էության արցախցիներին՝ նրանց անվանելով երախտամոռ ու նմանատիպ որակումներ փակցնելով, ինչը լրիվ անտեղի է առնվազն Արցախի մեր հայրենակիցների հանդեպ։

Իմ մտահոգությունները կապված են Արցախի էլիտայի մոտ քաղաքական օրակարգի կամ բովանդակության բացակայության հետ, որովհետև ես Արցախի խորհրդարանի տարածած հայտարարության տեքստում տեսել եմ ցանկություններ, որոնք գուցե օբյեկտիվ են, բայց կապ չունեն ռեալ պոլիտիկի հետ։ Հիմա չենք քննարկում, թե ով է մեղավոր, բայց ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանը չի կարող ապահովել Արցախի անվտանգությունը, որ որևէ փաստաթղթում չի կարող հղում արվել Արցախի ինքնիշխանությանը։

Մյուս կողմից՝ ես այդ հայտարարության մեջ չտեսա որևէ դրույթ, որը միտված էր Արցախի սուբյեկտության մեծացմանը, նրա քաղաքական պատասխանատվության ամրագրմանը, այսինքն՝ պահանջներ կան Հայաստանից, ակնկալիքներ՝ Ռուսաստանից, բայց դրանց իրականացման համար Արցախն ի՞նչ պետք է անի, որևէ հիշատակում այդ մասին ես չտեսա և՛ հայտարարության տեքստում, և՛ հանրահավաքին հնչած ելույթներում։

Ես ցավում եմ, որ Արցախի հանրահավաքից անմիջապես հետո Հայաստանի հին համակարգը մարմնավորող «Դիմադրություն» շարժումը հայտարարեց նոյեմբերի 5-ին հանրահավաք կազմակերպելու մասին՝ սրանով, փաստորեն, Արցախին մաս դարձնելով Հայաստանի ներքաղաքական հակադրությանը։

Բացի այս, ես միշտ նայում եմ, թե որևէ քայլ որքանով կարող է մեծացնել կամ փոքրացնել Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները։ Արցախի խորհրդարանի այդ հայտարարությունը չի մեծացրել Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները։

Ես քիչ հավանական եմ համարում, որ այսօր Սոչիում ինչ-որ լուրջ կոնսենսուս լինի, բայց միևնույն ժամանակ լուրջ հիմքեր եմ տեսնում, որ այդ հայտարարությունը, ըստ էության, շատ փոքրացրեց նաև արևմտյան տարբերակի ռեալիզացիայի հնարավորությունը, որովհետև Հայաստանի որևէ իշխանություն, ուզի թե չէ, չի կարող ամբողջովին ազատվել Արցախի հասարակության քաղաքական դիրքորոշումներից։

– Իսկ ձեր դիտարկմամբ՝ ինչո՞ւ են Հայաստանում քննադատաբար մոտենում Արցախում կայացած հանրահավաքին։

– Մեր իրականության մեջ երկու ծայրահեղ մոտեցում կա․ մի մաս կա, որը պատերազմի դաժան պարտության իրողություններն անտեսում է ու դարձյալ օրակարգ է բերում Արցախի անկախության թեման։ Դրանք Արցախի իշխանություններն են, Արցախի էլիտան է, խորհրդարանական ընդդիմությունը։ Սա մի ծայրահեղություն է, որը մեզ ոչ մի տեղ չի տանելու կամ տանելու է հարաբերությունների կարգավորման գործընթացի վիժեցմանը։

Երկրորդ ծայրահեղ մոտեցումը, որի կողմն է, ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունը, եթե կարճ ձևակերպենք՝ նշանակում է ձեռքերն ամբողջովին լվանալ Արցախից։

Ես առաջին գործիչներից մեկն եմ եղել, որ պատերազմից հետո ասել եմ, որ Արցախի անկախության օրակարգը մնացել է պատերազմի փլատակների տակ, ու հիմա էլ եմ պնդում, բայց դրանով հանդերձ, ես կարծում եմ, որ հայ-ադրբեջանական որևէ պայմանագրում անպայման պետք է նախադրյալներ ստեղծվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային երաշխիքների մասին։

Իշխանությունը հակաղարաբաղյան արշավ է տանում՝ փորձելով դրա միջոցով արդարացնել իր քաղաքականությունը, որը արդարացման որևէ հիմք չունի, քանի որ հերիք չէ՝ մեր հնարավորությունների վերմակը կարճացրել են, հիմա էլ, փաստորեն, հասարակությանը ներարկում են, որ ամեն ինչ լավ կլինի, եթե Ղարաբաղի գլխացավանքից ազատվենք։

– Պարո՛ն Սուրենյանց, իսկ այն մեսիջները, որոնք Արցախի հանրահավաքում ի սկզբանե նպատակադրվել էին հասցնել և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ միջազգային հանրությանը, տեղ հասա՞ն։

– Դա չի կարող Հայաստանի դիրքորոշման վրա ընդհանրապես չազդել, չի կարող։ Որքան էլ մենք ասենք, որ Ղարաբաղի սուբյեկտությունը նվազ է և այլն և այլն, ակնհայտ է, որ Արցախի տրամադրությունները որոշակի արտահայտություն են գտնելու նաև Հայաստանի հանրային տրամադրություններում։

Առանց այդ էլ Հայաստանում խաղաղության պայմանագրի շուրջ, կլինի ռուսական թե արևմտյան տարբերակը, շատ մեծ կոնսենսուս չկար, հիմա փաստորեն ստացվում է, որ Արցախը հակադրվում է դրան, ինչը բերելու է առնվազն քաղաքական ճգնաժամի Հայաստանում, ու դրա նախադրյալները, ցավոք սրտի, տեսնում ենք նոյեմբերի 5-ին հրավիրված հանրահավաքի տեսքով: Դրա համար էր առաջին նախագահն առաջարկում ձևավորել ընդհանուր կոնսենսուս, այդ խնդիրները ներքաղաքական կոնտեքստից կտրելու համար, ցավոք սրտի, չարեցինք, հիմա դառը պտուղները կճաշակենք։

– Բայց ձեր ասած այդ ճգնաժամը կլինի՞, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը դեռ սեպտեմբերին է համաձայնել ռուսական տարբերակին, այսինքն՝ անհամաձայնություն չկա, ըստ էության, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը կողմ են խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակին։

– Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքը կորցրել է որևէ արժեք։ Եթե ընդունել է ռուսական առաջարկները, կարո՞ղ եք բացատրել՝ շուրջ երկու ամիս ինչո՞ւ էր համակարգված թիրախավորում Ռուսաստանին, անձամբ ինքը չէ, բայց տեսնում էինք, չէ՞, որ բացի օբյեկտիվ հակառուսական տրամադրություններից, որը պատճառ է նաև Ռուսաստանի քաղաքականության իհարկե, որն ուներ մեր հասարակությունը, իշխանական որոշակի շրջանակներ, մեղմ ասած, դրան տոն էին տալիս։ Այսինքն՝ տրամաբանություն չկա, եթե մեկի մոդերատորությունը ընդունում ես՝ իր դեմ համակարգված արշավ տանելով, ընդամենը բարդացնում ես քո վիճակը։

– Գուցե այդ փոփոխությունը պայմանավորված էր ՌԴ նախագահի վերջին հայտարարությա՞մբ։

– Միանշանակ։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ արտաքին քաղաքականության այդ լուրջ հարցերը ստորադասում է ներքաղաքական համատեքստին։ Այսինքն՝ ինքը Պուտինի հայտարարությունից հետո ներքաղաքական ցնցումների վտանգ տեսավ, նաև Արցախում այդ հանրահավաքի մասին հայտարարությունից հետո ու փորձեց խմբագրել իր քաղաքականությունը։ Ի հետևանք՝ անվստահելի գործընկերոջ համբավ ենք ձեռք բերելու թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում։

– Սոչիի այսօրվա հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունեք, ու արդյոք Նիկոլ Փաշինյանն այդ խմբագրված քաղաքականությա՞մբ է այնտեղ ներկայանալու, թե՞ ոչ։

– Շատ մեծ սպասելիքներ չպետք է ունենալ, իհարկե ռուսական կողմը ԱԳ փոխնախարարի մակարդակով հայտարարել է, որ փորձելու են կողմերի դիրքորոշումները մոտեցնել խաղաղության պայմանագրի ստորագրման կոնտեքստում։ Բայց ես կարծում եմ՝ այսօր Սոչիում շատ մեծ կոնսենսուս չի լինելու, չեմ բացառում, որ ինչ-որ կետերի վերաբերյալ եռակողմ նոր հայտարարություն լինի, բայց, կարծում եմ, ռուսները մի խնդիր կարող են լուծել՝ իրենք կարող են տորպեդահարել արևմտյան նախաձեռնությունները։

– Հղում անելով Արցախում տեղի ունեցած հանրահավաքի՞ն, պարո՛ն Սուրենյանց։

– Ռուսաստանը դա կարող է օգտագործել որպես մահակ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի գլխին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am