« Եթե Հայաստանի ինքնիշխանությունը թուլանա, Միութենական պետության կազմի մեջ մտնելու առաջարկը կլինի որպես «փրկություն»». Էմիլ Օրդուխանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը

– Պարո՛ն Օրդուխանյան, Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները Միութենական պետության գերագույն պետական խորհրդի նիստում հավանություն են տվել միության 28 ծրագրին և ստորագրել են համապատասխան փաստաթուղթը: Ինչո՞ւ Ալեքսանդր Լուկաշենկոն նման որոշում կայացրեց: 

– Հանգամանքների բերումով ստացվեց այս ամենը: Հիշենք, որ 2020 թվականին Բելառուսում ներքին լարումները, որոնք վիճարկում էին Լուկաշենկոյի լեգիտիմությունը, և այդ գործընթացում Լուկաշենկոյին օգնության հասավ Ռուսաստանի նախագահը, որն օգնեց Լուկաշենկոյին, ըստ էության, պահել իշխանությունը: Կարծում եմ, որ այս Միութենական պետության մասին պայմանագրի ստորագրումը Պուտինի՝ ժամանակին արած օգնության փոխհատուցումն է Լուկաշենկոյի կողմից:

– Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, թե ի՞նչ ասել է Միութենական պետություն:

– Այն իրենից ներկայացնում է շատ ավելի փոխինտեգրված վիճակ, որտեղ խոսքը միայն տնտեսական բաղադրիչին չի վերաբերում, այլև քաղաքական որոշումների կայացմանը, այսինքն՝ չեն կարող կայացվել քաղաքական այնպիսի որոշումներ, որոնք կհակասեն միութենական անդամ պետությունների շահերին, կամ միջազգային հարթակներում նրանք չեն կարող հանդես գալ տարբեր դիրքերից:

– Պարո՛ն Օրդուխանյան, կարո՞ղ ենք ասել, որ այս մոդելը, որոշակի փոփոխություններով հանդերձ, այնուամենայնիվ, նախկին Սովետական Միության մոդելի կրկնությունն է:

– Չենք կարող բացառել, բայց չենք էլ կարող հաստատել, որովհետև կառույցը դեռ չի գործում, սակայն հայտնի է, որ պետք է համատեղ խորհրդարան լինի, իսկ եթե այդ խորհրդարանը լինում է, արդեն Խորհրդային Միության որոշակի տարրեր իր մեջ ներառելու է:

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի Հանրապետությանը և՞ս այս սցենարն է սպասում:

– Ամեն բան կախված կլինի նրանից, թե Հայաստանը որքան է հակված պաշտպանելու իր ինքնիշխանությունը, որովհետև եթե թուլանա այն, բնականաբար, նման առաջարկներ լինելու են՝ որպես «փրկության» հնարավորություն: 

Եթե չենք ուզում այդ սցենարին բախվել, հնարավորինս մեր ինքնիշխանությունը պետք է պաշտպանենք, որը բացառապես հնարավոր է արտաքին քաղաքականությունը հավասարակշռելու միջոցով, ինչը չարեց Լուկաշենկոն ու արդյունքում ստացավ նման առաջարկ: 

Հուսամ, որ մենք այդ սցենարին նախապես հակված չենք, որ ներքաղաքական իրողությունները այդ ուղղությամբ զարգանան, այլ ավելի շատ հակված ենք մեր ինքնիշխանությունն ու ինքնուրույն պետականությունը զարգացնելու՝ ոչ միութենական տրամաբանությամբ:

– Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից ի՞նչ տպավորություն եք ստանում, քաղաքական ուժերը ո՞ր սցենարն են նախընտրում:

– Նշեմ, որ այդ միութենական պետությունները, սովորաբար, ինտեգրման, քաղաքակրթական հարթության վրա են տեղի ունենում, իսկ այդ տեսանկյունից Ռուսաստանի ու Բելառուսի քաղաքակրթական ընդհանրությունները շատ էին, ինչը չի կարելի ասել Հայաստանի ու Ռուսաստանի մասին, թեկուզև մշակութային առումով:

Կրկնում եմ՝ եթե մեզ մոտ նման նախադրյալներ կարող են առաջանալ, դրանք բացառապես լինելու են քաղաքական, պայմանավորված մեր պետության դերի ու նշանակության թուլացմամբ: Ինչ վերաբերում է իշխանություններին, իրենք պետք է ամեն ինչ անեն, որ այդ սցենարն իրականություն չդառնա, իսկ գործողությունների ինչպիսին լինելը ցույց կտա ժամանակը:

– Այսինքն՝ դեռ վա՞ղ է այս մասին խոսել, պարո՛ն Օրդուխանյան:

– Ճիշտ չեմ համարում հիմա այդ խոսույթը շրջանառել, որովհետև, որքան շրջանառենք, այնքան այն կարևորություն է ստանալու, մենք ավելի շատ պետք է մեր ինքնիշխանության ամրապնդման մասին խոսենք:

Իսկ այդ միութենական հեռանկարի մասին խոսում է խորհրդարանական ընդդիմությունը, և երևի թե իրենք առաջինն էին, որ շրջանառեցին այդ խոսույթը Հայաստանում: Մենք հակառակ խոսույթը պետք է շրջանառենք ու քարոզենք Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման խոսույթը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am