«Սեյրան Օհանյանն այն կապիտալն է, որը Սերժ Սարգսյանն օգտագործելու է քաղաքական սցենարների մեջ». վերլուծաբաններ

«Սեյրան Օհանյանն այն կապիտալն է, որը Սերժ Սարգսյանն օգտագործելու է քաղաքական սցենարների մեջ». վերլուծաբաններ
«Սեյրան Օհանյանն այն կապիտալն է, որը Սերժ Սարգսյանն օգտագործելու է քաղաքական սցենարների մեջ». վերլուծաբաններ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ 2018-ի ընտրություններին նախագահի թեկնածու: Սեյրան Օհանյանի՝ իշխանական թեկնածու լինելու հնարավորությամ մասին վերջին շրջանում մամուլը հաճախ է գրում:

Անդրադառնալով այդ մասին շրջանառվող լուրերին, Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Հայաստանի պետական կառավարման համակարգում այսօր ունենք համապատասխան հիերարխիա, ես իմ տեղը զբաղեցնում եմ, իմ պարտականությունները բավականին շատ են, լայն են ու բավականին պատասխանատու, ես իմ գործը կատարում եմ և դեռ շատ-շատ գործ ունեմ կատարելու»:

Վերլուծական շրջանակաները կարծում են, որ այս հարցն իսկապես օրակարգում է: Հաշվի առնելով հատկապես այն, որ Օհանյանը այն եզակի իշխանության ներկայացուցիչներից է, ում վարկանիշը փչացած չէ, նա հասարակության մեջ նորմալ է ընդունվում, ունի զուսպ ու լուրջ մարդու իմիջ:

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» տնօրեն Ստյոպա Սաֆարյանը վստահ է՝ իշխանության բարձ օղակներում ցանկություն կա առաջիկա նախագահական ընտրություններում առնվազն փորձարկելու Սեյրան Օհանյանի անունը: 

Ստյոպա Սաֆարյանը հիշեցնոմ  է, որ անցյալ տարի ապրիլին, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանը պաշտոնոնակ արվեց, շատերի սպասում էին, որ հենց  Սեյրան Օհանյանը վարչապետ կնշանակվի, 2017-ին  կգլխավորի  ՀՀԿ –ի ցուցակը եւ ենթադրաբար խորհրդարանական ընտրություններում հաղթելով կներկայանա նախագահական ընտրություններին:   

«Իհարկե, չլիներ ՀՀԿ-ԲՀԿ խնդիրը, գուցե ամին ինչ հենց այդ սցենարով գնար եւ Սեյրան Օհանյանը կարողանար ապացուցել, որ ինքը կարող է նաեւ վարչապետ լինել: Ես կարծում եմ, որ այդ վիճակը շարունակվում է եւ Հովիկ Աբրահամյանի կառավարության ապրած դաժան օրերը՝ գնաճը եւ տնտեսական ծանր վիճակը, վկայում են, որ իր եւ ԲՀԿ_ի համար դա ֆալշ-ստարտ էր»,-«Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խնամիներ են եւ Հովիկ Աբրահամյանը մշտապես դիտարկվել է որպես կամուրջ կամ միջնորդ՝ Հանրապետականի ու Բարգավաճի միջեւ:

Ըստ նրա, գործող կազմով կառավարությունը կարող է  գոյություն ունենալ  միայն մի դեպքում, եթե միչեւ սպասվող համապետական ընտրությունների նախաշեմեը Հովիկ Աբրահամյանին հաջողվի Հանրապետականի եւ ԲՀԿ  հարաբերությունները կարգավորվել:

«Այդ դեպքում դժվար է ասել, թե ինչպիսին կլինի նախագահի թեկնածուի անձը, բայց եթե սրա  հետ կապակցում ենք խորհրդարանական կառավարմանն անցնելու իշխանության ցանկությունը, կարծես թե այն սցենարն է ստացվում, որտեղ Սերժ Սարգսյանն ասում է, որ ինքը կգա ԱԺ եւ ռեալ շխանությունը կարող է իր ձեռքում լինել:  Գագիկ Ծառուկյանը կարող է դառնալ շատ սիմվոլիկ նախագահ՝ մարդ ընդունի-ճանապարհի, իսկ նրա խնամի Հովիկ Աբրահամյանը կարող է մնալ վարչապետի պաշտոնում: Սա փաթեթեն է, իսկ եթե ոչ՝  կարծում եմ, որ այդ դեպքում Սերժ Սարգսյանն ունի իրավահաջորդ՝ Սեյրան Օհանյան»,-ասում է Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ մյուս սցենարով,  եթե  կառավարման համակարգը չփոխվի, Սերժ Սարգսյան կփորձի Մոսկվայի օրինակով  լինել վարչապետ:

Վերլուծաբանի խոսքով,  Սեյրան Օհանյանի թեկնածության  տարբերակը շրջանառության մեջ դնելով, իշխանությունը փորձում է սարսափեցնել ԲՀԿ-ին, որ եթե նա չընդունի իր առաջարկությունները, ապա դա կնշանակի, որ հիմնական պաշտոնները զբաղեցված են: Նշենք, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնեց Սահմանադրության փոփոխությունները ենթադրում են կառավարման համակարգի լուրջ փոփոխություններ:

Ըստ այդ,  կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը: Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` 7 տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Իսկ վարչապետը պաշտոնն ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխասխանատու  է միայն Ազգային ժողովի առջև: Հավելենք նաեւ, որ բացառությամբ ՀՅԴ-ի, քաղաքական դաշտի մյուս  հիմնական խաղացողները ՝ ոչ իշխանական երեք ուժերը` «Բարգավաճ Հայաստանը», ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», դեմ են սահմանադրական փոփոխություններին և այդ ործընթացը որակում են որպես «իշխանության վերարտադրման փորձ»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հենց այս հանգամանքը հաշվի առնելով, վստահ է, որ իշխանությունը Սեյրան Օհանյանի թեկնածության հարցը հրապարակ է նետում՝ միայն  հանրության եւ քաղաքական մյուս ուժերի ուշադրությունը շեղելու համար եւ որ նա չի կարող լինել իրական թեկնածուն: Բոզոյանը վստահ է՝ Սահմանադրական փոփոխություններով գործող իշխանությունը իսկապես վերարտադրման նպատակ է հետապնդում:

«Արդյոք ուզու՞մ է հասարակությունը, որ գործող իշխանությունը շարունակի ղեկավարել երկիրը:  Կարծում եմ՝ ոչ եւ հասարակությունը դա կասի հանրաքվեի ժամանակ»,-ասում է Երվանդ Բոզոյանը: 

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, սակայն Սեյրան Օհանյանի թեկնածությունը կարող է ռեալ լինել նաեւ  նկատի ունենալով հանգամանքոը,  որ նա բավարարում է մի շարք չափանիշներ:

«Նախ եւ առաջ Արցախի հետ իր առնչությունները, երկրոդը՝ պաշտպանության ոլորտը, որը կարծես թե դոմինանտ է ՀՀ կենսագրության մեջ՝ բացառությամբ Տեր-Պետրոսյանի, հաջորդած նախագահները այդ ոլորտից են եղել: Եվ վերջապես, դա մի գերատեսչություն է, որը ոչ պակաս նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Ես նկատի ունեմ անվտանգության քաղաքականության բաղադրիչը , որովհետեւ ՊՆ-ն համագործակցում է թե ՀԱՊԿ-ի, թե ՆԱՏՕ-ի հետ»,-ասում է Ստյոպա Սաֆարյանը եւ հավելում, որ այս առումով Սեյրան Օհանյանը նաեւ տեսականորեն է բավարարում այդ չափանիշները:

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահն էր, իսկ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար:  

Պաշտպանության գործող նախարար Սեյրան Օհանյանի հեղինակության բարձրանալու վրա, ըստ վերլուծաբանի ազդեցություն ունեցավ նաեւ հայ-ադրբեջանական սահմանին ամառային լարվածության ընթացքում հայկական բանակի հակազդեցությունը, ու թեեւ ուղղաթիռի վթարը նրա իմիջի որոշակի անկում ապահովեց, բայց, ըստ Սաֆարյանի հատուկ գործողությունը ինչ-որ չափով կոմպենսացրեց դա:

«Անհրաժեշտ ռեսուրսը կա՝ Սեյրան Օհանյանը ոչ միայն մտնում է ապագայի կապակցությամբ Սերժ Սարգսյանի քաղաքական սցենարների մեջ, այլեւ առկա է նաեւ քաղաքական կապիտալ, որը կարող է քարոզչության հիմք դառնալ»,-եզրափակում է Ստյոպա Սաֆարյանը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am