Երկու օրից Երեւանում կմեկնարկի Տանգոյի երեւանյան միջազգային փառատոնը, որի շրջանակներում համերգային ծրագրով հանդես կգա մեր ժամանակների լեգենդար երաժիշտներից մեկը` Ռիչարդ Գալլիանոն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Նախարարության հաղորդագրության համաձայն, համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու տանգո երաժշտություն` Աստոր Պիացոլլայի, Ռիչարդ Գալլիանոյի և այլ կոմպոզիտորների տեղծագործություններից:
Ռիչարդ Գալլիանոն լինելով ակորդեոնի և բանդոնեոնի բարձրարվեստ կատարող, ամենահեղինակավոր բեմերից հնչեցնում է իր հեղինակած տանգո երաժշտությունը՝ դարձնելով այն այսօրվա ամենացանկալի ու ամենահայտնի երաժշտական ժանրերից մեկը:
«Երբ ինձ զգում եմ որևէ ժանրում կամ ոճում սահմանափակված` միանգամից ուզում եմ ջարդել այդ սահմանները: Նախընտրում եմ պարզապես ներկայանալ երաժիշտ», – ասում է Ռիչարդ Գալլիանոն:
Գալլիանոն երեւանյան փառատոնում հանդես է գալու երեւանյան հայտնի «Կադանս» անսամբլի հետ:
«Կադանսը» մեծ հաջողությամբ հանդես է եկել Արգենտինայում, Լիտվայում, Չինաստանում Կանադայում, Կիպրոսում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում եւ մի շարք այլ երկրներում:
© Medialab.am