Գալուստ Սահակյանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը

Գալուստ Սահակյանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը։
Ներկայացնում ենք հարցազրույցը ամբողջությամբ.

Հարց. – «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) հրաժարվեց կոալիցիա մտնել, ինչպե՞ս կարձագանքեք Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությանը:

Գալուստ Սահակյան. – Արձագանքելու համար այսօր մենք գործադիր մարմնի նիստ ունենք, կվերլուծենք, մեր տեսակետը կարտահայտենք:

Հարց. – Այսինքն` ընդդիմություն է դառնում ԲՀԿ-ն։

Գալուստ Սահակյան. – Կարծում եմ, [Գագիկ Ծառուկյանի հայտարարության] տեքստը այնպիսին է, որ կառուցողական մոտեցումներ [կունենան] յուրաքանչյուր խնդրում:

Հարց. – Երեք շաբաթ քննարկումներ ընթացան, ի՞նչն էր պատճառը, որ չկարողացաք համոզել ԲՀԿ-ին մտնել կոալիցիա:

Գալուստ Սահակյան. – Ես այդ համոզմանը չեմ, որ երեք շաբաթ քննարկումներ են կայացել եւ Հանրապետականը խնդիր է ունեցել համոզել ԲՀԿ-ին մտնել կոլիցիա: Կոալիցիա մտնելու համար յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում:

Հարց. – Դուք ինչո՞վ եք բացատրում Գագիկ Ծառուկյանի որոշումը:

Գալուստ Սահակյան. – Կարծում եմ` ես չպետք է բացատրեմ, ԲՀԿ-ն ինքը, կարծում եմ, կմանրամասնի:

Հարց. – Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ԲՀԿ-ն պահանջել է իրենց տալ վարչապետի պաշտոնը, եւ դա չստանալով` հրաժարվել է կոալիցիա մտնել:

Գալուստ Սահակյան. – Նման խոսակցություններ` ո՛չ սովորական եւ ո՛չ էլ կուլիսների ետեւում, երբեւէ չի եղել:

Հարց. – Գագիկ Ծառուկյանի այս քայլից հետո ճնշումներ չե՞ն սկսվի ԲՀԿ-ի դեմ:

Գալուստ Սահակյան. – Ոչ միայն ԲՀԿ-ի դեմ, այլ ընդհանրապես որեւէ ճնշման մասին խոսք լինել չի կարող:

Հարց. – Իսկ չի՞ տուժի Հանրապետականը` հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ:

Գալուստ Սահակյան. – Որեւէ տուժելու խնդիր չի լինի, բացի դրանից` ես չեմ էլ կարծում, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության ճանապարհներ չկան:

Հարց. – Փաստորեն, դուք միայն «Օրինաց երկիր»-ի հետ կոալիցիա կկազմեք:

Գալուստ Սահակյան. – Կանխատեսելի է դա:

© Medialab.am