Պոլիէթիլենային տոպրակներն ամբողջովին կարգելվեն՝ անկախ հաստությունից. օրենքի նոր փոփոխություններ են առաջարկվել

Պոլիէթիլենային տոպրակները ամբողջովին կարգելվեն՝ անկախ հաստությունից. օրենքի նման փոփոխության նախագծի մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից: Ներկայումս նախագիծը հանրային քննարկման է ներկայացված միասնական կայքում:

Հիշեցնենք, որ անցած տարվա հունվարի 1-ից, բնապահպանական նկատառումներից ելնելով և բնության վրա պլաստիկի անդառնալի վնասը նվազեցնելու նպատակով, Հայաստանում օրենքի համաձայն արգելվեց մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը։ 

2022-ի հունվարի 5-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ներկայացնելով հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի մասին օրենքը, հայտարարել էր. «Պոլիէթիլենային տոպրակներ արտադրողները պետք է հարմարվեն նոր իրավիճակին ու կարողանան փոխել իրենց արտադրական կարողությունները»: 

«Պոլիէթիլենային և պլաստիկից պատրաստված իրերը շատ մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, և, կարծում ենք՝ սա շատ կարևոր արգելք է: Կարող եմ ասել, որ սա Կառավարության գործող և նախորդ ծրագրով առաջնահերթություն է համարվում: Հունվարի 1-ից ՏԻՄ-երը պետք է ակտիվորեն ներգրավվեն այս գործընթացում և ապահովեն օրենքի կիրառումը»,- նշել էր Հակոբ Սիմիդյանը:

Պոլիէթիլենային տոպրակների արգելքից մեկ տարի անց արձանագրվեց հակառակ երևույթը՝ օրենքը ցանկալի արդյունք չի տվել: Անարդյունավետությունը տարբեր մասնագետներ պատճառաբանել են հանրության մոտ իրազեկվածության պակասով, վարքագծով, ինչպես նաև վերահսկողության բացակայությամբ: 

Իսկ տոպրակ արտադրողները իրապես հարմարվեցին և շեշտակի ավելացրին արտադրական կարողությունները՝ ի հակառակ նախարարի հայտարարության ու ակնկալիքների: 

Պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում պոլիէթիլենի արտադրության ծավալը 2022-ի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա համեմատ աննախադեպ աճ է գրանցել՝ հասնելով առնվազն 47%-ի: 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 5800 տոննա տոպրակի փոխարեն 2022-ին կիրառումը անցել է 8500 տոննայից: 

Չնայած նախատեսված տուգանքին՝ 20-30 հազար դրամ, վերահսկողությունը տապալվեց, որը մեծ մասամբ պայմանավորված է նաև նրանով, որ վերահսկողությունը ոչ թե տեսչական մարմինների վրա էր, այլ ՏԻՄ-երի, որոնք էլ իրենց հերթին ասում էին, որ բավարար գործիքակազմ և մարդկային ռեսուրսներ չունեն, որ վերահսկեն: Սուպերմարկետներում ուղղակի սկսեցին չարգելված հաստ տոպրակներ վաճառել, իսկ ավելի փոքր, լոկալ խանութները մեծ մասամբ շարունակեցին տրամադրել արգելված բարակ տոպրակներ: 

«Օրենքը 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում հասարակության բնապահպանական մշակույթի ոչ բավարար մակարդակի, ոչ արդյունավետ վերահսկողության իրականացման և մի շարք այլ պատճառների հետևանքով երկրում պոլիէթիլենային փաթեթվածքի արտադրության ծավալների էական կրճատում չարձանագրվեց, գործող մասնակի արգելքը չունեցավ ցանկալի արդյունք, և կանխատեսումները չիրականացան ամբողջական ծավալով»,- մասնավորապես նշված է նոր օրենսդրական կարգավորման հիմնավորման մեջ:

Նոր օրենսդրական կարգավորումներով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների հետ կապված արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների): 

Փոփոխությունը կառնչվի նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի, կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների տրամադրման վրա: 

Վերահսկողությունը դրվելու է Շուկայի վերահսկողության տեսչականի մարմնի վրա, ինչը կարևոր փոփոխություն է, քանի որ ի տարբերություն ՏԻՄ-երի, տեսչական մարմինը պետք է որ անհամեմատ արդյունավետ իրականացնի վերահսկողությունը: 

«Հանրապետությունում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների և սպասքի, խոհանոցային ու կենցաղային պարագաների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման»,- նշված է հիմնավորման մեջ ,- պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի օգտագործման ժամանակահատվածը շատ կարճ է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի: 

Նոր կարգավորումներով առաջարկվում է մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների հետ կապված արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա: 

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից:

Էմմա Մանուկյան

MediaLab.am