«Պատվաստվեցի, քարտն անմիջապես նկարեցի, ուղարկեցի Իրանի բարեկամներիս, բոլորն ինձ շնորհավորեցին»․ Մարզիեհ Ռեզաեի

Իրանցի 44-ամյա Մարզիեհ Ռեզաեին Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո քարտը նկարել և ուղարկել է Իրանում ապրող բարեկամներին։ Ասում է՝ պատմական իրադարձություն է։ Մարզիեհ Ռեզաեին Հայաստանում պատվաստվել է, մինչդեռ Իրանում բնակվող հարազատները սպասում են իրենց հերթին, այնտեղ դեռ միայն 80-ն անց անձինք կամ ռիսկի խմբում գտնվողները կարող են պատվաստվել:

«Առաջինը մենք էինք, որ պատվաստվեցինք, ես քարտն անմիջապես նկարեցի, ուղարկեցի Իրանում բնակվող բարեկամներիս, բոլորն ինձ շնորհավորեցին»,- ժպտալով ասում է Մարզիեհը։


Նշում է, որ հայրենիքում՝ Իրանում, կորոնավիրուսով պայմանավորված սարսափելի օրերը շարունակվում են․ «Իրար հետ Whats up-ով են շփվում կամ էլ դրսում շատ մեծ հեռավորության վրա են հանդիպում։ Շատ դժվար է, այնտեղ ընդհանրապես շփում չկա, քանի որ զոհերի թիվը շատ մեծ է, մարդիկ շատ վախեցած են»։

Մարզիեհն ասում է՝ որոշել է հնարավորինս շուտ պատվաստվել, քանի որ և՛ վախենում էր հիվանդանալուց, և՛ ուզում էր մեկուսացած կյանքին շուտափույթ հրաժեշտ տալ։ 

«Մեր ընտանիքը համարյա մեկուսացած էր, ես ուզում էի շուտ էդ մեկուսացումից ազատվել, դրա համար անմիջապես պատվաստվեցի, չեմ սիրում մեկուսացած ապրել»,- ասում է նա։

Մարզիեհի Հայաստանում բնակվող իրանցի բոլոր ընկերները նույնպես արդեն պատվաստվել են։

Մարզիեհն ասում է, որ լսել է՝ կան մարդիկ, որոնք Իրանից Հայաստան կամ այլ երկիր են գնում պատվաստվելու նպատակով, քանի որ Իրանում պատվաստանյութը դեռևս միայն ռիսկի խմբի համար է հասանելի, և տարիքային շեմ է գործում։

Մարզիեհի Հայաստանում բնակվող հայ ընկերները զարմանքով են ընդունել պատվաստվելու նրա որոշումը և առաջարկել են գոնե մեկ տարի սպասել, բայց նա իր որոշման մեջ անդրդվելի է մնացել։

«Իմ հայ ընկերներն ասում էին՝ ինչո՞ւ ես պատվաստվում, նախատում էին նման քայլի համար։ Ես նրանց այս օրինակը բերեցի, թե քանի որ իմ բարեկամներից մեկը ժամանակին, օրինակ՝ կարմրուկի դեմ չէր պատվաստվել, հիմա մի ամբողջ կյանք ինքը կույր է։

Պատվաստումը շատ կարևոր է, որովհետև եթե պատվաստում չլիներ, մարդկությունը կոչնչանար, չէր կարող գոյատևել»,- ընդգծում է նա։

Մարզիեհն ասում է, որ այժմ ուրախ է, որ կարող է հանգիստ շփվել ու տնից դուրս գալ։

Մարզիեհ Ռեզաեին ընտանիքի հետ արդեն 4 տարի է՝ Հայաստանում է ապրում։ Իրանից Հայաստան սկզբում տեղափոխվել են Կանադա մեկնելու նպատակով, սակայն փաստաթղթերի պատրաստման փուլում այնքան են հավանել Հայաստանը, որ որոշել են ոչ մի տեղ էլ չգնալ ու հաստատվել այստեղ։

«Մի քիչ որ այստեղ ապրեցինք, շատ սիրեցինք։ Այստեղ ամեն ինչ լավ է, շատ սիրուն է, հանգիստ է, մարդիկ բարի են, դուրս եկան։

Ապրելու համար հարմար է, երեխաներս էստեղ համալսարան են գնում, չէին պատկերացնում, որ կկարողանան էստեղ սովորել, և հիմա մենք շատ ենք սիրում, գոհ ենք։ Ընտանիքով ապրում ենք ու ընդհանրապես այստեղից գնալու նպատակ չունենք։ Ես էստեղ ինձ հայաստանցի եմ համարում»,- ժպիտով ասում է Մարզիեհ Ռեզաեին։

Մարզիեհը Հայաստանում բնակվող մյուս քաղաքացիների պես պատերազմի օրերին ծանր ապրումներ է ունեցել։ Ասում է՝ պատերազմի մասին անգամ մտածելիս հուզվում է։

«Երբ խոսք է լինում պատերազմի մասին, ակամայից հուզվում եմ, հիմա էլ հուզվեցի, որովհետև ես ութ տարի ապրել եմ մի երկրում, որտեղ 8 տարի պատերազմ եմ տեսել՝ Իրան-իրաքյան պատերազմը։

Ես վերհիշում էի այդ պատերազմի սարսափները և ծանոթներիս ասում էի՝ պատերազմի հետևանքները երկար են տևելու։ Չնայած այդ պատերազմից 30 տարի ա անցել, բայց դեռ հետևանքները կրում ենք՝ զոհվածներ, ավերված տներ ու քաղաքներ, սարսափելի զգացողություն է։

Ես ամեն օր էդ հույսով էի, որ Հայաստանում խաղաղություն հաստատվի, որովհետև չէի ուզում, որ այս երկրում մարդիկ այդ արհավիրքը կրեին, սարսափելի օրեր էին։ Ուրախ եմ, որ կամաց-կամաց վերադառնում ենք նորմալ կյանք, և ես բարձր գնահատեցի խաղաղության քայլը, որովհետև ամեն դեպքում ես խաղաղության կողմնակից եմ։ Չեմ ուզում, որ այն, ինչ տեսել են իմ հայրենիքը, Իրանի ժողովուրդը, տեսներ հայ ժողովուրդը»,- ասում է Մարզիեհը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am