ԱԺ պատգամավոր Մաիրա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր Ազգային ժողովը սկսեց քննարկել «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին փաթեթը, որը բարելավում է նաև մարդու իրավունքների տեսանկյունից։
Օգտվելով առիթից, սիրելի քաղաքացիներ, եկեք փորձենք նաև մեր բառապաշարը բարելավել։
Եվ այսպես չի կարելի հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդուն անվանել «հոգեկան հիվանդ», որովհետև դա նկարագրում է մարդուն որպես հիվանդություն։
Նմանապես չի կարելի օգտագործել վիրավորական բառեր, ինչպիսիք են «գիժ», «հոգեկան», «շիզոֆրենիկ», «հիստերիկ» և այլն, քանի որ այս բառերը նույնպես նույնացնում են մարդուն և իր հիվանդությունը։
Իսկ եթե այս բառերը օգտագործվում են հոգեկան առողջության խնդիր չունեցող մարդուն նկարագրելու համար, ապա սխալ խտրական խոսքը ավելի է սրվում, որովհետև հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդու հատկանիշը օգտագործվում է մեկ այլ մարդու արժանապատվությունը նվաստացնելու համար՝ կարծես թե հոգեկան առողջության խնդիր ունենալը նվաստացուցիչ է։
Կարևոր է նաև հիշել, որ հոգեկան առողջության տարբեր խնդիրներ կարող ենք ունենալ բոլորս, ու կարևոր է, որ կարծրատիպերը չստիպեն մարդուն թաքցնել խնդիրները։ Որպես հոգատար հանրություն՝ մենք պետք է ճնշում չդնենք մարդկանց վրա, և խրախուսենք խնդիրներ ունենալու պարագայում դիմել օգնության»: