Նոր քննիչ հանձնաժողովի կազմի մասին հարցը կքննարկվի սեպտեմբերին մեկնարկելիք ԱԺ նիստում․ ԱԺ նախագահի հայտարարությունը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, որում նշվում է հետևյալը․

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը  կքննարկվի Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում»:

Նշենք, որ քննիչ հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությունը խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններին է՝ ԼՀԿ-ինը և ԲՀԿ-ինը։