«Իշխանությունից սպասում են բյուրեղապակյա իդեալական պահվածք՝ մոռանալով, որ մարդիկ են աշխատում, ովքեր հաց են ուտում, ջուր են խմում»․ Լիլիթ Պիպոյան

01-02-2019
872 դիտում
«Իշխանությունից սպասում են բյուրեղապակյա իդեալական պահվածք՝ մոռանալով, որ մարդիկ են աշխատում, ովքեր հաց են ուտում, ջուր են խմում»․ Լիլիթ Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգչուհի Լիլիթ Պիպոյանը:

- Տիկի՛ն Պիպոյան, վերջին շրջանում բուռն քննարկվում է նախորդ տարեվերջին պետական հաստատություններում հատկացված պարգևավճարների հարցը: Ինչո՞ւ հասարակությունն այսքան բուռն արձագանքեց այս հարցին:

- Որովհետև հանրությունը նոր իշխանություններից սպասում է իր պատկերացմամբ իդեալական, կատարյալ վարքագիծ: Դա այն դեպքում, երբ կոնկրետ առանձին մարդիկ իդեալական չեն, և իրենց վարքագիծն էլ իդեալական չէ: Բայց մարդիկ իշխանությունից սպասում են բյուրեղապակյա իդեալական պահվածք, որ նրանք լինեն անձնուրաց, ծառայեն, ոչինչ չունենան՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների:

Այսինքն՝ նախկինների հետ կոնտրաստով են կառուցում պատկերը՝ մոռանալով այն մասին, որ իշխանության մեջ մարդիկ են աշխատում, ովքեր հաց են ուտում, ջուր են խմում: Մարդիկ են, ովքեր պետք է աշխատանքի դիմաց վարձատրվեն: Կարծես հասարակությունն ուզում է, որ նոր իշխանությունը նախորդի մեղքերը քավի, քավության նոխազ են դարձնում, կարծես նրանց մեղքերը նորերը պետք է քավեն: Բայց նախկինների մեղքերը նախկինները պետք է քավեն:

- Իսկ հասարակության այդ պահանջի ո՛ր հատվածն է արդարացի:

- Ես գտնում եմ, որ խոշոր առումով անարդար է: Գիտեք ո՛ր մասով է անարդար, այն մասով, որքանով նոր իշխանությունն անփորձություն է ցուցաբերում իր աշխատանքում: Բայց տեսլականի, տրամադրվածության, գաղափարի իմաստով մարդիկ շատ անարդար են, որովհետև ես գոնե առայժմ նոր իշխանության մեջ տեսնում եմ բացարձակ նվիրում ու կատարյալ ազնվություն: Թերացումները վերագրվում են միայն անփորձությանը, ոչ թե չար միտումին:

- Երբ մի քանի միլիոն դրամով պաշտոնյաներն իրենք իրենց պարգևատրել են, նրանցից ոմանք դա հիմնավորում են նրանով, որ կոռուպցիոն գործընթացներից զերծ մնան: Սա կոռուպցիայի դեմ պայքարի լավագո՞ւյն միջոց է:

- Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանելուց, բայց ընդունված կարծիք կա, որ որպեսզի դատավորը կաշառք չվերցնի, պետք է բարձր վարձատրվի, որպեսզի բժիշկը կաշառք չվերցնի, պետք է բարձր վարձատրվի: Պետք է գոնե մարդն այնքան բավարարված լինի իր վարձատրությամբ, որ աչք չդնի լրացուցիչ գումարի վրա: Այն մարդիկ, ովքեր կաշառք վերցնելու հնարավորություն ունեն, եթե դժվարությամբ են ապրում, շատ դժվար է նրանց այդ կաշառքից հետ պահելը: Նրանց կա՛մ վախը պետք է հետ պահի, կա՛մ խիղճը: Իսկ երկուսն էլ մարդ ինչ-որ պահի կարող է կորցնել: Դրա համար երևի ճիշտ է, որ նրանք բարձր վարձատրվեն, բայց թե որքանով, ինչ չափով, ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանելուց: Կարծում եմ՝ պարգևատրումներ անելիս նրանք ելել են իրենց ֆոնդերի հնարավորություններից:

- Երևանի քաղաքապետը հրապարակեց պարգևատրման գումարների չափերը, ձեզ մոտ՝ որպես ավագանու անդամի, հարցեր չմնացի՞ն:

- Ես կարծում եմ, որ եթե նա մեկ աշխատավարձի չափով է մարդկանց պարգևավճար տվել, դա նորմալ է: Առավել ևս, որ ինքս տեսել եմ, թե ինչ կատաստրոֆիկ ռեժիմով են նրանք աշխատել վերջին ամիսներին: Չեմ կարող դա ասել քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմի մասին, բայց ղեկավար կազմն ուղղակի օր ու գիշեր էր աշխատում:

- Վերջին օրերին քննարկվում է Հայաստանի օրհներգը փոխելու հարցը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է նման քննարկում առաջ քաշել: Դուք կո՞ղմ եք օրհներգի փոփոխությանը:

- Ես համաձայն եմ իր հետ: Մեր գործող հիմնի տեքստը համարում եմ թույլ, ես կարծում եմ, որ այդ տեքստն իր մեջ չունի մղիչ ու առողջ ուժ դեպի ստեղծարար աշխատանքը, դեպի ազգային արժանապատվության բարձրացում: Եվ այն, որ ինքը մի տեսակ հարմարեցված է, տեքստը փոխված է, դրա մեջ կեղծիք կա: Ոնց որ մի տեսակ թքած-կպցրած հիմն լինի: Հիմնը պետք է ժողովրդին ծրագրավորի, իր մեջ պետք է ծրագիր ունենա: Ընդ որում, տեքստը շատ կարևոր է, որպեսզի այդ տեքստը երգելիս մարդիկ լցվեն հպարտությամբ, ուժով:

Նախորդ հիմնի մեջ ես այդ բանը չեմ տեսել: Մեղեդին ևս երաժշտական առումով թույլ է, ես չեմ հավանում: Բայց ես նաև դեմ եմ, որ Արամ Խաչատրյանի մեղեդին լինի, ինչը քննարկվում է վերջին օրերին: Ես դրան էլ եմ դեմ, որովհետև դա ինձ տանում է դեպի խորհրդային շրջան: Երկրորդ՝ ես նաև տեքստը կարդացի, որն առաջարկվում է, այդ տեքստը ևս ուռճացված է, մի տեսակ դատարկ:

Անցյալի վրա հիմնված տեքստ է դա, որն իր մեջ գաղափար չունի: Դա այն իդեան է, որը մենք շատ ենք շահարկել, որ հին ենք, բայց նոր հիմնը պետք է իր մեջ առաջընթաց պարունակի: Պետք է լինի նոր հիմն, պետք է մրցույթ հայտարարվի, և լավագույն ուժերը պետք է աշխատեն դրա վրա: Կա՛մ կստացվի, կա՛մ չէ:

- Իսկ հանրային քննարկման պե՞տք է դրվի հարցը:

- Ես մի ոչ պոպուլյար միտք կարտահայտեմ՝ ամեն ինչը չէ, որ պետք է դրվի հանրային քննարկման: Կան հարցեր, որոնք պետք է պրոֆեսիոնալները լուծեն: Միգուցե հիմա իմաստ չունի հանրային քննարկման դնել այս հարցը: Ընդհանրապես շատ կարևոր է, որ արհեստավարժ մարդիկ խնդիրները լուծեն:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am