«Մարդը աղքատ է, որովհետև իր ոչ մի գործողության համար պատասխանատվություն չի ուզում կրել»․ Լալա Մնացականյան

07-03-2019
900 դիտում
«Մարդը աղքատ է, որովհետև իր ոչ մի գործողության համար պատասխանատվություն չի ուզում կրել»․ Լալա Մնացականյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դերասանուհի Լալա Մնացականյանը:

- Տիկի՛ն Մնացականյան, վերջին օրերին մշակույթի որոշ օջախների լուծարման հարցն է օրակարգում: Մասնավորապես, մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը չի հերքել, որ նախարարությունում քննարկվել են նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների լուծարման, վերակազմավորման հարցերը, այդ թվում՝ շոշափվում է նաև համազգային թատրոնի լուծարման հարցը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս դիրքորոշմանը:

- Ես որքանով տեղյակ եմ, խնդիրը հետևյալն է՝ քանի որ համազգային թատրոնը գործում է թատրոնի և կինոյի ինստիտուտի շենքում, ուզում են ներառել ինստիտուտի կազմի մեջ: Բայց այդ դեպքում կտուժեն և՛ ինստիտուտը, և՛ թատրոնը, որովհետև համազգայինը կայացած ու լավ թատրոն է: Ես ինչքան տեղյակ եմ, հարևանությամբ շենք էին կառուցում թատրոնի համար, և նրանք առանձնանալու էին: Ի՞նչ է լինելու այդ շենքի ճակատագիրը, ինչու լուծարել կամ վերացնել մի թատրոն, որը մեկուկես տարի հետո ունենալու է իր շենքը: Ես չեմ կարծում, որ արդեն կայացած թատրոնը, որն ապահովել է բավական բարձր մակարդակ և լավ դերասանական կազմ ունի, ամեն տարի հաստատում է իր գոյությունը, պետք է վերցնել ու լուծարել: Ես կարծում եմ, որ դա բավական անլուրջ ու անխոհեմ քայլ է:

- Արդեն 10 ամիս է՝ նոր իշխանություն կա երկրում, մշակույթի նկատմամբ պետական վերաբերմունքի փոփոխություն նկատո՞ւմ եք:

- Ո՛չ, չեմ զգում: Ես միշտ ասել եմ ու կասեմ՝ ամենախոցելի տեղը մշակույթն է, հատկապես թատրոնը ամենավտանգավոր ու ամենափխրուն ոլորտն է: Մենք անգամ թատրոնի պաշտպանության մասին օրենքներ չունենք: Այսինքն՝ այդ դաշտը մեզ մոտ բավական անկայուն է, ով գալիս է՝ առաջինը կպնում է թատրոնին: Այսօր բավական ծանր է թատրոնների վիճակը, եթե թատրոններն անցնեն ինքնաֆինանսավորման, իրենք չեն կարողանա իրենց պահել: Այո՛, ամբողջ աշխարհում մեկ-երկու թատրոն է ֆինանսավորում պետությունը, բայց մեզ մոտ չգիտեմ՝ դա ինչպես կգործի, արդյոք այդ օրենսդրությունը հօգուտ թատրոնի կգործի:

Մենք ունենք կայացած թատրոններ, և կարծում եմ՝ այն թատրոնները, որոնք կայացած են, նրանց ձեռք տալ չի կարելի: Թատրոնը պետության հովանու ներքո երբեք չի եղել, և այսօր էլ վերաբերմունքի փոփոխություն չեմ տեսնում: Միայն հասկանում եմ, որ թատրոնն էլի հայտնվեց փշալարերից այն կողմ: Թատրոնի մարդիկ կոպեկով աշխատող նվիրյալներ են, նրանք իրենց ամբողջ կյանքը դնում են թատրոնի կայացման մեջ, վերջում պարզվում է՝ ոչինչ չունեն: Թատրոնը Հայաստանում շատ ցավալի վիճակում է, ես չեմ խոսում շոուների մասին, որովհետև շոուներով դու երկրի մշակույթ չես ներկայացնում: Երբ մենք փառատոն ենք գնում, մենք այդ փառատոնին ներկայացումով ենք ներկայանում, ոչ թե շոուներով:

- Վերջերս վարչապետը մարդկանց կոչ արեց գլխից հանել աղքատությունը, ինչը բուռն քննարկվում էր: Հասկանալի է, որ խոսքն այն մասին է, որ մարդիկ պետք է փոխվեն: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի մասին:

- Գլխում եղած աղքատություն նշանակում է՝ ես պատասխանատու չեմ իմ կյանքի համար, տվեք ինձ աշխատանք: Իսկապես աշխատանք գտնելը դժվար է, բայց մարդը պետք է ստեղծի: Այո՛, չկա աշխատանք, բայց դու պետք է ստեղծես: Ես ծանոթներ ունեմ, ովքեր այստեղ չհամաձայնվեցին աշխատել, գնացին արտերկիր, աշխատում են օրական 16-17 ժամ, հազիվ են ծայրը ծայրին հասցնում: Դու եթե հայտնվես ԱՄՆ-ի նման մի դաժան երկրում կամ Եվրոպայում, չես կարող առանց աշխատելու ապրել: Այստեղ ասում են՝ գործ չկա: Գործ կա, այլ հարց է, որ այն գործը չկա, որը ես եմ ուզում:

Ուրեմն դո՛ւ ստեղծիր, մտածիր, քայլեր արա, առանց քայլերի ու գործողությունների ոչինչ չի լինում: Պատկերացրեք՝ ես այսքան աշխատում եմ, միշտ մտածում եմ՝ էլ ի՞նչ կարելի է անել: Ես երբեք անգործ չեմ նստել, որովհետև գտնում եմ, որ մարդը մինչև իր վերջին շունչը պետք է աշխատի: Մարդը ստեղծված է արարելու համար, ոչ թե նստի բազմոցին ու ասի՝ գործ չկա: Այլ հարց, որ մարդը հիվանդ է, ինչ-որ խնդիրներ ունի, նրանց մասին չէ խոսքը: Բայց եթե դու ոտք ունես, ձեռք ունես, խելք էլ ունես գլխիդ և 40-45 տարեկան ես, ոչ թե 80, ուրեմն բարի եղիր աշխատանք ճարել:

- Հիմնական քննադատությունն այն է, որ մարդիկ ասում են՝ նախ կառավարությունը թող մարդկանց աշխատելու հնարավորություն, աշխատատեղեր ստեղծի, հետո պահանջի աշխատել:

- Բայց ի՞նչ հնարավորություններ ստեղծի: Իմիջիայլոց ասեմ՝ Ամերիկայում ոչ մեկը հնարավորություն չի ստեղծում: Ձեզ թվում է՝ այնտեղ բոլորը լա՞վ են ապրում, դուք գիտե՞ք ինչ դաժան կյանքով են ապրում: Բայց ինչո՞ւ է այդպես, որ այն մարդը, ով այստեղ չի աշխատում, գնում է այնտեղ ու աշխատում է: Այսինքն՝ այն մարդը, ով երիտասարդ է, առողջ է, բայց մտածում է, թե իր համար ինչ կանեն, այդ մարդու գլխի մեջ միայն աղքատություն է, մուրացկանի հոգեբանություն:

- Կա տեսակետ, որ մարդկանց գիտակցված հասցրել են այդ վիճակի, օրինակ՝ վարչապետն էլ ասաց, որ նախկին իշխանությունների օրոք մարդկանց գիտակցված աղքատ են պահել, որպեսզի ընտրակաշառքով վերընտրվեն: Հե՞շտ է փոխել այդ վիճակը:

- Իհարկե դա եղել է: Ժողովրդի կոդը փոխում են, բա 25-30 տարի մենք ընկանք այդպիսի ոլորապտույտի մեջ: Այնքան շատ էր անարդարությունը, մարդը կոպեկներով էր աշխատում: Իրենք ասում էին՝ դուք այսպիսին պետք է լինեք, հիմա այս մարդն ասում է՝ ես ձեզ տալիս եմ հնարավորություն: Պետք է փոխվել, բայց այսօր հետևյալ հոգեբանությունն է՝ ես գործ չունեմ, դու ես մեղավոր: Եվ մեղավորներ են փնտրում, դա աղքատ մարդու հոգեբանություն է: Մարդը աղքատ է, որովհետև իր ոչ մի գործողության համար պատասխանատվություն չի ուզում կրել:

Այսինքն՝ մարդը կարծում է, որ չպետք է աշխատի, ներդրում չպետք է անի, բայց դու պարտավոր ես իրեն օգնել: Դա վարչապետը չի ասել, որ աղքատությունը ուղեղների մեջ է, նրանից առաջ այդ մասին շատ հանճարեղ մարդիկ են ասել: Եվ դա մի ուղղություն է եղել, թե ինչպես մարդկանց փրկել աղքատությունից: Մարդը պետք է իմանա, որ պատասխանատու է իր աշխատանքի, կյանքի ու նաև առողջության համար:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am